12:27 25.08.2018
Aravot պարբերականը գրում է.
«Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի:
Տիգրան Հայրապետյան
Աղետ դրսում
Նիկոլ Փաշինյանի (կառավարություն ասվածը հարաբերական է, որովհետև Փաշինյանը գործադիր իշխանության դե ֆակտո միակ կրողն է և միակ որոշում կայացնողը) պաշտոնավարման մեկնարկից հարյուր օր անց լրջորեն խախտված է Հայաստանի արտաքին քաղաքական հարացույցը, շիլաշփոթի են վերածված մեր առաջնահերթությունները։ Չնայած երկրի վարչապետի կողմից հնչող հախուռն հայտարարություններին, այս ընթացքում նրան հաջողվել է աննախադեպ լարել հարաբերությունները մեր ռազմաքաղաքական թիվ 1 դաշնակից Ռուսաստանի հետ, և այդ գործընթացը կարծես կանգնելու միտում էլ չունի։
Եվրոպական ուղղությամբ որևէ առաջընթաց չկա, չկան ԵՄ-ի կողմից մեր երկրին աջակցության ծրագրերի ավելացման միտումներ, իսկ վերջին հանրահավաքի ժամանակ հնչած անհավասարակշիռ հայտարարությունները չեն կարող տարակուսանքի ու մտահոգության ալիք չառաջացնել ԵՄ-ում և ԵԽ-ում՝ կասկածի տակ դնելով մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները ժողովրդավարության և այլ ուղղություններով։
Ամերիկյան ուղղությամբ մինչ օրս չկա որևէ տեսանելի շարժ՝ այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ, իսկ ենթադրյալ ամերիկյան ներդրումները չկան։ Փոխարենը, կա ԱՄՆ դեսպանի չքողարկված ազդակն առ այն, որ Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումները փորձաքար են լինելու։
Արցախի հիմնախնդրի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից առ այսօր արված իրարամերժ ու դիվանագիտորեն լավ չմտածված հայտարարությունները մատնում են վարչապետի՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման վերաբերյալ ունեցած հախուռն ու անպատասխանատու, իսկ քաղաքական ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ անգամ հնարավոր աղետաբեր պատկերացումների մասին։ Նույն ժամանակ, ըստ գնահատականների, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը այսօր արդեն շատ բարձր է։
Ստացվել է այնպես, որ ընդամենը 100 օրերի ընթացքում Հայաստանը հետևողականորեն հեռացել է հին դաշնակիցներից՝ ձեռք չբերելով համարժեք նորերը, ավելացրել է մեր երկրի ու Արցախի շուրջ առանց այդ էլ առկա մարտահրավերները` ստանալով այդ մարտահրավերների մի այնպիսի կատարյալ ռեբուս, որի հանգուցալուծման հարցում Հայաստանի ներգործության հնարավորությունները գնալով միայն նվազում են։
Աղետ հիմքերում
Հակապատերազմական վիճակում գտնվող երկրի զինված ուժերում ունենք զինծառայողների իսկապես նախանձելի սերունդ և սպայական ու գեներալական հրամկազմ, որի հավաքական կերպարը հետևողականորեն հեղինակազրկվում է հարուցված ու հարուցվող քրեական գործերի տարափի ու դրա շուրջ կառավարության թեթևամիտ, մեկօրյա կյանք ունեցող էժանագին PR-ի արդյունքում։ Քանի՞ կոպեկ արժեն հրապարակային կոչերը փառահեղ հրամկազմի մասին, երբ այդ հրամկազմի մի զգալի մասը քրեական գործերով դառնում է «հեռուստաաստղ» կա՛մ որպես մեղադրյալ, կա՛մ որպես վկա։ Անպատասխանատվության կամ չիմացության ինչպիսի՞ աստիճան պետք է ունենալ` չհասկանալու համար, որ Աստված մի արասցե, վերահաս պատերազմի պարագայում, մեր քաջարի զինվորներին սխրագործության մղելու են հենց այդ սպաներն ու գեներալները, որոնք այսօր մեկը մյուսի հետևից դառնում են հարուցվող քրեական գործերի հրապարակային դերակատարներ։ Սպառազինության մատակարարման հարցում ՌԴ-ի հետ առաջացող անփուսափելի խնդիրները և հարցերի հարցի՝ հայկական զինված ուժերի կողմից գործող քաղաքական իշխանության գագաթի՝ ակնհայտորեն անլուրջ ընկալումը մտահոգությունների մի այնպիսի զամբյուղ են կազմում, որն աղետ է գուժում։
Տնտեսության մասով ունենք ընկալումների առաջընթաց` հիմա արդեն տնտեսության հետ հեռավոր կապ ունեցող մտքեր են սկսել հնչել: Այս արագությամբ ինչ-որ մի պահի հնարավոր է հասնել մի վիճակի, երբ վիճակագրական ընթացիկ արձանագրումները մակերեսային անհիմն գլուխգովանության փոխարեն կծառայեն առաջ եկող աղետաբեր տողատակերը հասկանալու խնդրին: Ինչ-որ պահի կհասկացվի, թերևս, թե վախեցած կապիտալի սպասողական կամ փախուստային տրամադրությունը չերևացող ինչ աղետ է ցանկացած քաղաքական իշխանության համար: Միևնույն ժամանակ, դեռ տաս ամիս էլ «սպիտակող» տնտեսությունը ֆեյք տնտեսական աճ ու զբաղվածության աճ է արձանագրելու ու մարդիկ չեն հասկանալու, որ եթե աճ կա, բա ինչու՞ են շրջապատում գործազուրկներն ավելանում, առևտուրը դանդաղում կամ ճաշի սեղանի պարունակությունը նվազում: Կգա մի պահ, ու ինչ-որ մեկը ստիպված կլինի բացատրել այս ամենը:
Աղետ ուղեղներում
Այս ողջ ընթացքում ունենք կազմակերպված ու հետևողական հարձակում հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, վերջինիս աննախադեպ ու հետևողական վարկաբեկում, այդ արշավների կազմակերպիչների պետական բացահայտ խրախուսում, ոչ ավանդական եկեղեցիների ու աթեիզմի բացահայտ քարոզչություն, և իհարկե, քաղաքական իշխանության քար լռություն ու ոչ մի գործողություն՝ «եկեղեցին պետությունից անջատ է և պետք չէ միջամտել եկեղեցու հարցերին» դեմագոգիկ լոզունգի անհամոզիչ փաթեթավորմամբ։
Ունենք կազմակերպված խմբերի կողմից զանգվածային լրատվության միջոցներում ու հատկապես սոցիալական ցանցերում հետևողականորեն թիրախավորում արժեքային ուղղություններով: Սոցիալական ցանցերում այլատյացության, ատելության, վիրավորանքի ու թշնամության աննկարագրելի, աննախադեպ քարոզչություն է տարվում ու կրկին՝ քաղաքական իշխանության քար լռություն. ո՛չ մի գնահատական, ո՛չ մի սթափեցնող կոչ, ո՛չ մի գործողություն։
Իսկ իշխանությունների կողմից հասարակությունը հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելու անպատասխանատու հայտարարությունները, ատելության, վիրավորանքի, ու հայհոյանքի կազմակերպված քարոզչությունը, երկրի օրենսդիր ու դատական իշխանություններն, ըստ էության, օրենքից դուրս հայտարարելը, «հակահեղափոխություն չի լինելու» բոլշևիկյան իմաստազուրկ կարգախոսով պարուրվելն ու զուգահեռ մի բուռ ժողովրդի ներսում բաժանարար վտանգավոր գծեր քաշելն աղետ է դառնում արդեն լրիվ այլ հարթությունում։
Աղետից անդին
Մի՛ ստեղծեք նոր բաժանարար գծեր, պարոնա՛յք: Քանդե՛ք արդեն իսկ լիուլի ստեղծածները: Անցյալը ներկայից անջատող գիծ չքաշելը, ապագայի ճանապարհը միայն անցյալը քչփորելու մեջ տեսնելը, չգրված օրենքներն այդպես բուռն արհամարհելը ոչ այլ ինչ են, քան փախուստ իշխանությունից: Զգացե՛ք ձեզ իշխանություն, պարոնա՛յք, որ առաջնորդ լինեք բոլորին ու միգուցե հեռավոր մի կետում աղետը շրջանցելու լույս հայտնվի:
ԱԺ պատգամավոր՝ Կարեն Բեքարյան
ԱԺ պատգամավոր՝ Միհրան Հակոբյան
ԱԺ պատգամավոր` Արման Սաղաթելյան
ԱԺ պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյան»:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...