15:15 21.11.2017
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը հավանություն է տվել վավերացնելու ՆԱՏՕ-Հայաստան համաձայնագիրը, որով հայկական բանակի անպիտան տեխնիկայի ոչնչացման համար ՆԱՏՕ-ն տրամադրելու է 1,1 մլն դոլար։ Այսպիսով նախագիծը Ազգային ժողովի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին։
12:21 14.11.2017
Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հետ միաժամանակ Թուրքիան չի հրաժարվում եվրոպական համանման համակարգերի գնման վերաբերյալ բանակցություններից։ Ներկա փուլում С-400 համակարգերի վերաբերյալ արդեն կա նախագահների մակարդակով քաղաքական ծանրակշիռ պայմանավորվածություն։ Իսկ եվրոպական (Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության) SAMP-T տիպի համակարգեր գնելու վերաբերյալ շարունակվում են բանակցությունները։
11:13 14.11.2017
Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն տեղեկությունների վերաբերյալ, որ իսրայելցի մասնագետները սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրելու համար ադրբեջանցիների հրահանգով մասնակցել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի դեմ գրոհներին։
Հուլիսին իսրայելական Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։
Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ ոստիկանության՝ միջազգային քրեական հետաքննությունների ստորաբաժանումը աշխատանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին։ Իսրայելի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․
«Ընթացքի մեջ է Aeronautics Defense Systems ընկերության դեմ հետաքննությունը նշանակալի գնորդի հետ գործարքի վերաբերյալ»։
Հետաքննության հետ կապված՝ դատարանի որոշմամբ արգելվել է նաև հավելյալ տեղեկությունների տրամադրումը։
Մինչ այդ՝ դեռ օգոստոսին, դեպքի հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին»։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։
Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը հայտնել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։
Orbiter-1K մահապարտ անօդաչու սարքերը, որոնց միջոցով ադրբեջանական կողմից գրոհել էին հայկական դիրքերը, ունեն մարտագլխիկ, նրանց նպատակն է հայտնաբերել թիրախը և ընկնելով նրա վրա՝ պայթել ու վնաս հացնել նրան։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն ունի իսրայելական մասնավոր ընկերության հետ և տեղում՝ Ադրբեջանում իրականացնում է այս անօդաչու թռչող սարքերի արտադրությունը (Իսրայելում արտադրված մասերով Ադրբեջանում ամբողջական սարքերի հավաքումը)։