Հայաստանի և Բուլղարիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+10.09 oC

Հայաստանի և Բուլղարիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

17:09 18.10.2022

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Մեծարգո նախագահ Ռադև,

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ պետական այցով գտնվել Բուլղարիայի Հանրապետությունում. խորհրդանշական տարում, երբ մենք նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ռադևին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, նշանակալի հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար:

Ես հիշատակեցի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն պետք է անդրադարձ կատարեմ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության, եղբայրության, փոխադարձ խորը հարգանքի և ըմբռնման դարավոր ավանդույթներին:

Մեզ միավորում են ինչպես ընդհանուր արժեքները և մշակութային մտերմությունը, այնպես էլ համատեղ՝ հանուն ազատության և անկախության հերոսական պայքարի պատմության էջերը:

Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել բուլղարական պետությանը և բուլղար ժողովրդին՝ մեր հայրենակիցներին տրամադրած ապաստանի, հոգածության, խաղաղ ապրելու, զարգանալու և միևնույն ժամանակ ազգային ինքնությունն ու դիմագիծը պահպանելու հնարավորության համար:

Շնորհակալ եմ նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բուլղարական իշխանությունների հոգատար վերաբերմունքի և հայ համայնքին շարունակաբար տրամադրվող աջակցության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մերօրյա Հայաստանը և Բուլղարիան կապված են փոխգործակցության համար անհրաժեշտ միջազգային իրավական արդյունավետ գործիքակազմով, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը և մեխանիզմները:

Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել կայուն քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերություններում գրանցվող հաջողությունների առնչությամբ:

Միաժամանակ, կարևորում եմ մեր երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Բուլղարիայի կայուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք:

Բուլղարիան Հայաստանի համար վստահելի գործընկեր է տարածաշրջանի փոխկապակցվածության բարձրացման ոլորտում: Բուլղարիան նաև այն բարեկամական դուռն է, որը բաց է դեպի Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար:

Հայկական կողմը հետաքրքրված է երկու երկրները միավորող ենթակառուցվածքների բարելավմամբ և զարգացմամբ, այդ թվում նաև՝ երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատմամբ: Այդ համատեքստում հաջող օրինակ էր ամառային ամիսներին Երևանից Բուլղարիայի ծովափնյա քաղաքներ ուղիղ չվերթների իրականացումը:

Բարձր եմ գնահատում նաև բուլղարական կողմի աջակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման գործընթացին:

Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում:

Գոհունակություն եմ հայտնում նաև կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցության համապատասխան ծրագրերով հաստատված միջոցառումների, այդ թվում՝ հայաստանցի ուսանողների՝ Բուլղարիայի բուհերում կրթության արդյունավետ կազմակերպման համար:

Վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև նոր ազդակ հաղորդել և՛ խորհրդարանական դիվանագիտությանը, և՛ Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բուլղարիայի իմ թանկագին բարեկամ և հեռատես պետական գործիչ, միջազգային հեղինակություն վայելող նախագահ Ռադևին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:30 29.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

00:27 29.04.2025

Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

00:25 29.04.2025

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը

Ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

00:21 29.04.2025

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:15 29.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

00:09 29.04.2025

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...

BACK_TO_TOP