15:24 15.02.2018
Փետրվարի 9-ին Հնդկաստանում, Ինդոնեզիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում վարձույթի է դուրս եկել «Пэдмен» անունով ֆիլմը, որը թարգմանվում է «Մարդ-միջադիր»:
17:09 10.01.2018
Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում, որտեղ շուրջ 200 մլն մարդ է ապրում, անոմալ ցրտի հետևանքով 40 մարդ է մահացել
16:14 06.01.2018
Դելիի բարձրագույն դատարանը որոշում է ընդունել, որով ապօրինի է ճանաչել հնդիկ կանանց երկրի «տարածքային բանակի» կազմ չընդունելը։ Այսուհետ նրանք նույնպես կկարողանան անդամագրվել այդ ռեզերվային կառույցին։
Հնդկաստանի «տարածքային բանակը» փաստացի երկրի զինված ուժերի ռեզերվն է։ Դրա զինծառայողները պարբերաբար կամավոր պատրաստություն են անցնում, սակայն չեն ստանում աշխատավարձ։
Այս կառույցին անդամակցելու համար դիմած և մերժում ստացած կանայք դիմել էին դատարան, քանի որ երկրի Սահմանադրությունն ու օրենքները ճանաչում են սեռերի հավասարությունը, և սեռով պայմանավորված մերժումը հակասում է այդ կարգավորումներին։ Դատարանը բավարարել է կանանց հայցը։
Հնդկաստանում վերջին շրջանում ակտիվացել է կանանց և տղամարդկանց հավասարության համար պայքարը, և այս համատեքստում հավասարությունը «խաթարող» կառույցներից մեկն էլ հենց բանակն էր։ Արևմտյան երկրներում այս հարցը վաղուց լուծված է, կանայք ծառայում են նույնիսկ մարտական ստորաբաժանումներում։
Այս հարցը հաճախակի հայտնվում է նաև հայկական հանրային օրակարգում։ Հայաստանում ու այլ երկրներում կանանց ծառայության առանձնահատկություններին, պայմաններին ու հնարավորություններին կարող եք ծանոթանալ ShantNews-ի առանձին հոդվածում։ Իսկ լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։
12:55 28.12.2017
Հնդկաստանի պետական «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության» («DRDO») արտադրանքը կարող է մատակարարվել Հայաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է «Հինդուսթան թայմս» կայքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին։
«Հայաստանը հետաքրքրված է DRDO-ի արտադրած զորային ռադարներով ու հեռահար հրետանու զինամթերքով», — նշված է հրապարակման մեջ, որում հիշատակվում է նաև այլ երկրների հետաքրքրվածությունը։
Հայաստանին հետաքրքրող սպառազինության կոնկրետ տեսակները, դրանց գինն ու քանակը չեն նշվում։ Ուսումնասիրելով հնդկական պետական կազմակերպության արտադրանքը՝ Razm․info կայքը բացահայտել է, թե ինչ ռադարներ կարող են հետաքրքրել Հայաստանի զինված ուժերին։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Նշենք, որ Հնդկաստանն աչքի չի ընկնում իր ռազմարդյունաբերական կարողություններով։ Այս երկիրը վերջին տարիներին մշտապես եղել է ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում։ Սակայն երկրի կառավարությունը վարում է զենքի պատվերների տեղայնացման քաղաքականություն․ պատվիրում է օտար արտադրողներից, սակայն պայմանով, որ զենքի մի մասն արտադրվելու է հենց Հնդկաստանի տարածքում։ Սա այս երկրին թույլ է տալիս քայլ առ քայլ ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։
Ինչ վերաբերում է հայ-հնդկական ռազմական համագործակցությանը, ապա այն թափ է ստացել հենց այս տարի։ Մայիսին Հնդկաստան է այցելել ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի անդամները եղել են Հնդկաստանի զորամասերում և ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ ոլորտներում գործակցելու վերաբերյալ․
ռազմական կրթություն,
խաղաղապահություն,
լեռնային պատրաստություն,
տարբեր զորավարժությունների և վարժանքների մասնակցություն,
ռազմատեխնիկական ոլորտներում զարգացում,
իրավապայմանագրային դաշտն ամրապնդում,
ՄԱԿ-ի շրջանակներում շփումների ակտիվացում։
Երկու կողմերի համագործակցությունն ունի նաև արտաքին խթանիչներ․ Հայաստանի և Հնդկաստանի հակառակորդները՝ Ադրբեջանը և Պակիստանը, լայն համագործակցություն են հաստատել ռազմական ոլորտում։
20:19 02.12.2017
Հնդկաստանում սկսվել է միանգամից 6 հարձակողական ատոմային սուզանավի կառուցումը, ինչը զգալիորեն կմեծացնի Հնդկաստանի նավատորմի հարձակողական պոտենցյալը:
Նոր սուզանավերը կառուցվելու են «Ստեղծիր Հնդկաստանում» ծրագրով, որը օտարերկրյա զենք արտադրողներին ստիպում է սեփական արտադրությունները հիմնել Հնդկաստանում, այլապես նրանք չեն կարողանա սպառազինություն վաճառել հնդկական բանակին։
Այս ծրագրով Հնդկաստանը փորձում է տեղայնացնել արտադրությունները՝ դրանով տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար։ Մյուս կողմից՝ համատեղ ձեռնարկությունները տնտեսակապես ձեռնտու են, քանի որ ստեղծում են նոր աշխատատեղեր։
Իսկ Հնդկաստանը աշխարհի առաջատար զենքի գնորդներից է։ Չինաստանի և Պակիստանի հետ բարդ հարաբերությունների պայմաններում Հնդկաստանը ստիպված է մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ։