Հայաստանում կներդրվի ճանապարհային կշեռքների ժամանակակից համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+12.09 oC

Հայաստանում կներդրվի ճանապարհային կշեռքների ժամանակակից համակարգ

16:47 14.07.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով՝ կառավարությունը որոշում է ընդունել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՏԿԵՆ-ին հատկացնել 11,809,378,358 ՀՀ դրամ, որից 2,6 մլրդ ՀՀ դրամը կուղղվի 2 միջպետական նշանակության, 5,5 մլրդ ՀՀ դրամը՝ 6 հանրապետական նշանակության, 3,7 մլրդ ՀՀ դրամը՝ 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը: Նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են, մրցույթները, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, հայտարարված են, և որոշման ընդունումից հետո հնարավոր կլինի արագ սկսել շինարարական աշխատանքները:

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհների մասին է խոսքը.

«Առաջինը՝ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ-անոց հատվածի հիմնանորոգում. Դիլիջանի ոլորանների մասին է խոսքը: Ես, ինչպես նկատեցի, այստեղ արդեն սկսվել են աշխատանքները: Այսինքն՝ մենք նախորդ տարի ոլորանների մասով իրականացրել ենք և հիմա շարունակությունն ենք իրականացնում՝ մինչև Դիլիջան հասնող հատվածը: Հաջորդը՝ Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհի 8.3 կմ-անոց հատվածի հիմնանորոգում. Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գեղհովիտ, Մադինա համայնքների տարածքներով կամ մերձակայքով անցնող ճանապարհների մասին է խոսքը: Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հանրապետական նշանակության ճանապարհը. այս ճանապարհի նորոգման խոստումը 2019 թվականին էինք տվել, երբ ես այցելել էի Ռանչպար համայնք: Հաջորդը՝ Արարատի մարզի Դաշտավան, Զորակ, Սայաթ Նովա բնակավայրերի միջև գտնվող հանրապետական նշանակության ճանապարհը. 5 կմ-անոց հատվածի մասին է խոսքը: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մայրուղուն միացնող ճանապարհահատված. Հ-39, 3.4 կմ-անոց հատված: Հաջորդը՝ Շիրակի մարզի Հ-75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատված: Ջրարփի, Աղին, Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր բնակավայրերի միջև: Հաջորդը՝ Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգում, Շիրակի մարզ. Երերույքի տաճար տանող ճանապարհի մասին է խոսքը: Հաջորդը՝ Լոռվա մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար-Կաթնաղբյուր բնակավայրերի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգում՝ 8.6 կմ-անոց հատված և Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում են կատարվելու աշխատանքները: Հաջորդը՝ Վայոց ձորի մարզի Տ-9–19 Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ավտոճանապարհը: Հաջորդը՝ Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ բեռնային համալիր տանող 1.7 կմ-անոց ճանապարհահատվածի մասին է խոսքը: Տ-8-49 Լծեն ավտոճանապարհի Լծեն-Շամբ հատվածի մասին է խոսքը Սյունիքի մարզում: Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 11.809 մլրդ ՀՀ դրամ հատկացնել: Աշխատանքների մի մասն սկսվել է, մյուսը կնախագծվի, և շինարարությունը կսկսվի»:

Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների որակի վրա՝ մասնավորապես, նշելով.

«Հարգելի գործընկերներ, մենք, իհարկե, ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում: Բայց պետք է նաև արձանագրենք, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չենք լուծել: Եվ անընդհատ, ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված պրոբլեմներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Ընդ որում, բացի ճանապարհների որակի հետ կապված խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր, և մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակին: Պարոն Ասոյան, այս թեմայով մենք ո՞ւր ենք հասել: Ես տեղյակ եմ, որ արդեն որոշ սարքավորումներ ձեռք են բերվել: Իմիջիայլոց, մեր դիտարկումը ցույց է տալիս, որ խնդիրն առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը, այսինքն՝ հատկապես հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում, որոնք ճանապարհի օգտագործելիության ժամանակահատվածի վրա շատ նեգատիվ ազդեցություն են ունենում»:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով հարցը հատուկ ուշադրության կենտրոնում է, համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացվել և սկզբնական փուլում կար 2 շարժական կշեռք, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էր իրականացվում հիմնական խնդրահարույց՝ հանքարդյունաբերության հատվածներում: Այս փուլում արդեն ձեռք է բերված 2 ստատիկ կշեռք և 1 շարժական կշեռք: Շարժական կշեռքը ներկայումս Արմավիրի մարզում գործածության մեջ է: Ընդ որում, տեղերը պարբերաբար փոխվում են՝ հաշվի առնելով այն, որ երբ վարորդները տեղեկանում են, անմիջապես այլընտրանքային լուծումներ են գտնում, շրջանցիկ ճանապարհներով են երթևեկում: Ա. Ասոյանի խոսքով՝ ամբողջովին քարտեզագրված է շարժական կշեռքի օգտագործման տարածքը, իսկ ստատիկ կշեռքի համար նախնական պլանավորման արդյունքում հանրապետության տարածքում նախատեսվել է 9 հիմնական ուղղություն: Դրանցից են՝ Արարատի մարզ, Մ-2-ի Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 10-15-րդ կմ հատված, Վայոց ձորի մարզ, Մ-2-ի 110-130 կմ ճանապարհահատվածի վրա: Ձեռք բերված 2 կշեռքի համար աշխատանք է տարվում Մ-2-ի Սիսիանի հատվածում տեղակայելու համար, շինաշխատանքներն ընթացքի մեջ են: Մ-1-ի հետ կապված՝ նախատեսվում է Աշտարակի տարածքում: Ա. Ասոյանը նշել է, որ ստատիկ հատվածներում նախատեսվում է ունենալ մոտավորապես 6 մ լայնության, 50 մ երկարության հարթ, բետոնապատ մակերեսով տարածք, որտեղ իրականացվելու է կշռման պրոցեսը: Կշեռքների գործարկումից հետո կատարվել է 522 մշտադիտարկում, կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ մինչև 2022 թ.՝ 14 մլն դրամի շրջանակում, 2022թ. արդեն 60 իրավախախտման դեպք է արձանագրվել՝ 13.6 մլն դրամի չափով: Որոշակի դադար է եղել 2020թ. վերջ-2021թ. սկիզբ՝ կշեռքները շարքից դուրս գալու պատճառով, ինչը, կարելի է ասել, միտումնավոր կազմակերպվում էր վարորդների կողմից:

Վարչապետը հանձնարարել է ձեռք բերել ճանապարհային որակյալ կշեռքներ, որպեսզի վարորդների կողմից դրանք վնասելու, կոտրելու խնդիր չառաջանա, և մարդկային գործոնի միջամտությունը հասցվի նվազագույնի.

«Կա ժամանակակից համակարգ, որը ճանապարհին ներկառուցվում է, էլեկտրոնային եղանակով տվյալը փոխանցվում է, և դրանով հարցը լուծվում է: Ինչ ձեռք ենք բերել, թող մնա, բայց շարունակություն պետք չէ, որովհետև միշտ մի բան ձեռք ենք բերում, հետո պարզվում է, որ վարորդները գիտեն այն կոտրելու ձևը, հետո ուրիշ բան ենք մտածում: Եկեք անելիս միանգամից անենք հնարավորինս լավագույնը, որովհետև ասացվածք կա, որն ասում է. «Ես այնքան հարուստ չեմ, որպեսզի էժան ապրանք առնեմ»: Անընդհատ էժան ապրանք առնելով՝ տպավորություն է, որ մեր ռեսուրսներն անսահմանափակ են: Անելիս միանգամից արեք լավը, որպեսզի այդ հարցն արագ և ֆունդամենտալ ձևով լուծվի»:

Կառավարության նիստի այլ մանրամասներ՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն

18:35 25.04.2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով և ուղեկցությամբ այցելել է «Սիրիուս» կրթական կենտրոն: Պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոնի գործունեությանը, շրջայց է կատարել ֆեդերալ տարածքում տեղակայված տարբեր հաստատություններում, այդ թվում՝ կրթական կենտրոնում, հանրակրթական և […] ...

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

18:30 25.04.2025

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոլդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

18:24 25.04.2025

«Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765 քմ և Սևանա լճի 3851 քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ: Հաշվարկվել է 3.244.086 դրամի չափով շրջակա […] ...

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

18:18 25.04.2025

Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, […] ...

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

18:12 25.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

Վանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […] ...

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

18:06 25.04.2025

ՆԳ նախարարությունը և ԱԶԲ-ն շարունակում են համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ապրիլի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակում կատարված ծավալուն աշխատանքները՝ կարևորելով աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը։ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

BACK_TO_TOP