18:22 11.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
ԿԳՄՍ նախարարը և փոխնախարարները զեկուցել են ոլորտային բարեփոխումների, գերակա ծրագրերի և կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նշվել է, որ Երևանի և մարզերի նախադպրոցական 60 հաստատությունում մեկնարկել է նոր չափորոշչի փորձարկման գործընթացը: Առաջին անգամ իրականացվել են մասնագիտական զարգացման ծրագրեր, նախատեսվում է ներդնել հավելավճարի մեխանիզմ: Մարզերից մի քանիսում մեկնարկել է համընդհանուր ներառման գործընթացը, որի շրջանակում 2022թ. սեպտեմբերից իրականացվում է կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորում, այն շարունակական է: Հանրակրթության ոլորտում ևս փորձարկման փուլում է նոր չափորոշիչը, 2023թ. սեպտեմբերից այն փուլային սկզբունքով կսկսվի ներդրվել ՀՀ բոլոր դպրոցներում, ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2026թ.: Ներկայում կատարվում են դասագրքերի ստեղծման և տպագրման աշխատանքներ: Մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը, որն արդեն իրականացվում է 25 դպրոցում: Ներդրվել են ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ, հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, առանձնացվել են վարչատնտեսական և ուսումնական գործընթացները, առաջիկայում կներկայացվի Կառավարության որոշման նախագիծ: Էլեկտրոնային ուսուցման ծրագիրն իրականացվում է ՀՀ 9 մարզում, շահառու աշակերտների թիվը 6500 է, թվայնացվել է ավարտական վկայականների տրամադրման գործընթացը: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում փորձարկվել են պետություն-մասնավոր համագործակցության մի շարք մոդելներ, որի դրսևորումներից է Տավուշի մարզում Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի ստեղծումը: Ներկայացվել են նաև արտադպրոցական դաստիարակության ծրագրերը, նշվել է, որ այս տարի նախատեսվում է մեկնարկել գիտության թանգարանի ստեղծման աշխատանքները:
Զեկուցվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են միջգերատեսչական քննարկումներ հետագա քայլերի շուրջ:
Բարձրագույն կրթության ոլորտում վերանայվել են կրթական ծրագրերը, հաստատվել է որակավորումների 21 ոլորտային շրջանակ, մշակվում է բուհերի ֆինանսավորման նոր բանաձև՝ կատարողականի բաղադրիչի ներդրմամբ: Իրականացվել են կրթության կազմակերպման ու կառավարման արդյունավետության բարձրացման աշխատանքներ, թվայնացման միջոցառումներ, ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ: Շարունակվում են ակադեմիական քաղաքի հիմնման շուրջ քննարկումները:
Զեկուցվել է սփյուռքի հետ կրթամշակութային համագործակցության, միջազգային գործընկերության, երիտասարդական ծրագրերի մասին: Նշվել է, որ երկկողմ ու բազմակողմ համագործակցության շրջանակում ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, միջպետական համաձայնագրերով հաջող իրականացվում են օտարերկրյա և ՀՀ ուսանողների փոխանակության ծրագրերը: 2022թ. հուշագրեր են կնքվել հայագիտական հետազոտությունների ևս 2 կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Երիտասարդության ոլորտի պետական քաղաքականության շրջանակում բարելավվում է օրենսդրական դաշտը, ընթացքի մեջ են Տավուշի և Սյունիքի մարզերում երիտասարդական 2 կենտրոնի ստեղծման աշխատանքները: 2022թ. տեղի է ունեցել «Սթարմուս 6» փառատոնը:
Իրականացվել են պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ Լոռիի և Տավուշի բերդերի, Դաշտադեմի և Ամբերդի ամրոցների: Ազգային ժողով է ներկայացվել հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը: Աշխատանք է տարվում թանգարանների կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ, մշակվում է միասնական տոմսային էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը: Միջազգային մշակութային համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցել է ցուցահանդեսների և փառատոնների, գեղարվեստական կրթության շրջանակում իրականացվում է 17 կրթամշակութային նախագիծ, նախաձեռնվել են կառավարման համակարգի բարեփոխումներ և այլն:
Սպորտի բնագավառում իրականացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական 5 մրցաշար՝ շուրջ 5300 մասնակցով: ՀՀ հավաքականների մարզիկները միջազգային մրցումներում և առաջնություններում նվաճել են 307 մեդալ, աջակցություն է տրամադրվել մարզական ֆեդերացիաներին: Կրկնապատկվել է պետական միանվագ աջակցությունը սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և մարզիչներին: 2022թ. Հայաստանում անցկացվել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը և սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, 2023թ. ևս նախատեսվում է մի շարք առաջնությունների անցկացում: Վարչապետին զեկուցվել է նոր սպորտային համալիրների կառուցման, նաև գործող մարզական հաստատությունների վերանորոգման ընթացքի մասին:
Հաշվետության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը ռազմավարական առաջնահերթություն է և հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը՝ պարբերական մոնիթորինգ իրականացնելով շինարարության ընթացքի և որակական չափանիշների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրթության նոր չափորոշիչների ներդրման կարևորությանը, ներառյալ ատեստավորման բաղադրիչին, դասագրքերի տպագրության և բաշխման քաղաքականությանը և նշել, որ թղթային տարբերակին զուգահեռ պետք է աշխատել նաև էլեկտրոնային կրթական հարթակների զարգացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է մշակութային և գեղարվեստական կրթության ծրագրերը այդ թվում դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագիրը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել դրանց պատշաճ իրականացումը, որտեղ անհրաժեշտություն կա, լրամշակել ու բարելավել:
Նշելով նախնական և միջին մասնագիտական կրթական բարեփոխման կարևորությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ ոլորտային ուղղությունների քննարկել պետություն-մասնավոր գործընկերությամբ նոր ծրագրերի հնարավորությունները և ներկայացնել առաջարկներ: Անդրադառնալով հանրակրթության ու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կրթաթոշակային քաղաքականությանը՝ վարչապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել դրանք լավարկելու առաջարկներ ի շահ բարձր առաջադիմություն ունեցող դպրոցականների և ուսանողների:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...