09:59 17.01.2018
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսախցիկներ կունենան և՛ ճանապարհային, և՛ մյուս ոստիկանները։ Այս մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարել է ՀՀ ԱԺ-ում։
09:57 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում մասնավորապես սահմանվում են հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու պայմանները։
09:24 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովն այսօր միաձայն 93 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
15:50 16.01.2018
Գնաճի դեպքում պետք է աշխատավարձերն ու թոշակները բարձրացվեն, որ մարդիկ կարողանան միջին զամբյուղն ապահովել։ Հայաստանում ապրանքների թանկացումները զսպելու վերաբերյալ նման դիրքորոշում է այսօր հայտնել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը:
13:56 16.01.2018
Ալբերտ Դալլաքյանի ծառայակիցներն ու վիրավոր մյուս զինծառայողները կոչ են անում մի կողմ թողնել խոսակցություններն ու տարբեր ճամբարների բաժանվելը, քանի որ հիմա վիրավորված զինծառայողի հարցը պետք է լինի օրակարգում։ Ալբերտ Դալլաքյանի ծառայակից Մանվել Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում զինծառայողի բուժման հնարավորություն կա, բայց լավ արդյունք ունենալու հավանականությունն ավելի մեծ է, եթե նրան տեղափոխեն արտերկրում բուժելու։
10:52 16.01.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն է որոշելու, թե ով կդառնա հանրապետության նախագահ։ Այս մասին նա ԱԺ միջանցքում ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
10:11 16.01.2018
Վրաստանի Սաչխերեի ռազմական դպրոցում մեկնարկել է լեռնային պատրաստության հերթական դասընթացը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ կայքը։
Դասընթացի նպատակն է զինծառայողներին պատրաստել լեռնային պայմաններում գործողություններին, ձնապատ տարածքում որոնողական աշխատանքների իրականացմանը և այլ հմտությունների։
Հայաստանի զինծառայողների հետ այս դասընթացին մասնակցում են նաև Լատվիայի և Լեհաստանի զինծառայողներ՝ ընդհանուր առմամբ՝ 12 զինծառայող։
Նշենք, որ հայկական բանակի զինծառայողների՝ Վրաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցելը պարբերական բնույթ է կրում։ Մեր զինվորականները Սաչխերեում վերապատրաստվում են ամեն տարի։
14:01 15.01.2018
Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախաձեռնությունը խախտում է սպառողների իրավունքները, պնդում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ ուղղակի արգելքի փոխարեն կարելի էր թանկացնել աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը, և եթե որևէ մեկը ցանկանար վարել հենց աջ ղեկով մեքենա, կկարողանար ներմուծել այն ավելի թանկ գնով։
17:50 13.01.2018
Ոստիկանությունը բացահայտել է դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը։ Կասկածյալի ինքնությունը բացահայտվել է նրա կողմից՝ մեկ այլ տուն թալանելու ժամանակ։
17:00 13.01.2018
Այս տարվանից հայկական զինված ուժերին մատակարարվող համազգեստները կարվում են նոր, ավելի որակյալ կտորից։ Այս մասին ShantNews-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի որակով համազգեստի անհրաժեշտության մասին մինչ այս հայտարարել էր ՀՀ ՊՆ 1-ին տեղակալը՝ մասնավորապես նշելով, որ առնվազն դիրքապահներին պետք է տրամադրվի ավելի դիմացկուն համազեգստ։
Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոփոխվել ու փոփոխվում են նաև բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում զորքերին տրամադրվել են մի քանի անցումային տարբերակներ։
Նախարարությունը նախատեսում է հետագայում անցնել միօրինակ կոշիկներ, որոնց որակը բրենդային մակարդակի կհասցնի դրանք։
16:30 13.01.2018
Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել են միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։
12:40 13.01.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմում հունվարի 6-ից ստեղծվել է խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ կայքի երեկվա հաղորդագրություններից մեկում։
14:35 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայկական առաջնություններում տեսնում է շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց տաղանդով կարող են գերազանցել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում։ Հաստատ 10-ից ավելի ես տեսնում եմ։ Բայց արդյո՞ք նրանցից որևէ մեկը կդառնա այն, ինչը նշեցի Մխիթարյանի մասին։ Շատ կարևոր է՝ լինել աշխատասեր Մխիթարյանի նման և լինել պրոֆեսիոնալ Մխիթարյանի նման, լինել կարգապահ Մխիթարյանի նման և ամենակարևորը սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման», — նշել է Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այս 4 հատկանիշներն ունենալու դեպքում այդ 10 ֆուտբոլիստները Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կդառնան։
13:53 12.01.2018
«Իմ համար շատ ավելի կարևոր է, և բոլորիս համար պետք է շատ ավելի կարևոր լինի, որ ինտրիգ լինի Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի առաջնությունում ինտրիգ լինի, ուժեղ ակումբներ լինեն, շատ ավելի կուժեղանան մեր ակումբները։ Բնականաբար Եվրոլիգաներում ավելի հաջող հանդես կգան», — հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ունենալ և ուժեղ ֆուտբոլիստներ, և ուժեղ ակումբներ, որոնք արդեն կկարողանան միջազգային առաջնությունների մասնակցել։ Այս մասին Հայրապետյանը հայտարարել է՝ պատասխանելով օտար երկրներում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին հարցին։
«Օրինակ, ես կարծում եմ՝ Սահակյան Արմանը, հենց ինքն ավելի է ուժեղացնելու նույն «Ալաշկերտը»։ Նույն «Բանանցի» ղեկավարները, կարծում եմ, Արարատ Ոսկանյանի հայտնվելն ավելի ինտրիգ է։ Նույն «Արարատ Երևանի» սեփականատերերը, կարծում եմ, արդեն ավելի են ուժեղացնելու, որովհետև հակառակ դեպքում «Արարատ Երևանը» ստվերում կմնա», — հայտարարել է Հայրապետյանը։
13:08 12.01.2018
«Մրցավարական կոնկուրսն այն տեղն է, որը միշտ էլ խոցելի է․ և օբյեկտեիվ, և սուբյեկտիվ կարող ենք քննադատալ։ Բնականաբար մրցավարն ինքն էլ մարդ է և կարող է սխալվել», — Հայաստանի ֆուտբոլային մրցավարների վերաբերյալ դժգոհությունների մասին հարցին պատասխանելիս նշել է Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ մրցավարներին ավելի շատ են թիրախավորում, քան պետք է։ Հայրապետյանի կարծիքով՝ սխալներ ու բացթողումներ անշուշտ եղել են, սակայն մրցավարների աշխատանքը ներկայացվում է ավելի վատ, քան նրանք իրականում աշխատում են։
«Մրցավարներն ավելի ուժեղ են, քան առաջնությունը։ Մրցավարներն ավելի լավն են, քան մեր բարձրագույն խմբի ակումբները», — նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։
12:59 12.01.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն 10 մարզիկների կազմում հայտնվելն ու նրա՝ ամենաշատը ձայներ հավաքելը։
«Բոլորդ գիտեք՝ ըմբշամարտ, ծանրամարտ, դրանք էն սպորտաձևերն են, որոնք շատ քիչ երկրներ են զբաղվում և շատ քիչ հանդիսատեսներ ունեն։ Ես չեմ ուզում նսեմացնել որևէ սպորտաձև, իմ համար Հայաստանի պատիվը պահող ցանկացած սպորտաձև շժատ բարձր տեղ ու դեր ունի։
Ֆուտբոլին միլիարդավոր մարդիկ են հետևում։ Եվ ես հեչ համաձայն չեմ այն մտքի հետ, թե Հենրիխ Մխիթարյանը ավելի շատ չէ ներկայացրել Հայաստանը, մեր երկիրը։ Ուղիղ հակառակը։ Թող մեկը ասի՝ բոլոր այդ սպորտաձևերը միասին միլիարդից ավել մարդ նայե՞լ է։ Այն խաղից ավել, որ Հենրիխը խաղացել է և եռագույնը ուսերին ման է եկել։ Եվրոլիգայի ֆինալի խաղը նկատի ունեմ», — նշել է Հայրապետյանը։
12:24 12.01.2018
Չեխիայի ԱԳ նախարարությունը նամակով դիմել է այդ երկրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպաններին՝ կոչ անելով չմիջամտել Չեխիայի ներքին գործերին։ Պատճառն Հայաստանի ու նշված երկրների դեսպանների՝ դեկտեմբերին Չեխիայի ԱԳ նախարարությանն ուղղված նամակն է։
Նամակում դեսպանները խնդրել էին թույլ չտալ, որ Պրահայում Խորհրդային Միության մարշալ Կոնևի հուշարձանի մոտ նոր հուշատախտակ տեղադրվի։ Պրահայի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել էին զորահրամանատարի արձանին մոտ դնել հուշատախտակ, որը կպատմեր նրա՝ մարդկության դեմ գործած հանցագործությունները՝ նկատի ունենալով Հունգարիայում (1956 թ.) և Չեխոսլովակիայում (1968 թ.) խորհրդային բանակի կողմից զենքի գործադրմամբ ժողովրդական ապստամբությունների ճնշումը։
Դեսպաններն իրենց նամակում նշել էին, որ նման ցուցատախտակի նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը։
ShantNews-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը դժվարացավ անմիջապես մեկնաբանել Չեխիայի ԱԳՆ նամակը։ Ինչ վերաբերում է դեկտեմբերին դեսպանների կողմից ուղարկված նամակին, Տիգրան Բալայանը նշեց. «Դա եղել է ռուսական կողմի նախաձեռնությունը, որին միացել է նաև մեր դեսպանը»։
21:29 11.01.2018
Պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է սահմանել այդ կառույցների նոր կանոնադրություններն ու կառուցվածքները։
Սա բխում է կառավարության այսօրվա որոշումներից մեկով, որը սահմանել է գերատեսչություններից յուրաքանչյուրի՝ այս տարվա գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով պետք է լուծվեն դրանք։
Պաշտպանության նախարարության խնդիրներից մեկն է լինելու մինչև ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը սահմանելու մասին» որոշման նախագիծ։
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ ներկա կառուցվածքները սահմանվել են 2008 թվականին և արտացոլում են նույն ժամանակ ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մինչդեռ 2017 թվականի վերջին ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենք, որի հետ էլ պետք է ներդաշնակեցնել ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքները։
18:20 11.01.2018
Վարդենիսի ու Սիսիանի բժշկական կենտրոնները նախատեսվում է համապատասխանաբար միավորել Գեղարքունիքի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալներին։
18:06 11.01.2018
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով նախատեսվում է միավորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանները՝ ստեղծելով մեկ ռազմաուսումնական հաստատություն։
17:39 11.01.2018
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։
15:58 11.01.2018
Եվրոպական դատարանը բավարարել է հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի: Այս անգամ հայցվորը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանն էր, ով տարիներ առաջ հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի:
Ալեքսանդր Արզումանյանը, ով այժմ Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու որոշումը՝ հայտնի «Փողերի լվացման» գործով:
Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվել էր 2007թ-ին՝ ապօրինի եկամուտների օրինականացման գործով: Ազատ էր արձակվել նույն թվականի սեպտեմբերին և դիմել դատարան:
Հայցի բավարարման արդյունքում Հայաստանը Ալեքսանդր Արզումանյանին պարտավորվում է վճարել 2000 եվրո և ևս 500 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:
ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:
18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։
19:03 09.01.2018
Բենզինը, դիզելային վառելիքն ու բնական, սեղմված գազը հունվարին թանկացել են 20-ից 60 դրամով։ Սա հիմնավորվում է հարկային օրենսգրքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարի։ Սակայն Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ մարդիկ իրենց մեքենան մասնավորապես գազով լիցքավորելիս վճարում են շատ ավելի շատ
09:08 08.01.2018
Երեկ Նուբարաշենում մեկնարկած ավտոերթը վերաճել է Բաղրամյան փողոցի ինքնաբուխ փակման։ Աջ ղեկով մեքենաների ներկրումը սահմանափակող նախագծի դեմ հանդես եկողների մի մասը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ փակել է երթևեկելի հատվածը՝ որպես բողոքի նշան։ Կես ժամ տևած ինքնաբուխ ակցիայից հետո փողոցը բացվել է։
Երթի կազմակերպիչների նպատակն էր մարդկանց տեղեկացնել խնդրի մասին։ Պահանջն անփոփոխ է` չեղարկել, հետ կանչել կառավարության առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում ապրիլի 1-ից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան և դրանց վերահաշվառումը։
Նրանց պնդմամբ՝ վերահաշվառումն արգելող կետը հակասում է Սահմանադրությանը։ Երթի կազմակերպիչները հիմնավորում են, որ մեքենան իրենց սեփականությունն է, և իրենք պետք է իրավունք ունենան վաճառել այն։
Դեկտեմբերին նախաձեռնության անդամները այս խնդրի բարձրացման համար անցկացրել են ևս մեկ ավտոերթ, որից հետո հանդիպել են տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի հետ։ Համաձայնություն է ձեռքբերվել, որ նախաձեռնության անդամների առաջարկները, որոնց թվում է նաև վերավաճառքի արգելքի հանումը, կքննարկվեն կառավարությունում։
Սակայն այսօրվա ավտոերթի մասնակիցներից Արա Մելիքջանյանը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները արդյունք չեն տվել, և իրենք նորից սկսում են այն կետից, որտեղ կանգ են առել՝ կառավարությունից պահանջում են հետ կանչել նախագիծը։
11:25 06.01.2018
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հաղորդում է ՊԲ կայքը:
12:55 28.12.2017
Հնդկաստանի պետական «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության» («DRDO») արտադրանքը կարող է մատակարարվել Հայաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է «Հինդուսթան թայմս» կայքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին։
«Հայաստանը հետաքրքրված է DRDO-ի արտադրած զորային ռադարներով ու հեռահար հրետանու զինամթերքով», — նշված է հրապարակման մեջ, որում հիշատակվում է նաև այլ երկրների հետաքրքրվածությունը։
Հայաստանին հետաքրքրող սպառազինության կոնկրետ տեսակները, դրանց գինն ու քանակը չեն նշվում։ Ուսումնասիրելով հնդկական պետական կազմակերպության արտադրանքը՝ Razm․info կայքը բացահայտել է, թե ինչ ռադարներ կարող են հետաքրքրել Հայաստանի զինված ուժերին։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Նշենք, որ Հնդկաստանն աչքի չի ընկնում իր ռազմարդյունաբերական կարողություններով։ Այս երկիրը վերջին տարիներին մշտապես եղել է ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում։ Սակայն երկրի կառավարությունը վարում է զենքի պատվերների տեղայնացման քաղաքականություն․ պատվիրում է օտար արտադրողներից, սակայն պայմանով, որ զենքի մի մասն արտադրվելու է հենց Հնդկաստանի տարածքում։ Սա այս երկրին թույլ է տալիս քայլ առ քայլ ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։
Ինչ վերաբերում է հայ-հնդկական ռազմական համագործակցությանը, ապա այն թափ է ստացել հենց այս տարի։ Մայիսին Հնդկաստան է այցելել ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի անդամները եղել են Հնդկաստանի զորամասերում և ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ ոլորտներում գործակցելու վերաբերյալ․
ռազմական կրթություն,
խաղաղապահություն,
լեռնային պատրաստություն,
տարբեր զորավարժությունների և վարժանքների մասնակցություն,
ռազմատեխնիկական ոլորտներում զարգացում,
իրավապայմանագրային դաշտն ամրապնդում,
ՄԱԿ-ի շրջանակներում շփումների ակտիվացում։
Երկու կողմերի համագործակցությունն ունի նաև արտաքին խթանիչներ․ Հայաստանի և Հնդկաստանի հակառակորդները՝ Ադրբեջանը և Պակիստանը, լայն համագործակցություն են հաստատել ռազմական ոլորտում։