Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում`ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր և միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել: Նա, առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, առանց մաքսատուրքի վճարման, թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ պահանջել և ստացել է կաշառք:
Մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ավագ տեսուչը` դրան օժանդակելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: