09:09 20.12.2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սևանի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
20:49 19.12.2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող անդամներին քիչ առաջ այցելել է շտապ բուժօգնության անձնակազմը: Բողոքի ակցիա անող երկու երիտասարդները՝ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը, գտնվում են Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում:
20:29 19.12.2017
Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են 2017թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018թ. ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:
Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:
Իր ամփոփիչ խոսքում հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դրական գնահատելով 2017թ.-ին հանձնաժողովի անդամների և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից իրականացված գործունեությունը, մի շարք հանձնարարականներ է տվել 2018թ. նախանշված միջոցառումների վերաբերյալ` կարևորելով գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը:
20:12 19.12.2017
Հանրապետության հրապարակում ժամը 20։00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Միաժամանակ, միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը։ Մինչ այդ Հանրապետության հրապարակում շոու ծրագիր էր՝ տարբեր պարային խմբերի և երգչախմբերի մասնակցությամբ։
Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը:
19:47 19.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն՝ դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ:
Հանրապետության Նախագահն այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Մեր երազանքի ճանապարհը»՝ յոթ նովելներից բաղկացած գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի հիմքում այդ նովելների էկրանավորումն իրականացրած յոթ հայ ռեժիսորները դրել են յուրաքանչյուրը մի պատմություն, որը ներկայացնում է Հայաստանի անկախության 25-ամյա ճանապարհն անցած տարբեր մարդկանց ճակատագրեր՝ հիմնված Հայաստանի հանդեպ ունեցած սիրո վրա:
18:21 19.12.2017
Դպրոցի տնօրենը 1,8 մլն դրամ է յուրացրել, հայտնում են ոստիկանությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
18:12 19.12.2017
Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք, տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
18:03 19.12.2017
Սակայն միայն Հայաստանում չէ, որ խոսվում է աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքի մասին: Բելառուսում և Ղազախստանում արդեն իսկ արգելված են աջ ղեկով մեքենաները: Հայաստանն էլ գնում է այս երկրների ճանապարհով: Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման համաձայն` աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելվում է Ղազախստանում և Բելառուսում:
17:54 19.12.2017
Ադրբեջանցի հաքերներն այս տարի անցել են այլ գործելաոճի։ Համացանցում կայքեր կոտրելու փոխարեն նրանք սկսել են կոտրել հայ օգտատերերի հաշիվները, այնտեղ տեղադրել ադրբեջանական դրոշը, գողանալ անձնական ինֆորմացիա և այլն։
17:33 19.12.2017
Եվրոպական միությունը կավելացնի հայաստանյան տարբեր ոլորտներին տրվող աջակցության չափը 20-25 տոկոսով: Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում, հայտնում է «Արմենպրես»-ը:
17:21 19.12.2017
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրապարակեց Կովկասյան բարոմետր 2017-ի՝ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով Հարավային Կովկասի երկրներում 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքները: Դրանք հարուստ տեղեկատվություն են պարունակում տարածաշրջանում ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ:
17:12 19.12.2017
Ս․թ․դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել։
16:24 19.12.2017
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսի վաճառքը: Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: ՈՒղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:
Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
16:12 19.12.2017
