17:19 17.01.2018
ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետին ուղղված իր խոսքում նշեց, որ տպավորություն է, թե վերջինս չի ընդունում թանկացումների վերաբերյալ մտահոգությունները։
11:47 17.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ:
19:23 28.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:
«Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:
Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:
Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:
Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:
Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
18:37 19.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:
Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:
15:46 12.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով:
17:34 07.12.2017
Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում կառուցված 1988-ի եևկրաշարժերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր ծաղկեսպսակ են դրել հասարակական, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողները առիթը բաց չեն թողել վարչապետին ևս մեկ անգամ հարցեր ուղղելու Գյումրիի ցավոտ խնդիրների, մասնավորապես, աշխատատեղերի բացակայության մասին:
16:12 02.12.2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացը: Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել և Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում և Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները:
15:23 30.11.2017
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: