Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով. Արտակ Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով. Արտակ Բեգլարյան

17:16 20.10.2023

Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նոր և ծանրագույն քաղաքական ու հումանիտար իրավիճակ է ձևավորվել, որից բխող նոր անելիքներ կան Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների համար: Ես կառանձնացնեի հետևյալ անելիքները՝

1. Ձևակերպել և հանրահռչակել հստակ քաղաքական օրակարգ ու նպատակներ, որոնցից կարևոր եմ համարում հետևյալները՝
Ա. Պահպանել և վերագործարկել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգը և Արցախի ժողովրդի պայքարի շարունակման համար կարևոր հանրային ինստիտուտները.
Բ. Ձևավորել համապատասխան միջազգային աջակցություն և պայմաններ Արցախի ժողովրդի՝ առնվազն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ողջ տարածք կամավոր վերադարձի համար.
Գ. Հասնել Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային ամուր երաշխիքների՝ նախընտրաբար ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղակայման և այլ հնարավոր քայլերի միջոցով.
Դ. Ապահովել սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնակառավարման բարձր մակարդակ՝ նրա ինքնորոշման անքակտելի իրավունքի և հետագա նոր ադրբեջանական հանցագործությունների կանխարգելման միջազգային պարտավորության հիման վրա.
Ե. Հատկապես նախքան նախորդ երեք կետերի կյանքի կոչումը՝ ապահովել Արցախում թողնված գույքի, հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, շրջակա միջավայրի և այլ հնարավոր արժեքների ու ռեսուրսների պաշտպանությունն ու պահպանությունը միջազգային հովանու ներքո.
Զ. Միջանկյալ փուլում ապահովել և աջակցել Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցի փախստականների իրավունքների պաշտպանությանը, հումանիտար խնդիրների լուծմանն ու հավաքական ինքնության պահպանմանը.
Է. Հետևողական ջանքեր գործադրել Ադրբեջանում ազատազրկված բոլոր ռազմագերիների ու պատանդների, այդ թվում՝ ռազմաքաղաքական ութ առաջնորդների վերադարձման ուղղությամբ:
Որքան էլ այս նպատակների մի մասը դժվարահաս թվա ներկա համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումների պայմաններում, միևնույն է՝ պետք է Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պաշտոնապես ձևակերպեն և հետևողականորեն ձգտեն այդ նպատակներին: Եթե նույնիսկ հնարավոր չլինի դրանց հասնել կարճ ժամկետում, ապա գոնե պատմության հաջորդ փուլերի համար պետք է բաց պահել և շարունակաբար լայնացնել հնարավորության պատուհանը:
Այժմ որոշ մանրամասներ առաջին նպատակի՝ Արցախի Հանրապետության պահպանման վերաբերյալ, քանի որ դա է հիմքը մնացած նպատակներին հասնելու համար:

2. Պետք է անվավեր կամ հակասահմանադրական ճանաչել ԱՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագիրը Արցախի Հանրապետության «լուծարման» մասին, որն ակնհայտորեն ստորագրվել է բռնության լրջագույն սպառնալիքի տակ և լիազորությունների վերազանցմամբ: Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունն ընկալում են բոլորը, իսկ կատարման եղանակը կարող է լինել կա՛մ Հանրապետության նախագահի նոր հրամանագիրը, կա՛մ ԱԺ պատգամավորների կամ ԱՀ Սահմանադրության 142-րդ հոդվածով սահմանված մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա Գերագույն դատարանի որոշումը: Թեև այդ հրամանագիրն ի սկզբանե առոչինչ է՝ բռնության սպառնալիքի և նախագահական լիազորությունների հարկադրված վերազանցման պատճառով, սակայն այն ֆորմալ ընթացակարգերի միջոցով անվավեր ճանաչելը կարևոր է ոչ միայն իրավական, այլև՝ քաղաքական ու տեղեկատվական նկատառումներից ելնելով:

3. Անհրաժեշտ է պահպանել սահմանադրական բոլոր մարմինները՝ որքան էլ սեղմ լիազորություններով ու հնարավորություններով: Դրանցից գլխավորը և անձեռնմխելին պետք է լինի Ազգային ժողովը, որը Արցախի ժողովրդի կողմից ուղիղ կերպով ընտրված և ժողովրդաիշխանության մանդատ ստացած ու պահպանող միակ մարմինն է: Ուստի, կարևորագույն ու վիճահարույց հարցերը պետք է որոշվեն հենց Ազգային ժողովի կողմից՝ ըստ կարիքի նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ըստ նոր նպատակների ու օրակարգի՝ կարող են վերացվել օրենքով ստեղծված մարմինները կամ նշանակալիորեն կրճատվել նրանց գործառույթները:

4. Ինչպես սահմանված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանրապետության նախագահը պետք է շարունակի իրականացնել պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կարևոր է, որ Հանրապետության նախագահի գլխավորությամբ պետական ինստիտուտները ծավալեն ակտիվ ու հրապարակային քաղաքական գործունեություն, ինչն անընդհատ թարմ կպահի Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի վերաբերյալ միջազգային ու համահայկական օրակարգերը:

