19:28 24.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային ՀԿ-ն անցկացնում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը, տեղեկացնում են նախարարությունից:
«Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակներում, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կմիավորվեն ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ SUMMEET փառատոնը հենց մեկնարկով իր արժանի տեղն է զբաղեցրել մեր մշակութային կյանքում: Նրա դիտարկմամբ` պատճառներից մեկն այն էր, որ կար տարիների ընթացքում ձևավորված մեծ պահանջ և սպասում՝ ժամանակակից պարի, ժամանակակից պարային արվեստի հանդեպ։
«Հողը պարարտ սպասում էր սերմին, և այդ սերմը նետվեց ի դեմս SUMMEET-ի։ Այս մասին խոսում ենք ոչ թե մենք պաշտոնյաներս, այլ՝ ոլորտը։ Ծանոթ եմ նաև արտասահմանցի մեր գործընկերների արձագանքներին, որը շատ հուսադրող էր, և հիմք դարձավ այն որոշման, որ SUMMEET-ը պետք է դառնա շարունակական:
Քանիցս առիթ եմ ունեցել ասելու, որ այս փառատոնի նպատակները չեն սահմանափակվում միայն ժամանակակից պարով։ Այսօր ժամանակակից պարը` որպես սկզբունք, մուտք է գործում նաև արվեստի այլ բնագավառներ։ Համոզված եմ՝ որքան ավելի զորեղ լինի պարային արվեստը մեր իրականության մեջ, ինչքան ավելի զորեղ լինի պարային էլեմենտը մեր կրթական համակարգում, այնքան ավելի գեղարվեստական և որակյալ կլինի նաև դրամատիկական թատրոնը: 21-րդ դարում հնարավոր չէ խոսել թատրոնի մասին անտեսելով այն ահռելի հաղորդակցական պաշարը, իմաստաբանությունը, որն ունի մարմինը»,- ասվում է Արա Խզմալյանի ողջույնի ուղերձում:
«SUMMEET»-ի փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան նշել է, որ այս տարի փառատոնի շարժիչ ուժը՝ նորագույն տեխնոլոգիաներն են։
«Խաղացանկում ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաև QR կոդերի կիրառմամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս հետևել ժամանակակից մարդու մտածողության, հետևաբար՝ նաև ժամանակակից պարի զարգացումներին մեր գերինֆորմատիվ և գերտեխնոլոգիական դարում»,- ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավարը և ընդգծել, որ տեխնոլոգիաներից բացի, փառատոնը յուրացնում է նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։
Փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի այնպիսի հարթակի վերածվելն է, որը մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով Հայաստան է ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), որը նման նախագիծ է իրականացրել բազմաթիվ երկրերում։
Ազնավուրի հրապարակում երևանյան հանդիսատեսը կտեսնի Ballrider Vaggi-ի՝ պարի և սպորտի սահմանագծին ստեղծված յուրահատուկ կատարումը։ Փառատոնի մասնակիցների մեկ այլ site-specific ներկայացում կցուցադրվի Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում (Ձորաղբյուր)՝ ազդարարելով հանրահայտ նկարչի բաց արվեստանոցի նոր սեզոնը։
Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում և ժամանակակից պարը «տանում» է Հայաստանի մարզեր․ հունիսի 25-ին փառատոնը կայցելի Լոռի։ «COAF Սմարթ» կենտրոնում (գյուղ Դեբետ) տեղի կունենա Ֆաբիան Պրիովիլի դասախոսությունը՝ նվիրված VR տեխնոլոգիաների և ժամանակակից արվեստի համակեցությանը, և Վալերիա Կասպարովայի ու Ballrider Vaggi-ի՝ ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասերը։
«Անցյալ տարի մենք աշխատեցինք համախմբել անխտիր բոլոր պարուսույցներին, ովքեր ամռանը գերադասեցին մնալ Երևանում և ստեղծագործել։ Այս տարի ընտրությունը շատ ավելի խիստ էր․ աշխատում էինք զտել հենց այն նախագծերը, որոնք համապատասխանում են միջազգային փառատոնի ձևաչափին։ Փոխարենն ունենք շատ ավելի ավարտուն և նոր ժանրեր ուսումնասիրող աշխատանքներ»,- նշել է հայկական ցուցադրության պատասխանատու Արման Բալմանուկյանը։
Հատուկ փառատոնի համար վերականգնվել է Արինա Արարատյանի՝ դեռևս 2005 թվականին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը, այնպես որ երևանյան հանդիսատեսին սպասում է ևս մեկ պրեմիերա։
Եվ կրկին SUMMEET-ն առանձին ծրագրով ներկայացնում է կինոյի ու պարի այնպիսի յուրահատուկ և Հայաստանում դեռևս ոչ այնքան տարածված ուղղությունը, ինչպիսին կինոպարն է (Screendance)։ ՀԲԸՄ դահլիճում ցուցադրվելու է Conny Janssen Danst պարային ընկերության (Նիդեռլանդներ) «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։
Ոլորտի մասնագետների համար փառատոնի գրեթե բոլոր օրերին Պարարվեստի պետական քոլեջում գործելու են ժամանակակից պարի և ջազային պարի դասարաններ։ «Միրզոյան» գրադարանում տեղի կունենան պարարվեստի տարբեր ոլորտներին նվիրված դասախոսություններ։
«Չնայած այն բարդ իրավիճակին, որն այսօր ստեղծվել է աշխարհում, SUMMET-ը շարունակում է կապել Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ»,- նշել է փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։
Այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից»։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...