15:26 17.11.2017
Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից հեծանիվ հայտնագործելը դժվար է, քանի որ մինչ այժմ բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
15:20 17.11.2017
Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձել է Եվրոմիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի վերաբերյալ ստորագրվելիք հռչակագրի այն կետին, որը վերաբերում է Արցախյան հակամարտությանը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ չեն համընկնում ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումները։ Սակայն համաձայնագիրն ու դրա վերաբերյալ հռչակագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին, և հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են։
— Եվրոմիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին։ Այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է․ մի քանի օր դեռ կա, տեսնենք, — նշել է Էդվարդ Նալբանդյանը։
11:25 17.11.2017
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բժիշկների և մյուս բուժաշխատողների դեմ բռնության դեմքերի դեմ պայքարող օրենքի նախագիծը։ Դրանով բժիշկների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրել կդիտարկվի առանձին և կպատժվի ավելի խիստ։
11:19 17.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց օրենքը, որով 27 տարին լրացած անձինք, որոնք բանակից խուսափելու հետևանքով քրեական հետապնդման էին ենթարկվում, կարող են ազատվել այդ հետապնդումից՝ գումարի դիմաց։
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով որոշվել է «բանակից խուսափելու» ժամկետը հասցնել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը։ Մինչև այդ ամսաթիվը բանակից խուսափած անձինք կարող են 3 միլիոն 600 հազար դրամի դիամց ազատվել քրեական հետապնդումից։
Օրենքն ուժի մեջ է մնալու մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 84 կողմ ձայներով։
11:07 17.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքը, որի հիման վրա բանակի համար ներկրվող զենքը կազատվի հավելյալ հարկային բեռից։
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 84 կողմ ձայներով։
13:05 15.11.2017
Հայաստանի խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի քննարկման ընթացքում հարց է հնչել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ։ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք նախադրյալներ և միջոցներ՝ երկու երկրների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։
Հարցին պատասպանելիս ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ում պնդմամբ՝ այս պահին երկաթգծի կառուցման համար միջոցներ չկան։ Եվ նույնիսկ կառուցման դեպքում երկաթուղին շահավետ չի լինի։
11:57 15.11.2017
ՀՀ ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության անդամները ֆինանսների նախարարին հարցեր ուղղեցին փոքր և միջին ձեռնարկատերերի հանդեպ ադեկվատ վարչարարության թեմային։ Հարցը հասավ հարցին, թե արդյոք նախարարության «դուխը չի հերիքում» պայքարել մենաշնորհային դիրք զբաղեցնողների դեմ։
10:49 15.11.2017
Ազգային ժողովում մեկնարկել է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի քննարկումը։ Բյուջեի հոդվածները կառավարության անունից ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա նաև ամբողջացրել է 2017 թվականի ցուցանիշները ու նշել, որ այս տարվա ընթացքում սպասվում է 4,3 տոկոս տնտեսական աճ։
Նախարարին հարցեր տալիս «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հաջորդ տարվա բյուջեում սոցիալական ծախսերի աճ նախատեսված չէ։ Նախարարն ի պատասխան նշել է, որ սոցիալական խնդիրները փորձում են լուծել ոչ միայն նպաստներով, այլև ենթակառուցվածքների ապահովման, արտոնյալ վարկերի տրամադրման և այլ միջոցներով։
09:32 15.11.2017
Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստի սկզբում քվերակությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկված 9 օրենքների և օրենքների փաթեթների նախագծեր, ընդ որում՝ 5-ը՝ միաձայն։ Օրենքներից հատկապես լայն քննարկման առարկա էր դարձել։
17:49 14.11.2017
Այսօր շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանում գրանցված շաքարախտով հիվանդները մոտ 80 հազար են, նրանց և՛ հետազոտությունները, և՛ դեղամիջոցները տրամադրվում են անվճար։ Աշխարհում այս հիվանդությունը տարածված է ավելի քան 400 միլիոն մարդու շրջանում։
Հիվանդությունը հիմնականում անցնում է ժառանգաբար, իսկ ձեռքբերովի տարբերակից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել սննդակարգին, զբաղվել սպորտով։
Այս տարի շաքարախտի դեմ պայքարի օրվա միջոցառումները նվիրված են շաքարախտով հիվանդ կանանց, քանի որ նրանց մոտ կեսը վերարտադողական տարիքում են, կարող են երեխա ունենալ։
11:13 14.11.2017
Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն տեղեկությունների վերաբերյալ, որ իսրայելցի մասնագետները սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրելու համար ադրբեջանցիների հրահանգով մասնակցել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի դեմ գրոհներին։
Հուլիսին իսրայելական Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։
Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ ոստիկանության՝ միջազգային քրեական հետաքննությունների ստորաբաժանումը աշխատանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին։ Իսրայելի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․
«Ընթացքի մեջ է Aeronautics Defense Systems ընկերության դեմ հետաքննությունը նշանակալի գնորդի հետ գործարքի վերաբերյալ»։
Հետաքննության հետ կապված՝ դատարանի որոշմամբ արգելվել է նաև հավելյալ տեղեկությունների տրամադրումը։
Մինչ այդ՝ դեռ օգոստոսին, դեպքի հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին»։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։
Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը հայտնել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։
Orbiter-1K մահապարտ անօդաչու սարքերը, որոնց միջոցով ադրբեջանական կողմից գրոհել էին հայկական դիրքերը, ունեն մարտագլխիկ, նրանց նպատակն է հայտնաբերել թիրախը և ընկնելով նրա վրա՝ պայթել ու վնաս հացնել նրան։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն ունի իսրայելական մասնավոր ընկերության հետ և տեղում՝ Ադրբեջանում իրականացնում է այս անօդաչու թռչող սարքերի արտադրությունը (Իսրայելում արտադրված մասերով Ադրբեջանում ամբողջական սարքերի հավաքումը)։
17:24 13.11.2017
Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտարարել է նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասները խոսնակը չի ներկայացրել։
14:14 13.11.2017
Նոյեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է Տավուշի սահմանամերձ Բարեկամավան գյուղը։ 17։50-ի սահմաններում կրակոցները տևել են մոտ 5 րոպե, ապա շարունակվել են 18։20-ից սկսած, հայտնում է Aravot.am-ը։
ShantNews․am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ արձանագրվել է ՊԿ խոշոր գնդացրի 30 կրակոց և ԴՇԿ խոշոր գնդացրի մի քանի կրակոց։ Դրանց մի մասն է եղել գյուղի ուղղությամբ։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում Տավուշի դիրքերի ուղղությամբ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, իսկ գնդակոծությանը հաջորդած գիշերը կրակոցներ չեն եղել։
14:30 11.11.2017
Արցախի զորամասերից մեկում հակատանկային ականի պայթյունից վիրավորված զինծառայողն սկսել է ինքնուրույն շնչել։
16:20 10.11.2017
Հայաստանի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը Ռուսաստանի գործընկերներին հարցում է ուղարկել՝ ճշտելու համար Ռուսաստանում հայկական լոլիկի 21 տոննա խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին տեղեկությունները։
Լուրն այսօր հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ պնդելով, որ նմուշառման արդյունքում լոլիկի մեջ վտանգավոր վնասատու հարավամերիկյան ցեց է հայտնաբերվել։ Արդյունքում լոլիկի ամբողջ խմբաքանակը առգրավվել է։
«Պարզաբանում ենք խնդրել, թե ինչ տնտեսվարող է և ինչ խմբաքանակի մասին է խոսքը, որովհետև խախտման կամ հետվերադարձի մասին մեզ պաշտոնապես տեղեկություն չի եկել։ Տեղեկությունը եղել է լրատվամիջոցներում, և մենք պետք է պարզենք՝ որ տնտեսվարողի մասին է խոսքը, երբ է արտահանել, ինչ է արտահանել, որտեղից է արտահանել։ Մենք [նամակը] գրել ենք, որ մեզ գրությամբ պարզաբանեն», — Շանթնյուզի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը։
Սրան զուգահեռ այսօր թուրքական մամուլը տեղեկություններ է տարածել, թե Ռուսաստանը հանել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը, և այսօր լոլիկի առաջին խմբաքանակը Թուրքիայից արտահանվել է Ռուսաստան։
12:31 10.11.2017
Հայաստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող վերապատրաստման դասընթաց է անցել Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում։ Հայաստանի զինծառայողների հետ դաընթացին մասնակցել են նաև Ղազախստանի և Բելառուսի սակրավորները։
Վերապատրաստումն անցկացվել է Ռուսաստանի այն կենտրոնում, որը զբաղվում է Սիրիայում զինյալներից մաքրված տարածքների ականազերծմամբ։ Կենտրոնի զինծառայողների սիրիական փորձը նույնպես ներկայացվել է դասընթացի ընթացքում։
Հավանական է, որ դասընթացն անցկացվել է այն բանի համար, որ երեք երկրների, այդ թվում և Հայաստանի սակրավորները պատրաստ լինեն Սիրիայում գործողություններին։
Հայաստանը Սիրիայի ականազերծման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նոյեմբերի սկզբին։ Սակայն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը՝ առանց մասնավորեցնելու, թե քանի զինծառայողի մասնակցության մասին է խոսքը։