Հերթական լաբորատոր փորձաքննությունն է իրականացվել կաթնամթերքի շուկայում: Այս անգամ ուսումնասիրվել է 13 արտադրողի կաթ: Փորձաքննությունն իրականացվել են «Հետք» ՀԿ-ն և ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը համատեղ: 

Արդյունքում, սակայն, ստացված պատասխանները չեն համընկել: 

«Հետք»-ը նմուշները գնել է խանութից, իսկ ՍԱՊԾ-ն նմուշառում է կատարել արտադրամասից: 

Ըստ ՍԱՊԾ կողմից իրականացված լաբորատոր փորձաքննություննրի, մանրէաբանական ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով անհամապատասխանություն արձանագրվել է միայն «Բիոկաթ» ընկերության արտադրանքում: 

«Հետք»-ի ստացած տվյալներով 13-ից 5-ի մեջ է հայտնաբերվել խախտում՝ աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։

Լաբորատորիա է ներկայացվել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), Մարիլա ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 2.5%), «Թամարա» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Պարգև» («Աշտարակ կաթ») ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%) Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), Իգիթ ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Մեր երկիր» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5-4.5%): 

Ըստ ՍԱՊԾ տվյալների՝ նմուշներից ոչ մեկում բուսական յուղ չի հայտնաբերվել:

Փորձաքննության արդյունքներով, արձանագրվել է յուղային մասի շեղումներ մակնշման վրա հայտարարագրված ցուցանիշներից: Մասնավորապես՝ «Իգիթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 5,4%, «Բանդիվան Կաթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,6%-ի փոխարեն արձանագրվել է 4%, «Ապարան գրուպ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 4,9%, «Պարգև» («Աշտարակ կաթ») ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,9%, «Դուստր Մարիանա» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,4%: Յուղի զանգվածի շեղումները պայմանավորված են արտադրական գործընթացում տեխնոլոգիական ռեժիմների խախտումներով և լաբորատոր կարողությունների կամ բացակայությամբ, կամ ոչ պատշաճ օգտագործմամբ: Սպառողին տրվել է ոչ հավաստի տեղեկատվություն, ուստի Ծառայության կողմից տրվել են խիստ հանձնարարականներ արձանագրված անհամապատասխանությունները վերացնելու համար:

«Բիոկաթ» ընկերությանը Ծառայությունը հանձնարարել է կասեցնել տվյալ արտադրանքի արտադրությունը, սանիտարահիգիենիկ մշակման և աղտահանման ենթարկել արտադրական գործընթացում օգտագործվող գույքն ու սարքավորումները և թողարկել փորձնական արտադրանք՝ արդյունքները ներկայացնելով վերահսկող մարմնին:

«Հետք»-ի կողմից արված փորձաքննության ժամանակ յուղի զանգվածային մասին որոշում չի իրականացվել:

«Ապարան-Գրուպ» ընկերության «Ապարան» պաստերացված կաթը՝ 3,2 % յուղայնությամբ, ունի մի շարք խախտումներ: Չունի EAC նշան, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 պահանջների խախտում է, կաթի վրա առկա է պիտանելիության 2 ժամկետ։ Մասնավորապես՝ շշի վրա նշված է 4 օր՝ փետրվարի 22-26, իսկ ներքևում՝ մակնշման մեջ, գրված է՝ «պահպանել 2-6 C, 10 օր», առկա են աղիքային ցուպիկներՄԱՖԱՄ քանակը գերազանցում է թույլատրելի նորման` 20 անգամ։ Ուստի «Ապարան» կաթը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։ 

«Թամարա և Անի» ընկերության «Անի պրոդուկտ» պաստերացված, 3,2 % յուղայնությամբ կաթի մեջ կա անթույլատրելի բուսական յուղ, և այս մասին մակնշման մեջ նշված չէ։ Այս ապրանքը չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է կեղծված։

«Արզնու տոհմային կաթ ԹՏԽ» ԲԲԸ-ի «Արզնի կաթ» պաստերացված կաթը՝ 3,2 % յուղայնությամբ, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը պարունակում է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին և ոսկեգույն ստաֆիլակոկ, ինչն արդեն պաթոգեն միկրոօրգանիզմ է և կաթի մեջ հիմնականում թափանցում է մաստիտով հիվանդ կովից: Բացի այդ, այս նմուշում ՄԱՖԱՄ քանակը գերազանցում է թույլատրելի նորման` 15 անգամ։ ՈՒստի «Արզնի Կաթ»-ը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող «Մուլտի Ագրո» պաստերիզացված անարատ, 2,5% յուղայնությամբ կաթի մեջ կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ-ի կողմից փորձաքննությունն իրականացվել է «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում՝ մի քանի օր շուտ «Հետք»-ի արված փորձաքննությունից, իսկ «Հետք»-ը մթերքը ուսումնասիրության է ներկայացրել «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՍԱՊԾ-ից մի քանի օր ուշ:

ՍԱՊԾ-ին «Հետքի» հրապարակումը կողմնակալ է անվանել՝ նշելով, որ այդ հայտարարությունը ԵԱՏՄ տեխնիկակական կանոնակրգերի մասով չի համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ կարող է գցել ինչպես սպառողներին, այնպես էլ արտադրողներին և որ դա օրենսդրական պահանջների խեղաթյուրում է: