Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է. վարչապետ

19:07 31.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ միասին նրանց հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ:

Ձեզ ենք ներկայացնում վարչապետի ողջույնի խոսքն ամբողջությամբ․

«Սիրելի աշակերտներ և շրջանավարտներ,
հարգելի հյուրեր,
ինչո՞ւ է այսօրվա իրադարձությունն այսքան կարևոր, և ինչո՞ւ ենք այսպիսի հանդիսավոր պայմաններում իրականացնում այս մրցանակների և նվերների հանձնումը: Դրա պատճառը շատ պարզ է, որովհետև բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է:

Այն ամենն, ինչ դուք այստեղ տեսնում եք և ինչի հետ առնչվում եք, կապված է կրթության հետ. եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած եք, որովհետև մարդը, մինչև աթոռ պատրաստելու ընդունակությունը սովորելը, անցել է կրթության ճանապարհով: Այսինքն՝ կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, հագուստ, էլ չեմ ասում՝ բարձրախոս, տեսախցիկներ, ինտերնետ և, ի վերջո, թռչել տիեզերք, և, ի վերջո, ստեղծել բազմաթիվ գիտական և գեղարվեստական ստեղծագործություններ: Ի վերջո, կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ ուրիշ մարդու և ընդհանրապես մարդու իրավունքը, ուրիշ մարդու նկատմամբ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարևոր բանն է:

Այն, որ ամենակարևորը կրթությունն է, երևում է ևս մեկ հանգամանքով: Օրինակ, ասում են, որ այսօր մարդկությունը հասել է քաղաքակրթության ամենաբարձր մակարդակի, այսինքն՝ այսօրվա աշխարհը նկարագրելու համար օգտագործում ենք «քաղաքակրթություն» բառը: Մենք դրանով խորհրդանշում ենք, որ մարդկությունը կրթության միջոցով այսօր հասել է իր զարգացման բարձրագույն կետին:
Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է այսօրվա Հայաստանում՝ նոր Հայաստանում, որովհետև ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, և ինչ է տեղի ունեցել արդեն: Ուզում եմ ձեզ ներկայացնել հաջողության նոր բանաձևը նոր Հայաստանում: Սովորաբար ինչպե՞ս էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում. անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են:

Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից և մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է ամենակարևոր արձանագրումը:

Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար, և վաղն էլ է այդպես լինելու և սրանից հետո միշտ է այդպես լինելու, անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, ավարտած ցանկացած այլ մասնագիտության կամ զբաղմունքի տեր անձնավորությամբ, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է կրթությունը շարունակում իր համար ամենօրյա անելիք լինել:

Հայաստանի Հանրապետությունում և, ցավոք, շատ տեղերում սովորաբար կրթություն ասելով՝ հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները, լավագույն դեպքում՝ ուսանողները: Բայց կրթությունը 21-րդ դարի յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է, կրթությունը 21-րդ դարի մարդու ամենակարևոր զբաղմունքն է: Ես սիրում եմ ասել, որ յուրաքանչյուր մասնագիտության տեր անձնավորություն, անհատ, յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունն ու ներուժը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, ավելի բարձր կրթական ցենզ չունի, քան նախորդ օրը:

Եվ, ի վերջո, կրթությունն ամենակարևոր միջոցն է սեփական առաքելությունը գտնելու համար: Ընդհանրապես, կարծում եմ, որ ցանկացած մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն: Այդ առաքելությունը մեր երկիրը, մեր երկիր մոլորակն ավելի լավը դարձնելն է, և միայն կրթության միջոցով, կրթության ճանապարհով անցնելով՝ մարդը կարող է հասկանալ, թե որն է իր աշխարհ գալու նպատակը, ինչ առաքելություն ինքը կարող է իրականացնել և պետք է իրականացնի՝ երկիր մոլորակը, սեփական հայրենիքը և միջավայրն ավելի լավը դարձնելու համար:

Մենք այս արարողությունն անում ենք նման հանդիսավոր պայմաններում, որովհետև դուք բոլորդ, վստահաբար, շատ ամուր քայլերով եք առաջ գնում սեփական առաքելությունը գտնելու ճանապարհով, կրթության ճանապարհով, այստեղ ընթերցվում էր ձեզնից յուրաքանչյուրի անուն-ազգանունը և նշվում էր «լավագույն արդյունք» բառակապակցությունը: Ես հույս ունեմ, որ մեր և ձեր գործունեության ընթացքում, երբ մենք խոսելիս լինենք Հայաստանի տնտեսության մասին, միջակետ կդնենք և կավելացնենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսելիս լինենք Հայաստանի առողջապահության մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանի անվտանգության մակարդակի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանում բնակչության թվի ավելացման, աճի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք մարդու, քաղաքացու երջանկության ցուցանիշների մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, լավագույն կառավարման, օրենքի իշխանության մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը: Հույս ունեմ, որ ինչպես դուք եք այսօր վստահ քայլերով գնում դեպի լավագույն արդյունքը, մենք բոլորս՝ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, վստահ և ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք դուք, կեցցե՛նք մենք, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP