13:48 18.01.2018
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է 2018 թվականի Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերների մասին: Քաղաքագետը նշել է , որ մեր տարածաշրջանը շարունակում է մնալ ռիսկային գոտում, և այս պահին մեզնից պահանջվում է մնալ զգոն և հետևել զարգացումներին:
18:55 02.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
18:17 30.11.2017
Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների
ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:
Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
13:20 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:
12:11 28.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքը:
09:25 23.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:
Այցի շրջանակներում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:
18:14 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը:
Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:
Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարարի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է Ազգային հերոսի զինակից Մարտիրոս Ժամկոչյանին և վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:
Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված Թումոյի լսարանի բացմանը:
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
16:23 14.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:
11:22 14.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
11:25 10.11.2017
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
15:33 09.11.2017
Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Բանակցությունների արդյունքները նախագահներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Սարգսյանի հայտարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.