2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը ստացավ 10,899 ձայն (27,5%) և 10 մանդատ։ Հանրապետական կուսակցությունը ստացավ 14,889 ձայն և 13 մանդատ, ՀՎԿ-ն՝ 5286 ձայն և 5 մանդատ, ԲՀԿ-ն՝ 2872 ձայն 3 մանդատ, ՀՅԴ-ն՝ 2522 ձայն և 2 մանդատ։ Արդյունքում, Հանրապետական կուսակցությունը, իր կոալիցիոն գործնկերոջ՝ ՀՅԴ-ի հետ ստացավ 15 մանդատ, որը չէր կազմում ավագանիների թվի մեծամասնությունը, քանի որ Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան և Հայկական վերածնունդ կուսակցությունների ընդդիմադիր մանդատների ընդհանուր թիվը կազմում էր՝ 18 մանդատ։
15:59 19.12.2017
Ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում կկատարվեն փոփոխություններ և լրացումներ: Առաջարկների փաթեթը Սզգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Փոփոխությունները, մասնավորապես, սահմանում են ընկեցիկ երեխաների որդեգրման կարգը: Որդեգրումը կթույլատրվի միայն ամուսիններից յուրաքանչյուրի համաձայնության պարագայում և այն դեպքում, եթե ոստիկանությունը 3 ամսյա ժամկետում չի կարողացել գտնել երեխայի ծնողներին: Մեկ այլ դրույթով սահմանվում է որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարեբերությունը, որը չպետք է լիմի 50 տարեկանից ավելի: Հետաքրքիր ևս մեկ դրույթ վերաբերում է երեխաների կարծիքին: Եթե նախկինում հաշվի էր առնվում 10 տարեկանից բարձր երեխայի կարծիքը, ապա առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում հաշվի առնել նաև մինչև 10 տարեկան երեխայի կարծիքը:
15:53 19.12.2017
Պարեկապահակային գունդը 2016 թվականի հուլիսի 17 ին գրաված խմբի 11 անդամների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստը դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:Հետազոտվում են գործում առկա ապացույցները։ Պետական մեղադրողներ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը հրապարակել են 2016թ. սեպտեմբերին ՊՊԾ գնդի տարածքում այս գործի անջատված մասով անցնող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արթուր Սողոմոնյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը, համաձայն որի՝ Արթուր Սողոմոնյանը խմբի անդամներից մի քանիսի հետ ՊՊԾ գնդի գրավման օրը եկել է Սպիտակից՝ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ արձանագրության՝ այդ ժամանակ իրենց մոտ զենք չի եղել: Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ դմփոց է լսել, ինչից հետո տեսել է ՊՊԾ գնդի դարպասներից կիսով չափ ներս մտած «Կռազ» մակնիշի ավտոմեքենան: Ճաշարանի մոտ կրակոցներ է լսել, շոկի մեջ է ընկել, ցանկացել է դուրս գալ և ազատվել այդ ամենից: Նա մատնանշել է զորանոցի պատուհաններից մեկը, որտեղից կրակոցներ է լսել: Այդ ժամանակ ինքնաձիգ է եղել Արմեն Բիլյանի մոտ, իսկ Արայիկ Խանդոյանի զենքը կախված է եղել ուսից: Բիլյանը կրակել է եւ ոտքի հարվածով բացել դուռը եւ մտել շենք: Ըստ այդմ՝ նա նաեւ տեսել է ձեռքը փորին դրած սպիտակ շապիկով տղամարդու, որը կռացած շտապել է դուրս գալ տարածքից: Հաջորդ օրն է իմացել, որ նա վիրավոր ոստիկան է եղել:
Գործի նյութերի հրապարակաման ժամանակ Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը ըմբոստացավ՝ հայտարարեց, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ դատախազները ըստ էության չեն խոսում: Նշենք, որ ապացույցներում նշվում էին նաև Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և մյուսների անունները, որոնք քրեական գործից անջատված մասով են անցնում:
«Մարդկանց անուններ եք տալիս, որոնք ներկա չեն այստեղ: Ես չեմ ուզում նստեմ, ինձ պետք չի, որ ես իզուր տեղը ժամանակ մեռցնեմ: Ես լավ գիտեմ ինչ եմ արել, իմ ասածը հասկացողների համար ա, ոչ թե մտավոր հետամնացների»,- ասաց նա: Ամբաստայալը փորձեց հեռանալ նիստից, սակայն ոստիկաններն արգելեցին:
«Ձեզ կոռեկտ պահեք»,- Դեդին նկատողություն արեց դատավոր Արթուր Օհանյանը: Մարտիրոս Հակոբյանը պատասխանեց. «Անկոռեկտը դու ես, թուրքը դու ես, չեմ ուզում ոչինչ լսել, թուրքե՛ր»:
Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Մարտիրոս Հակոբյանի իրավունքն է, ոչ թե պարտականությունը դատական պրոցեսին ներկա գտնվելը, ուստի որևէ խոչընդոտ չկա առանց նրա նիստը շարունակել: Վարոսյանը միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին լքել նիստերի դահլիճը: Դատարանը բավարարեց Դեդի պաշտպանի միջնորդությունը և Դեդը, «թուրքեր» բացականչելով ուղեկցող ոստիկանների հետ լքեց նիստերի դահլիճը: Մարտիրոս Հակոբյանին տեղից արձագանքեց մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը. «թուրքը դու ես»:
Դահլիճը լքելու ցանկություն հայտնեց նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Հակոբյանը, ինչը դատարանը նույնպես բավարարեց: Ապա նրանց միացավ Տիգրան Մանուկյանը.
«Չի կարելի այդքան թշվառ լինել, մենք չունենք պետություն, հետեւաբար՝ չունենք դատարան», -ասաց նա: Ի պատասխան դատավորն ասաց, որ նրանց ներկայությունը դատարան ապահովել են, որպեսզի ներկա լինեն նիստին, ինչին Մանուկյանը արձագանքեց. «Դուք շատ փոքր եք, որ ապահովեք իմ ներկայությունը, ձեզ վերևից հրահանգել են, որ նիստը պետք է կայանա դուք լուռ կատարում եք», -ասաց Մանուկյանը եւ լքեց նիստերի դահլիճը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց սանկցիա կիրառել մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ «թուրքը դու ես» արտահայտության համար:Լեզվակռիվ սկսվեց ամաստանյալներիև պետական մեղադրողներ միջև:
«Լսի՛, այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «Չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը: Ինչից հետո լարված իրավիճակ ստեղծվեց, դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Գյուրջյանը հիշեցրեց իր միջնորդությունը. «Բոլորիդ կարգի եմ հրավիրում, նիստի ժամանակ բոլորդ կոռեկտ եղեք»,- ասաց դատավորը: Գյուրջյանը կրկին հիշեցրեց, որ մեղադրողի նկատմամբ սանկցիա կիրառի, սակայն դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ դատախազի կողմից «թուրքը դու ես» արտահայտություն չի լսել:
Նշենք, որ դատախազի այդ արտահայտությունը լսելի էր անգամ ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Հերթական անգամ, երբ Գյուրջյանը պնդեց իր միջնորդությունը, դատարանն ասաց, որ բոլորին կարգի է հրավիրում այդ թվում՝ մեղադրող դատախազներին, ապա հավելեց, որ մերժում է Գյուրջյանի միջնորդությունը՝ մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ:
15:40 19.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
15:33 19.12.2017
«Դատարանները լինելու են անկախ, թ՞ե կշարունակեն մնալ քաղաքական պրեսինգի տակ»,- դատական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների շուրջ քննարկումների ժամանակ խորհրդարանին հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով մեր երկրում երկու իրականություն կա: «Մեկը վիրտուալն է , մյուսը իրականը: Առաջինում ամեն ինչ նորմալ է, երկրորդում ամեն ինչ այլ է: Եվ եթե նախագիծը չի ապահովելու դատարանների անկախությունը, ապա կդառնա հերթական մեռելածին օրենքը»,- հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:
15:17 19.12.2017
Վերջին տարիներին Հայաստանում աշխատանք ունեցողների թիվն աճել է՝ հասնելով 38%-ի, սակայն իր աշխատանքով բավարարված է միայն 23%-ը: Այս թվերը ներկայացրել է Կովկասյան բարոմետր» ծրագիրը: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը 2004-ից Հայաստանում, Վրաստանում ևԱդրբեջանում անցկացնում է «Կովկասյան բարոմետր» հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս համեմատել հարևան երկրներում տիրող իրավիճակը: Ադրբեջանը, սակայն, չի մասնակցել վերջին երկու հետազոտություններին:
14:59 19.12.2017
Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի գլխավորությամբ:
14:03 19.12.2017
Հայաստանի՝ հաքերների համար հետաքրքիր դառնալուն զուգահեռ աճում են նաև բանկային համակարգերի վրա հաքերների հարձակումների ծավալները։ Այդ հարձակումները գնալով լրջանալու են, կարծում է ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի համացանցային տարվա միտումներին։
13:28 19.12.2017
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակն է հանձնվել արտակարգ իրավիճակների նախարարությանը:
13:11 19.12.2017
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապանում ժամը 13։00-ի դրությամբ +16 աստիճան է»։
13:09 19.12.2017
Ըստ դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների Երևանում այլևս չեն լինի վարչական շրջանների առաջին ատյանի առանձին դատարաններ, այլ կլինի մեկ ընդհանուր դատարան: Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ներկայացրել է արդարադատության փոխնախարարը: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ այս քայն ուղղված է դատարանների բեռնաթափմանը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մի դատավոր կարող է եռակի անգամ շատ գործ քննել, քան Երեանի մեկ այլ վարչական շրջանի մեկ ուրիշ դատավոր: Նոր օրենքով դատավորների ծանրաբեռնվածության տարբերությունը պետք է չգերազանցի 10 տոկոսը:
12:44 19.12.2017
Դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կատարած ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Այս ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 1.280.150 ՀՀ դրամ:
12:25 19.12.2017
Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում քննարկվել է նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն ևս ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Առաջարկվող հիմնական փոփոխությունն այստեղ վերաբերում է էլեկտրոնային եղանակով դատական հայցադիմումների ներկայացմանը: Այսինքն՝ այսուհետ ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային եղանակով քաղաքացիները կկարողնան դիմել դատարան: Փաստաթղթերը անհրաժեշտ կլինի ներկայացնել սկանավորված, իսկ ապացույցները բուն փաստաթղթային տեսքով արդեն դատական նիստերի ընթացքում:
11:32 19.12.2017
Ազգային ժողովում թեժ քննարկում է ընթանում քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
«Ինչո՞վ է պայմանավորված ձերբակալված անձի նոր իրավունքների սահմանումը: Իսկ անօրինական ձերբակալությունների ին՞չ վիճակագրություն կա և ի՞նչ է նշանակում ողջամիտ ժամկետ»,- հարց է ուղղել արդարադատության փոխնախարարին Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հայտնել, թե «ողջամիտ» բառը մանտրա են սարքել, որ ինչպես ուզեն շահարկեն:
11:24 19.12.2017
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբային:
Նախարար Հարությունյանը բարձր գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և միջազգային կառույցի համագործակցությունն ու առավել արդյունավետ և հասարակության համար տեսանելի արդյունք ապահովող ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել: