NASA-ի գիտնականների իրականացրած Անտարկտիդայի նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառցե զանգվածը 25 տարում երկու անգամ ավելի շատ է կրճատվել, քան նախկինում գնահատվում էր։ Այս մասին հրապարակում է կատարվել NASA -ի կայքում։
«Վերջին 25 տարում Անտարկտիդայի ափամերձ գծի փոփոխություններին վերաբերող հետազոտության արդյունքում հանգեցինք եզրակացության, որ 1997թ-ից մինչ օրս լողացող սառցադաշտերում սառույցի կորուստը կազմել է ոչ թե 6, այլ 12 տրիլիոն տոննա։ Այդ սառցադաշտերի կարևորությունը կայանում է նրանում, որ դրանք հալվող սառույցի համար հենք են հանդիսանում և չեն թողնում, որ այդ ջրերը ուղիղ դեպի օվկիանոս հոսեն »,- հայտնել է NASA-ն։
Սառույցի կորուստը հանգեցրել է սառցադաշտերի թուլացմանը։ Հաղորդագրությունում ասվում է, որ այս իրավիճակը մեծացնում է ծովի մակարդակի բարձրացման տեմպերը։
Օգոստոսի 3-ին ավստրալացի և բրիտանացի գիտնականները զեկույց էին հրապարակել, որում ասվում էր, որ Անտարկտիդայի արևելյան ափերի ջրի ջերմաստիճանը, XX դարի առաջին կեսի համեմատ, բարձրացել է 2-3 աստիճանով։ Սա օվկիանոսային հոսանքների ուղղսության փոփոխության հետևանք է։ Սա կարող է սառցադաշտերի ներքին հատվածի հալեցումն արագացնել, ինչը կնվազեցնի դրանց բարձրությունը։ Վերջին տարիներին Անտարկտիդան կորցրել է 155 մլրդ տոննա սառույց, ինչը մյուս համաշխարհային սառցադաշտերի հալեցման հետ միասին տարեկան համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացնում է 3,6 մմ-ով։