5. Նախագահը պետք է սահմանի կառավարության և պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքն ու գործունեության կարգը, ինչպես լիազորված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ մասով: Կառավարությունը և դրանում ընդգրկված մարմինները, բնականաբար, պետք է ունենան խիստ սեղմ կառուցվածք, իսկ որոշ մարմիններ կարող են ընդհանրապես վերանալ՝ գործառույթների իրականացման լրիվ անհնարինությամբ պայմանավորված:

6. Կառավարության կառուցվածքում առանցքը պետք է լինի արտաքին գործերի նախարարությունը, որը միջազգային սուբյեկտների հետ հարաբերությունների վարման և արտաքին ճակատում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանության նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի:

7. Պետք է պահպանվեն և ըստ նոր նպատակների բարեփոխվեն այլ երկրներում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունները՝ որպես ԱՀ արտաքին քաղաքականությունն իրականացնող կարևոր սուբյեկտներ:

8. Կառավարության և պետական կառավարման մնացած մարմինները պետք է գործեն այնքանով, որքանով հնարավոր է ՀՀ համապատասխան մարմինների հետ համագործակցաբար իրականացնել նույնական գործառույթները և որքանով թույլ են տալիս առկա ռեսուրսները: Այդ գործառույթները կարող են ներառել, օրինակ, ՀՀ-ում ապաստանած արցախցիների բնակարանային ապահովվածությունը, զբաղվածությունը, սոցիալական երաշխիքները, հանրային տարաբնույթ ծառայությունների մատուցումը, կրթական ու մշակութային կյանքի կազմակերպումը, առողջապահական կարիքների բավարարումը և այլն:

9. Արցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Արցախի ժողովուրդը գտնվում է հիմնականում այստեղ և ՀՀ-ն ազգային, պետական ու միջազգային պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած: Այդ տեսանկյունից, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավորություններով պետք է աջակցեն և, բնականաբար, չխանգարեն ԱՀ իշխանությունների գործունեությանը ՀՀ-ում:

10. Արժե լրջորեն ուսումնասիրել ու քննարկել վիրտուալ կամ թվային պետության ստեղծման միջազգային հայեցակարգերն ու հնարավորությունները, որոնք թույլ կտան լրիվ տեղահանման պայմաններում թվային գործիքների միջոցով բազմաթիվ խնդիրներ լուծել և որոշակիորեն պահպանել ու զարգացնել արցախցիների ձևավորված համայնքներն ու նորմերը:

11. Արցախի Հանրապետության վերակազմակերպված պետական կառավարման համակարգի գործունեության համար անհրաժեշտ է հայթայթել բավարար ու կայուն ֆինանսական միջոցներ: Իհարկե, դրանք կարող են տրվել նախընտրաբար ՀՀ պետբյուջեից, այլապես՝ ազգային բազմաթիվ բարերարներ կարող են իրենց թույլ տալ նման ծախս իրականացնել, որն, իմ պատկերացմամբ, դժվար թե գերազանցի տարեկան մի քանի միլիարդ դրամը: Բնականաբար, ծախսերը պետք է կատարվեն խիստ համեստ ու նպատակային կերպով՝ առանց որևէ ճոխություն թույլ տալու:

12. Պաշտոնյաներից ովքեր պատրաստ ու կարողունակ չլինեն իրականացնել նոր իրավիճակից բխող գործառույթները, պետք է լքեն իրենց պաշտոնը և տեղը զիջեն ավելի ձեռնահաս ու գաղափարական անձանց, որոնք պիտի պատրաստ լինեն գործել նաև հասարակական հիմունքներով:

13. Կարևոր է, որ նոր նպատակների և սկզբունքների շուրջ լայն կոնսենսուս լինի քաղաքական և հանրային բոլոր հիմնական ուժերի միջև, նրանք մի կողմ դնեն անցյալի անձնական ու խմբային հակամարտություններն ու նկրտումները՝ ուշադրությունը կենտրոնացնելով ապագայի անելիքների վրա:
Ես լավատես եմ, որ համազգային միահամուռ ջանքերով, հետևողական ու խելացի աշխատանքի միջոցով կարելի է երկարաժամկետ պայքարում շտկել նաև անցյալի սխալների գոնե մի մասը: Իսկ անցյալի սխալներին ու ողբերգություններին, բնականաբար, պետք է անդրադառնալ ու վերլուծել մանրակրկիտ ու հիմնավոր կերպով՝ առնվազն դասերը քաղելու նպատակով, սակայն այս փուլում ես ավելի կարևոր եմ համարում ապագա անելիքները արագորեն պլանավորել ու գործել, քան՝ հերթական անգամ վերադառնալ անցյալ ու խրվել այդ անհատակ ճահճում:

Հ.Գ. Առաջիկա օրերին առանձին հրապարակումներով ես կանդրադառնամ այս իրավիճակում Արցախի ու Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև այլ դերակատարների՝ տարբեր ուղղություններով կարճաժամկետ ու երկարաժամկետ մի շարք անելիքների, քանի որ, ցավոք, գրեթե ամբողջապես բացակայում է հանրային ու քաղաքական դիսկուրսը մեր անելիքների շուրջ»,-գրել է Բեգլարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP