18:01 27.12.2017
Ինչո՞ւ հայ հեռուստադիտողն ամեն օր պետք է լսի, թե արդյոք բաց է ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի լեռնանցքը։ Որովհետև այնտեղով է անցնում Հայաստանը ցամաքով Ռուսաստանին կապող միակ բաց ճանապարհը։
15:59 27.12.2017
ՀՀ կառավարությանն առաջարկված նախագծերից մեկով առաջարկվում է ՀՀ ՊՆ «Արզնի» ռազմական օդանավակայանը շահագործել նաև քաղաքացիական նպատակներով։ Դրա համար օդանավակայանը կընդգրկվի քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման օդանավակայանների ցանկում: Նախագիծը հրապարակվել է e-draft․am կայքում։
13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
12:04 25.12.2017
Անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում լարվածություն առաջացնող հիմնական կողմերից էր Ադրբեջանը։ Այս կարծիքին է վերլուծաբան Նարեկ Մինասյանը, ով այսօր ամփոփել է 2017-ին տարածաշրջանային իրադարձությունները։ Բաքուն տարվա սկզբից փորձեց որոշակի լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում։
Ադրբեջանական բանակի դիվերսիաներն ավարտվեցին անհաջողություններով, իսկ այդ գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, թե որ կողմն է սադրանքներ հրահրում հակամարտության գոտում։
10:28 22.12.2017
ՄԱԿ-ի բանաձևն ընդունվել է գերակշիռ 128 կողմ ձայներով։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի քայլը դատապարտողների թվում են եղել Վաշինգտոնի գրեթե բոլոր եվրոպական ու արաբական դաշնակիցները, աֆրիկյան ու ասիական պետությունների մեծ մասը։
15:52 20.12.2017
Հայերի դեմ թշնամանքն ու ատելությունը ադրբեջանցի երեխաներին սերմանվում է դպրոցական տարիքից, դպրոցական բոլոր դասագրքերից։ Հակահայկական քարոզչության այս դրսևորումները հայ մասնագետները հավաքել են մեկ կայքում, որպեսզի միջազգային հանրությանն ու հենց հայկական հասարակությանը ցույց տան, թե ինչ ոճով են դաստիարակվում ադրբեջանցիները և ինչ կարելի է սպասել այդ սերնդից։ Այսօր կայացել է այս ամենը ներկայացնող AzeriChild.Education կայքի շնորհանդեսը։
15:48 20.12.2017
Այսօր կայացել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկող հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի խնդիրն է զորակոչիկների դիմումների հիման վրա քննարկել նրանց հուզող հարցերը և անհրաժեշտության դեպքում միջնորդել, որպեսզի նրանց կրկին հետազոտեն բժշկական հանձնաժողովներում։
Վիճակագրության համաձայն՝ ստացված դիմումների մեկ երրորդը վերջնական արդյունքով բավարարվում է։ Զորակոչիկներն ու նրանց ծնողները դիմումները հանձնաժողովին կարող են ներկայացնել զորակոչի ամբողջ ընթացքում։
17:54 19.12.2017
Ադրբեջանցի հաքերներն այս տարի անցել են այլ գործելաոճի։ Համացանցում կայքեր կոտրելու փոխարեն նրանք սկսել են կոտրել հայ օգտատերերի հաշիվները, այնտեղ տեղադրել ադրբեջանական դրոշը, գողանալ անձնական ինֆորմացիա և այլն։
18:37 16.12.2017
Իրանական սահմանից Հայաստան մտնելիս առաջին բանը, որ կտեսնեն այցելուները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտին է։ Նորաբաց արտոնյալ տարածքում արտադրվող ամեն ինչ ավելի էժան կարժենա՝ մի շարք հարկատեսակներից ազատված լինելու շնորհիվ։ Այստեղի արտադրանքը հեշտությամբ կարտահանվի ինչպես Իրանի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության ու Եվրոմիության շուկաներ։
12:23 12.12.2017
Վերջին երկու տարիներին Հայաստանում ստեղծված ռազմական տեխնիկան ու սպառազինությունն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացվել է Ռազմարդյունաբերական հանձնաժողովի անդամներին, որոնց թվում են նաև վարչապետն ու կառավարության այլ անդամներ։
16:04 09.12.2017
Վիգեն Սարգսյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումները, համապատասխանաբար պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններում, նախորդ տարվա ամենահնչեղ փոփոխություններն էին պաշտպանական ոլորտում, սակայն Ապրիլյան պատերազմից սկսած մինչ օրս փոխվել են ոչ միայն ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարները, այլև նրանց տեղակալները։ Փոփոխություններ են եղել նաև պաշտոնյաների պատասխանատվության շրջանակների հարցում։
16:02 09.12.2017
Լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։ Ցանցում հայտնի այս լուսանկարը 2014 թվականի է, բայց նրա բովանդակությունը չի փոխվել։ 2017 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ կանանց թիվն արդեն 6 է (լուսանկարում ստորև)։
16:29 05.12.2017
Ռուսաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով։ Ռուսաստանից զենք գնելու համար 100 մլն դոլար վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացումը քննարկելու ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը։
«Նոր համաձայնագիրը հնարավորություն է տալու շարունակել նոր միջոցների ձեռքբերումը։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ այս համաձայնագրի իրականացման արդյունքում ավելանալու են հակաօդային պաշտպանության զորքերի կարողությունները, ինչպես նաև մեր զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները», — նշել է Նահապետյանը։
Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով ձեռքբերվող սպառազինության ցանկը գաղտնի է։ Բայց ԱԺ-ում նույն քննարկման ընթացքում ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ այդ զինատեսակները տարածաշրջանային նշանակություն ունեն։
15:55 05.12.2017
Ռուսաստանի տրամադրած վարկով գնվող սպառազինությունը տարածաշրջանային նշանակություն ունի և էականորեն ամրապնդելու է հայկական բանակի կարողությունները։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։
15:03 05.12.2017
Մինչև 2030 թվականը, ընդամենը 12-13 տարում, աշխարհում կարող է կրճատվել 800 միլիոն աշխատատեղ։
13:19 05.12.2017
2016 թվականի տվյալներով հաշվարկված ցուցանիշով Հայաստանը ճանաչվել է երրորդ ամենառազմականացված երկիրն աշխարհում և այս ցուցակում զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին։ «Բոննի հաղորդակցության միջազգային կենտրոնի» այս տարվա զեկույցի համաձայն՝ նախորդ՝ 2015 թվականի համեմատությամբ Հայաստանն այս ցուցակում բարձրացել է 18 հորիզոնականով։ Սակայն դրան նախորդող տարիներին Հայաստանը հիմնականում եղել է հենց առաջատար հնգյակում։
15:42 30.11.2017
Turkish Airlines թուրքական ավիափոխադրող ընկերությունը մտադիր է հաջորդ տարի դեպի Երևան օդային փոխադրումներ սկսել։ Այս մասին ընկերության տնօրենը հայտնել է թուրքական «Անադոլու» պետական գործակալությանը։
«Լինելու են նոր ուղղություններ դեպի Արևելք, Աֆրիկա, ԱՊՀ երկրներ (Հայաստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան) …», — նշել է ընկերության տնօրենը։
Նշենք, որ թուրքական Atlas ավիաընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Օդանավակայանից թռիչքներ իրականացնող բոլոր ընկերությունների ցանկը հասանելի է այստեղ:
14:18 30.11.2017
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Էլմար Մամեդյարովը նաև տեղեկացրել է, որ համանախագահների հետ Մոսկվայում իր նախորդ հանդիպումը «խորը և մանրամասն» քննարկում են ունեցել։
17:27 29.11.2017
2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։
16:53 27.11.2017
Հայաստան-Եվրոմիություն համաձայնագրի դրույթները սահմանում են այնպիսի պայմաններ ու բարեփոխումներ, որոնցով հայկական կողմը կտեղայնացնի եվրոպական կարգեր, որոնք էլ եվրոպացի ներդրողին վստահություն կներշնչեն։ Դրանց թվում են մասնավորապես մրցակցության ապահովումն ու կադրերի պատրաստումը։ Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ սա օգուտներից միայն մեկն է, որ համաձայնագրից կարող է ակնկալել Հայաստանի քաղաքացին։
— Այս տարրերը եվրոպական բիզնեսներին կարող են խրախուսել ավելի շատ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այս դրույթները եվրոպական ընկերություններին կարող են խրախուսել ավելի շատ առևտուր անել, որովհետև այդ դրույթները հաստատելու են երաշխիքներ, որ Հայաստանում կիրառվում են բիզնեսի ժամանակակից, ավելի ճիշտ՝ արևմտյան ստանդարտներ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Որևէ բան մի սպասեք վաղ, կամ մյուս օրը։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ ցուցաբերված համագործակցության ոգին ավելի կընդգծվի կիրառման ընթացքում։ Եւ հավատացած եմ, որ իրական փաստերը ցույց կտան, թե որքան օգտակար է այս համաձայնագիրը Հայաստանի ու Եվրոմիության համար,ինչպես նաև այլ երկրների համար, — հայտարարել է Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը։
Երևանն այս փաստաթղթի իրագործման դեպքում կարող է նաև կապող օղակ լինել եվրոպական ու եվրասիական տնտեսական կառույցների միջև, քանի որ այստեղ հաշվի են առնված նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները։ Ավելին, դեսպանի խոսքով՝ եվրոպական կողմը ուրախ կլինի, եթե Հայաստանը կարողանա կապող կամուրջ դառնալ երկու գոտիների միջև։
Նույն տրամաբանության մեջ է Պյոտր Սվիտալսկին ներկայացրել նաև վիզաների հարցը՝ եվրոպացին պետք է վստահ լինի, որ Հայաստանից Եվրոպա եկողը կրում է նույն արժեքները։ Թեև այս պայմանները բավարարելու դեպքում եվրոպական կողմը պատրաստ է անմիջապես ձեռնարկել վիզային ռեժիմի ազատականացում, սակայն դեսպանի խոսքով՝ դրան հասնելու համար երկար աշխատանք է պետք։
— Վիզաների ազատականացումը իրավունք չէ, դա արտոնություն է։ Եվ եվրոպացի քաղաքացիները պետք է իմանան, որ վիզաների ազատականացման ձգտող երկրներն ունեն եվրոպական կողմնորոշում, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են դիտարկվել որպես իսկական եվրոպացիներ, նրանք ուզում են ապրել եվրոպական ստանդարտներով ու նորմերով և նրանք մտածում են ինչպես եվրոպացի, — նշել է դեսպանը։
Սվիտալսկին խոսել է նաև ԵԱՏՄ գծով Հայաստանի հանձնառությունների մասին ու նշել, որ Եվրոմիությունը նման համաձայնագիր ունի նաև Ղազախստանի հետ։ Ու թեև Հայաստանի հետ համաձայնագիրը ավելի ընդգրկուն է, սակայն այն չի խանգարում Հայաստանի եվրասիական հանձնառությունների կատարմանը։ Ավելին, Հայաստանը կարող է կապող կամուրջ լինել, ինչի համար Եվրոմիությունը նույնիսկ ուրախ կլինի։
16:07 24.11.2017
Ռուսական պետական Russia Today ալիքի կայքը, որ համարվում է Ռուսաստանի պետական քարոզչության առացնքներից մեկը, վերլուծություն է թողարկել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասին, որում հիշատակվում է նաև Հայաստանի և Եվրոմիության միջև ստորագրվելիք համաձայնագիրը։
Վերլուծության հիմքում դրված է այն կանխակալ պնդումը, թե այս ծրագիրը՝ Արևելյան գործընկերությունը, չի հաջողվելու, քանի որ ԵՄ անդամ պետություններ ու Արևելյան հարևաններն ունեն հակադիր դիրքորոշումներ։ Առանցքային քարոզչական ուղերձն այն է, թե Եվրոմիությունը մտադիր է հետխորհրդային հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ ջերմացնել իր հարաբերությունները, բայց ուզում է դա անել հենց հետխորհրդային պետությունների հաշվին, առանց նրանց որևէ կարգավիճակ տալու։
Հայաստանը նույնպես անմասն չի մնացել հոդվածում հիշատակումից։ Այստեղ, սակայն, շեշտը դրված է հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ ստորագրվելու է նաև դրա վերաբերյալ հռչակագիր, որում հիշատակվելու են նաև սահմանային հարցեր։ Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը, բնականաբար, տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում։ Եվ ձևակերպումների հարցը բանակցությունների թեմա էր մինչև վերջին օրերը։
Հենց սրա վրա են շեշտը դրել ռուսական քարոզչության մասնագետները՝ ակնարկելով, որ եթե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե կոնսենսուսային ձևակերպումները չգտնվեն։ Հոդվածի հիմնական նպատակն, այսպիսով, համաձայնագրի առաջիկա ստորագրումը կասկածի տակ դնելն է ու դրա նշանակությունը նվաստացնելը։
13:43 24.11.2017
Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների գործակալությունը միջազգային կառույցներին դիմել է խնդրագրով՝ վերադարձնել ադրբեջանական բանակի զինծառայողի դին, որը միջդիրքային գոտում հայտնաբերել էին ՀՀ ԶՈւ զինծառայողները։
Ադրբեջանի բանակի՝ Նախիջևանում ծառայող կապիտանը դեռ սեպտեմբերին սպանել էր իր երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել։ Արդեն նոյեմբերին Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածի (Նախիջևանի ուղղություն) դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանցու դիակը։
«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», — նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ադրբեջացու դիակը վերադարձնել Ադրբեջանին։
12:35 24.11.2017
Հայաստանում ներկայում գործում է 65 գրանցված և մոտ 200 չգրանցված կրոնական կազմակերպություն։ Այս թվերը ներկայացրել է «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Նրա խոսքով՝ ավանդական եկեղեցիների հետևորդներին չհաշված՝ մյուս կրոնական կազմակերպություններին անդամակցում է մոտ 350 հազար քաղաքացի։
Ամարյանը նշում է, որ այս կառույցները մարդկանց իրենց շարքերն են ներքաշում ապօրինի եղանակներով` քարոզչություն իրականացելով փողոցում, ինչն արգելված է։ Ընդ որում՝ փողոցային քարոզչությունն էլ իրականացվում է հիվանդանոցների ու ոստիկանության շենքերի դիմաց, որտեղ մարդիկ այսպես թե այնպես այցելում են ստրեսային վիճակում։ Սա այդ կազմակերպություններին թույլ է տալիս այդ մարդկանց ավելի հեշտությամբ ներգրավել իրենց կառույցի մեջ։
Կրոնական այս կառույցներում շրջանառվում են նաև զգալի ֆինանսական միջոցներ, որոնց ստուգման մեխանիզմներ գործող օրենքներով նախատեսված չեն։ Ավելին, ընտրությունների ժամանակ այս կրոնական կառույցները նաև «ձայներ» են մատակարարում կուսակցություններին։
17:58 22.11.2017
