Ֆրանսիացի վարակաբանները պարզել են, որ «կապիկի ծաղիկ» վիրուսը կենսունակությունը կորցնում է 5-15 րոպե տևողությամբ 60-70 աստիճան ցելսիուս տաքացնելիս։ Սա պետք է հաշվի առնել տարածքները և բժշկական սարքավորումները ախտահանելիս։ Այս մասին գրում է bioRxiv էլեկտրոնային պարբերականը։
Եվրոպայում այս տարվա մայիսին բռնկված «կապիկի ծաղիկ» հիվանդությունը ստիպել է գիտնականներին վիրուսի դեմ պայքարի միջոցներ գտնել։ Առայժմ գոյություն ունի երկու դեղամիջոց, որոնք ի զորու են կանխել օրգանիզմում վիրուսի բազմացումը։ Սակայն այդ դեղամիջոցները հաճախ կողմնակի ազդեցություն են ունենում։ Վիրուսի տարածման արագությունը գիտնականներին ստիպել է պարզել, թե ինչքան արագ վիրուսի մասնիկները կարող են դառնալ ոչ կենսունակ։ Դրա համար գիտնականները եվրոպական և աֆրիկյան շտամներով են վարակել տարբեր բջիջներ։ Միևնույն ժամանակ նրանք վիրուս պարունակող խառնուրդ են պատրաստել և այն տաքացրել են բարձր ջերմաստիճանի տակ։
Դիտարկումները ցույց են տվել, որ մինչև 70 աստիճան տաքանալու դեպքում վիրուսը 5 րոպեից դառնում է ոչ կենսունակ, իսկ մինչև 60 աստիճան տաքացնելիս այն մահանում է 15 րոպեից։
«Մեր փորձարկումները ցույց տվեցին, որ MPXV վիրուսը զգայուն է բարձր ջերմաստիճանների հանդեպ։ Մեր ուսումնասիրությունները կօգնեն առողջապահական հաստատությունների աշխատակիցներին բուժսարքավորումների և տարածքի ախտահանման հարցում, ինչպես նաև մեզ հնարավորություն կտան պարզել, թե ինչքան կարող է այդ վիրուսը գոյատևել մարդու կամ կապիկների օրգանիզմից դուրս գտնվելով»,- գրել են գիտնականները։
Նախկինում բնակչության պաշտպանության համար օգտագործվում էին պատվաստանյութեր, որոնք պատրաստված էին վիրուսի թուլացված մասնիկների հիմքով։ Գիտնականների կարծիքով ուսումնասիրությունները հնարավորություն կտան այլընտրանքային պատվաստանյութ ստանալ։