Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմկոմիտեն ամփոփել է կատարված աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմկոմիտեն ամփոփել է կատարված աշխատանքները

17:33 19.05.2022

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու գրեթե 95 տոկոսով ավարտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են առաջնության կազմակերպիչները:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլորիս սպասվելիք մարզական իրադարձության առթիվ, ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ մեծ միջոցառում վաղուց չենք հյուրընկալել: Նրա խոսքով՝ պետությունը, բռնցքամարտի ֆեդերացիան և մյուս գործընկերներն անում են լավագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար. «Համենայն դեպս, այն գնահատականները, որ ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, շատ դրական են: Ուզում ենք նոր նշաձող սահմանել՝ առնվազն Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունների համար»:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ հաստատված է 39 երկրների պատվիրակությունների ժամանում մեր երկիր: Մարզիկների թիվը գերազանցում է 200-ը, իսկ պատվիրակությունների անդամների հետ այն կգերազանցի 400-ը: Առաջնության հյուրերի թվում են լինելու մարզաձևի միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ու Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները:

«Սա նշանակում է՝ առաջնությանն ամենաբարձր մակարդակով ուշադրության է արժանանում: Նշանակում է նաև, որ գնահատվում են այն ջանքերը, որ այստեղ ներդրվում են: Պետք է ասեմ նաև, որ մենք հոգ ենք տարել մասնակիցների ու նրանց ուղեկցող պատվիրակությունների բոլոր հարմարությունների մասին: Պատրաստվում ենք մայիսի 22-ին տալ պաշտոնական մեկնարկը՝ բացման շատ գեղեցիկ արարողությամբ: Մարտականորեն ենք տրամադրված՝ այս մրցաշարում սահմանելու լավագույն արդյունքներից մեկը»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ չցանկանալով մանրամասներ ներկայացնել սպասվելիք բացման արարողությունից:

Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 22-ին, և կմեկնարկի ժամը 21:00-ին: Կազմակերպիչները հանդիսականներին հորդորում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լինել արդեն 20:20-ից, քանի որ դրանից հետո երկրպագուների տեղաշարժը սահմանափակվելու է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շեշտել է՝ բացման տպավորիչ արարողություն է սպասվում.

«Մեր աշխատանքների 95 տոկոսն արդեն կատարված է թե՛ մարզական առումով, թե՛ բացման արարողության հետ կապված: Շատ գեղեցիկ բացման արարողություն է լինելու, որից հետո՝ գիշերը, կտեղադրվեն երկու ռինգերն ու մայիսի 23-ից արդեն կմեկնարկեն նախնական մենամարտերը: Դրանք կտևեն մինչև մայիսի 27-ը: Մայիսի 28-ը կլինի ազատ օր, մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչները, իսկ 30-ին՝ եզրափակիչները»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը տեղեկացրել է՝ Եվրոպայի առաջնության շրջանակում նաև ևս մեկ կարևոր իրադարձություն է սպասվում Երևանում: Մայիսի 30-ին մեր երկրում կկայանա EUBC նորընտիր գործկոմի առաջին նիստը: Ֆեդերացիայի նախագահը նաև խոսել է Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի անդամներից ունեցած սպասելիքներից. «Շատ ուրախ եմ տեսնել, որ մեր սպորտաձևն այսպիսի հետաքրքրություն է առաջացրել մեր երկրում: Շատ շուտով մեր հավաքականի տղաները կսկսեն իրենց մենամարտերը: Պետք է ասեմ՝ շատ ուժեղ ու մրցունակ թիմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և շատ մեծ սպասելիքներ ունենք այս թիմից: Չեմ ցանկանա մեդալների մասին կանխատեսումներ անել: Կարող եմ միայն վստահեցնել, որ ոչ մի քաշային կարգում մեր ոչ մի մասնակցի համար վատ չենք զգալու»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս խոսել է մեդալային սպասելիքների մասին. «Առնվազն ակնկալում ենք, որ մեր մարզիկները կապահովեն մեր լավագույն արդյունքի կրկնությունը, ինչը երկու ոսկե մեդալն է: Հուսով եմ՝ կհաջողվի նաև գերազանցել այդ արդյունքը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կանխատեսմամբ՝ երեք ոսկե մեդալը գերազանց արդյունք կհամարվի. «Եվրոպայի մեկ առաջնությունում երկու չեմպիոնից ավելի չենք ունեցել: Այնպես որ, եթե կարողանանք այս անգամ գերազանցել մեր լավագույն արդյունքը, հիանալի կլինի»:

Կազմակերպիչների խոսքով՝ Եվրոպայի առաջնության անցկացման և բարձր արդյունքների ապահովման գործում մեծ է լինելու նաև երկրպագուների դերակատարությունը:

«Բոլորին կոչ եմ անում երկրպագել Հայաստանի հավաքականին, և որպեսզի մեր մարզիկները հասկանան, որ տանն են մենամարտում և դրանից թևավորվեն, պետք է՝ տրիբունաներում շատ հանդիսական լինի ու ամեն կերպ փորձի աջակցել: Եկեք նպաստենք այդ հաղթանակների կայացմանը, որ հետո այդ բերկրանքը միասին ապրենք»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Արայիկ Հարությունյանն էլ ավելացրել է՝ Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում կլինի ֆան գոտի: Հնարավոր է՝ բռնցքամարտիկները ևս երբեմն լինեն ֆան գոտում, շփվեն երկրպագուների հետ:

Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բոլոր 13 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

20:20 28.04.2025

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

Առևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:17 28.04.2025

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

20:07 28.04.2025

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

BACK_TO_TOP