15:18 28.02.2018
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին է զեկուցել նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձևավորումը:
Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին՝ Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Արարատյան բակալավրիատի ծրագիրը ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, և այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաև հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի և Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում: Միաժամանակ, մշակվել է նաև «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը և ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց:
Կրթության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցության զարգացման նպատակով նախագահի մեկ այլ հանձնարարականի կատարման վերաբերյալ ԿԳ նախարարը նշել է, որ ընդլայնվել է «Թումո» կենտրոնի ցանցը. Երևանից բացի այն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Տարեկան 14 հազար երեխա հնարավորություն ունի մշտական և անվճար հիմունքներով հմտություններ զարգացնել արվեստի և ՏՏ ուսումնական ծրագրերով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ներդրվել է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը. 2018 թվականի հունվարի դրությամբ գործում է 225 խմբակ, որոնցում ընդգրկված է շուրջ 5.000 երեխա: «Ավանգարդ Քլաբ» կազմակերպության հետ համագործակցությամբ սկսվել է Թվային պլանետարիումի գործարկումը, որի շրջանակներում նախատեսվում է տարեկան սպասարկել մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 120.000 աշակերտի՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խրախուսել բնագիտական առարկաների ուսուցումը, նպաստել նաև աստղագիտության ավանդական դպրոցի պահպանմանն ու զարգացմանը: Ըստ նախարարի՝ դպրոցներում ներդրվել են ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրեր, որոնցով վերապատրաստվել է 1260 դպրոցի ավելի քան 1400 ուսուցիչ, փորձնական ծրագրերում ընդգրկված է շուրջ 65 000 աշակերտ:
Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության որակի բարելավման նպատակով օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախարարը հայտնել է, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է չինական կողմից կատարված 83,4 մլն յուան (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար) ներդրումների շնորհիվ դպրոցը շահագործման հանձնել սահմանված ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին:
Ըստ նախարարի՝ մշակվել է հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հետ համատեղ իրականացվում են ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:
Հանրապետության 6 համայնքում Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ ստեղծվել են անգլերենի ուսուցման ակումբներ, որոնցում ընդգրկված է շուրջ 400 սովորող, վերապատրաստվել է շուրջ 200 ուսուցիչ: Հանրապետության 10 դպրոցում իրականացվում է ֆրանսերենով խորացված ուսուցում: Կրթության միջազգայնացման շրջանակում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Գերմանիայի կրթության և մշակույթի դաշնային խորհրդի որոշմամբ 2018թ.-ից միջնակարգ կրթության ատեստատը հիմք կհանդիսանա Գերմանիայի բուհերում կրթությունը շարունակելու համար:
ԿԳ նախարարը զեկուցել է նաև սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ 2017թ. սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանի բոլոր աշակերտներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվել են անվճար դասագրքեր: Սահմանամերձ համայնքների 1046 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 30-60 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 154 մլն դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների 2667 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 655 մլն դրամ:
«Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի ընդլայնման արդյունքում 2017թ. ազգային ծրագրին միացել է Տավուշի մարզը, 2018թ. ծրագիրը կներդրվի նաև Շիրակի մարզում: Ներկայումս հանրապետության մարզերի տարրական դասարանների շուրջ 90.000 աշակերտ անվճար սնունդ է ստանում պետական բյուջեի և Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով:
Ընդգծելով, որ հանրակրթության զարգացման գերակա ուղղություններից է անցումը համընդհանուր ներառականության, որի նպատակն է հանրակրթական դպրոցներում ստեղծել որակյալ կրթության հնարավորություններ բոլոր երեխաների համար, նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ համընդհանուր ներառական կրթության են անցել Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերը, այս տարի ծրագիրը կներդրվի Արմավիրի մարզում:
Դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդրի լուծման ուղղությամբ հանրապետության նախագահի հանձնարարականի շրջանակում կատարված աշխատանքների մասին խոսելիս Լևոն Մկրտչյանը նշել է, որ մարզերի շուրջ 25 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվել է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող, աշխատաշուկայում պահանջարկ և կարևորություն ունեցող ոլորտների գծով շուրջ 40 մասնագիտություն: Բացի այդ, կրթական համակարգ է ներմուծվել Գերմանիայի երկակի ուսուցման կրթության փորձը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ:
Նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ձևավորված բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների մասնագիտական խումբն ավարտել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում:
2018 թվականին իրականացվելիք ծրագրերի շարքում ԿԳ նախարարը նշել է բուհերի պետական ֆինանսավորման մեխանիզմների և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքների վերանայման, բնագիտական և ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերների և ցանցային համալսարանների ձևավորման, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրման, բուհերի դասակարգման, հաշվետվողականության բարձրացման և մի շարք այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները:
17:00 09.04.2025
Գյումրու, Հրազդանի, Արարատի, Վանաձորի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 30-ից ապրիլի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ մարտի 31-ին և ապրիլի 3-ին, Հրազդան քաղաքում՝ ապրիլի 5-ին, Արարատ քաղաքում՝ ապրիլի 1-ին, 4-ին և 5-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից […] ...
16:52 09.04.2025
Համացանցում հրապարակված տեսանյութի հետքերով․ Երևանի պարեկները հայտնաբերել են կարգազանց վարորդինՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ ...
16:45 09.04.2025
ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրելԵվրամիությունը և Կիևը Բրյուսելում ստորագրել են համագործակցության և աջակցության հինգ տեխնիկական համաձայնագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալի մասնակցությամբ։ Կողմերը պայմանագրեր են ստորագրել երկրում «ջրի վերականգնմանն աջակցության», Ուկրաինայի «կայունությանն ու վերականգնմանն աջակցության», «քաղաքային ջեռուցման աջակցության», «Կոպեռնիկուս» համակարգի վերաբերյալ համագործակցության և բժշկական աջակցության մասին։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել […] ...
16:43 09.04.2025
Սպերցյանը պատրաստ է խաղալ ԱՊԼ-ում․ Յուրա ՄովսիսյանՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում՝ Անգլիայում։ Պրեմիեր լիգայում շատ են վազում, բայց նաև կարևոր է անել դա ուղեղով։ Սպերցյանն ունի այդ ուղեղը։ Նա խաղում է այնպիսի դիրքում, որ շատ արագ կընտելանա անգլիական ֆուտբոլին ու […] ...
16:39 09.04.2025
Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանումԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Հարգելի՛ նախագահող, Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Եվրոպայի […] ...
16:30 09.04.2025
«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիրՆախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական […] ...