Կենտրոնական բանկի թողարկած 500-դրամանոց նոր թղթադրամների գինը բարձր է լինելու, քանակը՝ սահմանափակ։ Պատճառն այն է, որ դրանք ոչ թե առևտուր անելու համար են, այլ վաճառվելու են հավաքորդներին։ Բայց այս թղթադրամով, միևնույն է, չի արգելվի առևտուր անել․ այն վճարման օրինական միջոց է։
— Իրենց վաճառքի գինը լինելու է 1700 դրամ։ Եթե որևէ մեկը ցանկանա 1700 դրամով ձեռքբերած թղթադրամը օգտագործել որպես 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դա նրա առանձին որոշումն է։ Սրա ծավալն ընդամենը 300 հազար հատ է, — թղթադրամը ներկայացնելիս նշել է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։
Նոր թղթադրամը կոմպոզիտային նյութից է և ունի պաշտպանության ամենաբարձր մակարդակ։ Դրա թողարկմամբ կենտրոնական բանկը կստուգի՝ արդյո՞ք դրանք հարմար են շրջանառության համար, քանի որ մեկ տարուց թողարկվելու են 1000-ից մինչև հիսուն հազար արժեքներով, նույն նյութից պատրաստված նոր թղթադրամները։ Այսօր կենտրոնական բանկում ներկայացվել են նաև մյուս տարի թողարկվելիք թղթադրամների էսքիզները։ Հաջորդ նոյեմբերին դրանք հանրությանը կներկայացվեն հայկական դրամի ներդրման 25-ամյակի առիթով։
— Հաջորդ տարի կներկայացնենք դրանց պաշտպանական մեխանիզմները, նորից կիրազեկենք, որ պատկերավոր ասած՝ հին փողերը նույնպես մնում են շրջանառության մեջ։ Բայց հնարավոր է, որ 2000-դրամանոց նոր թղթադրամը, որի պահանջարկը դրամաշրջանառության մեջ արդեն կա, ավելի վաղ ներդրվի, — տեղեկացրել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։
Այսպես կոչված՝ երրորդ սերնդի թղթադրամներին պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։ Բայց նոր թղթադրամների էսքիզները վերջնական չեն, դրանք կարող են փոփոխվել մինչև տպագրությունը։
15:26 22.11.2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության մասնակիցների, ԱԺ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի քննարկումն ավարտվեց։
Ուսանողներն ու իշխանությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին, որ պաշտպանության նախարարությունում կքննարկեն նախաձեռնության անդամների առաջարկները երկշաբաթյա ժամկետներում, ինչից հետո նորից կլինի հանդիպում։
13:07 22.11.2017
Անցյալ տարի Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարները գնահատվում էին 4400 տոննա։ Սակայն մեծաքանակ որսի պատճառով դրա ծավալներն այս տարի ընդամենը 2600 տոննա են։
Պատճառը նաև չինական նոր գործիքներն են, որոնց օգնությամբ խեցգետինը որսում են՝ անկախ նրա չափից։ Սրա հետևանքով հաճախ բռնվում է մանր խեցգետին, ինչի հետևանքով 3-4 տարուց խեցգետնի պաշարների ավելի լուրջ անկում կարող է լինել։
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինտիտուտի տնօրենի խոսքով՝ աշխարհում ընդունված է, որ խեցգետնին կարելի է որսալ նրա առաջին ձվադրումից հետո։ Հայաստանի դեպքում դա նշանակում է, որ կարելի է որսալ 9 սմ և ավելի մեծ երկարություն ունեցող կենդանիներին։ Սակայն հայկական շուկայի պահանջարկը ստիպում է որսալ ու վաճառել նույնսիկ 4-5 սմ մեծությամբ խեցգետիններին։
15:15 21.11.2017
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը հավանություն է տվել վավերացնելու ՆԱՏՕ-Հայաստան համաձայնագիրը, որով հայկական բանակի անպիտան տեխնիկայի ոչնչացման համար ՆԱՏՕ-ն տրամադրելու է 1,1 մլն դոլար։ Այսպիսով նախագիծը Ազգային ժողովի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին։