11:04 17.07.2018
Սլովակյան Dennik N հեղինակավոր լրատվամիջոցի լրագրող Վլադիմիր Շնիդլը (Vladimír Šnídl) հետաքննություն է իրականացրել այդ երկրի կողմից Ադրբեջանին մեծ տրամաչափի զենք վաճառելու փաստի առիթով՝ նշելով այն հիմքերը, որոնցով Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս են արտահանումն ստուգել անվտանգության ծառայությունները, հայտնի չէ, նշում է Dennik N-ը: Ներկայացնում ենք հրապարակման հայերեն թարգմանությունը:
Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը համարձակ քայլ է արել, որն արտասովոր է դիվանագիտության մեջ: Նա հրապարակայնորեն քննադատում է Սլովակիայի գործելակերպը, որի հետ իր երկիրը երկար տարիներ պահպանել է բարեկամական հարաբերություններ: Սեյրանյանը սլովակյան հաուբիցների և հրթիռային համազարկային համակարգերի արտահանման վերաբերյալ կարծիք է հայտնել, որ դրանք, ի վերջո, հայտնվել են Ադրբեջանում: Այդ առևտուրը վերջին ամիսներին կատարվել միայն սլովակյան իշխանությունների համաձայնությամբ: Դրանք արտահանվել են այնպիսի մի երկիր, որի հանդեպ կիրառվում է նմանատիպ արդյունավետ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոն:
Դեսպան Տիգրան Սեյրանյանն այդ զենքն սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգության համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ երկարամյա լարված հարաբերություններ ունեն:
«Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Դրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն (խմբ.՝ միջազգայնորեն ճանաչված չէ), այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը»,- փաստում է Սեյրանյանը:
Զենքի արտահանման հետևում կանգնած է սլովակյան MSM ընկերությունը, որը պատկանում է ազդեցիկ չեխ զինագործ Յարոսլավ Ստրնադի «Czechoslovak Group»-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված «RM-70» հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված «Dana» հաուբիցներ Իսրայել արտահանելու համար: Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ են ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն է, որ նույնիսկ չի էլ ժխտում այդ փաստը՝ ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ, ինչով ապացուցում է դրանց ձեռքբերումը:
Դեսպան Սեյրանյանն այդ տեղեկատվությունը կարևոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ թշնամաբար է վերաբերվում Հայաստանին:
«Մենք խոսում ենք Ադրբեջանին հարձակողական զենք տրամադրելու մասին, մի երկրի, որի ղեկավարներն օգտագործում են պատերազմական հռետորաբանություն: Ամեն օր նրանք սպառնում են ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի, նաև ՀՀ-ի դեմ, ինչը կարող է սպառնալիք լինել տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»:
Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում է արգելված երկիր զինտեխնիկայի արտահանման իր պատասխանատվությունը: Նա կրկնում է, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի է ենթարկված:
«Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել ռազմական տեխնիկա արտահանել Ադրբեջան: Մենք հարգում ենք մեր միջազգային պարտավորությունները»,- ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանն արդեն կրակում է հրետանուց
Սեյրանյանի նստավայրը Պրահայում է, բայց որպես դեսպան հավատարմագրված է նաև Սլովակիայում: Նա նշում է, որ նախորդ տարվանից բազմիցս դիմել է Սլովակիայի իշխանություններին և սլովակ դիվանագետներին, արտահայտելու համար իր «խորը մտահոգությունը»:
«Մենք ակնկալում ենք, որ Սլովակիայի պատասխանատու մարմինները ոչ միայն կպատասխանեն մեր հարցերին, այլև կհետաքննեն, թե ինչպես է հնարավոր եղել, որ «Czechoslovak Group»-ը մարտական սպառազինություն է արտահանել Ադրբեջան»,- տեսակետ է հայտնել դեսպանը նաև Չեխիայի հեռուստատեսության լրագրողին՝ «Մեր լրագրողները» հաղորդաշարի համար:
Չեխական հեռուստատեսության լրագրողներն անցած տարվա սեպտեմբերից ցուցադրել են Ստրնադի ընկերությունների արտահանումներին նվիրված երեք մանրամասն ռեպորտաժներ: Ըստ նրանց տվյալների՝ Սլովակիայից Ադրբեջան կարող էին հասնել մինչև 30 միավոր արդիականացված հաուբիցներ և 38 հրթիռանետեր:
Դրա ապացույցները ներկայացնում է Ադրբեջանը: Չեխիայի հեռուստատեսությունը հունիսի կեսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ Ադրբեջանի բանակը մարտական պայմաններում արդեն փորձարկել է Սլովակիայից ստացված հաուբիցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված մարտական վերապատրաստման ծրագրի համաձայն, հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Dana ինքնագնաց համակարգերից: Նրանք մարտական կրակոցներ են իրականացրել իրական մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում»,- նշվում է հունիսի 14-ի ռեպորտաժում:
Դեսպան. դրան կարող են հավատալ միայն միամիտ մարդիկ
Սլովակյան ընկերությունների համար զենքի արտահանման թույլտվությունը տրվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախարար Պետեր Զիգան (SMER սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից) սկսեց Ադրբեջանի տարբերակը դիտարկել միայն լրատվամիջոցների ճնշման ներքո: Ապրիլին նա դիմեց Սլովակիայի գաղտնի ծառայությանը և անվտանգության այլ մարմիններին, որպեսզի կասկածներն ստուգվեն: Միևնույն ժամանակ նա հայտարարել է՝ ինքը կասկած չունի, որ զենքերը գտնվում են Իսրայելում: Իսրայելի պաշտպանության նախարարությունն, ըստ Ժիգայի, գրավոր կերպով հաստատել է, որ զենքն Իսրայելից այլևս չի արտահանվի:
«Հակառակ դեպքում մենք պետք է Իսրայելին կասկածի տակ դնենք որպես վստահելի երկիր և ստիպված կլինենք պատժամիջոցներ սահմանել»,- ասել է Ժիգան:
Մինչ այդ, մի քանի ամիս էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան անտեսում էր կասկածները, որ սլովակյան սպառազինությունները հանգրվանել են Ադրբեջանում։ Նա գործողությունների անցավ միայն ապրիլին, երբ չեխական հեռուստատեսությունը նոր ապացույցներ ներկայացրեց: Այն տեսակետը, որ զենքերը մնում են Իսրայելում, պնդում են նաև Սլովակիայի «MSM» ընկերության ղեկավարները, որոնց միջոցով էլ իրականացվում է Ստրնադի «Czechoslovak Group»-ի առևտուրը: Հրթիռանետերը և հաուբիցները Սլովակիայից ներմուծում է իսրայելական «Elbit» ռազմարդյունաբերական ընկերությունն իբր թե Իսրայելի զինված ուժերի համար:
«Մենք բազմիցս կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան և խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը «Elbit Systems»-ն է, վերջնական օգտագործողն՝ Իսրայելի պետությունը»,- նշում է MSM-ի մամուլի քարտուղար Լուցիա Օլլեն:
Հայաստանի դեսպանը համակարծիք է, որ «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թե «Czechoslovak Group»-ը չգիտեր, որ հրթիռանետերն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան»,- ասում է Սեյրանյանը:
Աշխատակցի վկայությունը
Հիշենք, որ չեխական հեռուստատեսությունը ժամանակին կորզել էր «MSM» ընկերության նախկին աշխատակցի վկայությունն, ըստ որի, Սլովակիայում վերապատրաստվել են ադրբեջանական բանակի տեխնիկաները, որպեսզի կարողանան զենքն սպասարկել:
«Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապես մեկնում էին Ադրբեջան: Ավելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մոտ: Օրինակ, հոկտեմբերին հինգ մեխանիկներ վերապատրաստվել են Սլովակիայում երեք օրվա ընթացքում, որպեսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել»,- ասաց աշխատակիցը լրագրողին:
«MSM» ընկերությունը հերքեց այդ տեղեկությունները՝ դրանք որակելով որպես մրցակիցների քարոզարշավ:
Դեսպանը լրացուցիչ ապացույց է համարում ադրբեջանական օդանավերի թռիչքները Սլովակիա: Չեխական հեռուստատեսությունը և Denník N-ը կարողացել են Ստրնադի արդիականացված զենքերը նկարահանել Մ.Ռ.Շտեֆանիկի անվան օդանավակայանում: Բրատիսլավայի օդանավակայան է բազմիցս ժամանել ադրբեջանական «Silk Way Airlines» ընկերության ինքնաթիռը, որն ապա թռել է Ադրբեջան՝ կանգ առնելով Իսրայելում:
«Կան հստակ ապացույցներ, որ ադրբեջանական ավիաընկերության բոլոր թռիչքները Բրատիսլավայից մեկնում են իսրայելական Օվդա կամ Թել Ավիվ քաղաքներ, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի մայրաքաղաք»,- նշում է Սեյրանյանը:
Մահաբեր զենքեր
«Dana» հաուբիցները և «RM-70» հրթիռանետերը զինատեսակներ են, որ 70-80-ականներին արտադրվում էին Դուբնիցա նադ Վահոմ բնակավայրում (ներկայիս Սլովակիա)։ Ստրնադի ընկերությունները դրանք ձեռք են բերել նախկին Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների ավելցուկներից: Դրանք հետագայում նորոգել են, արդիականացրել, փորձարկել և գտել նոր հաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:
Թեև զենքը գալիս է սառը պատերազմի դարաշրջանից, արդիականացումից հետո դրանք բավական արդյունավետ են: «RM-70»-ը կարող է կարճ ժամանակահատվածում հակառակորդի վրա լցնել մինչև 80 հրթիռ: Այդ համակարգը հիմնված է հայտնի ռուսական «Град» հրթիռանետի վրա, որ վերջերս Դոնբասում տեղի ունեցած հակամարտության ժամանակ դարձել էր ուկրաինացի զինվորներին սպառնալիք:
Հավանականությունը, որ Ադրբեջանն էլ այդ զենքը կդնի գործածության մեջ, միայն հիպոթետիկ չէ: Թեև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը եղել է 1990-ականների սկզբին, իրավիճակն այնտեղ դեռևս լարված է: Երկու տարի առաջ այդ տարածքում մի քանի օր ծանր մարտեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվեցին երկու հարյուր զինվորներ և տասնյակ քաղաքացիական անձինք:
Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, այն 25 տարի առաջ վերագրավվել է Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել այդ իրողության հետ: Վերջին տարիներին Ադրբեջանը հարստացել է և մեծ ներդրումներ կատարել բանակում: «Այս երկրի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլև Հայաստանի տարածքի մեծ մասն, այդ թվում` մայրաքաղաք Երևանը, որ աշնանը կնշի իր 2800-ամյակն, Ադրբեջանի պատմական տարածքի մի մաս են»,- ասում է Սեյրանյանը: Ի՞նչ կարծիքի է դեսպանի մտահոգությունների մասին Սլովակիայի արտաքին գերատեսչությունը:
«Հայաստանի դեսպանի գնահատականն իր անձնական կարծիքն է և մենք չենք մեկնաբանում այն: Ուշադիր հետևում ենք և գնահատում տարածաշրջանի զարգացումները, ներառյալ անվտանգության իրավիճակը։ Հետևողականորեն ժամանակի ընթացքում աջակցել ենք հրադադարի ռեժիմին և երկու կողմերին էլ կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել լարվածությունը կանխելու համար և հնարավոր դարձնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը», – պատասխանում է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պետեր Սուսկոն:
Հակամարտությունը դեռևս ակտիվ է
Denník N-ը մեկնաբանություն է խնդրել նաև Globsec-ի (Բրատիսլավայում գործող գիտահետազոտական կենտրոն) վերլուծաբան Յան Ցինգելից, որ տևական ժամանակ է մասնագիտացած է հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ցինգելն ասում է, որ Հայաստանի դեսպանի մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել:
«Ադրբեջանն այսօր ավելի ուժեղ է զգում իրեն: Այն երեք անգամ ավելի մեծ բնակչություն ունի և ավելի մեծ ռազմական բյուջե, քան Հայաստանը: Նա պարբերաբար սպառնում է ուժի գործադրմամբ և հակամարտության վերսկսմամբ ու հույս ունի այս անգամ հաջողության հասնել»,- նշում է Ցինգելը:
Երկու երկրների միջև տեղի են ունենում համեմատաբար ավելի փոքր ընդհարումներ, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում։ Վերջին օրինակն այն է, որ այս տարվա հունիսին, ըստ Ցինգելի, միջադեպ է տեղի ունեցել, երբ Ադրբեջանը «չեզոք տարածքում» բլուր էր գրավել Նախիջևանի իր անկլավի մոտ:
«Դրա շնորհիվ, նա նշանառության տակ է պահում Արենի գյուղը, որ երկրի հարավն ու հյուսիսը, նաև Երևանը հարավի հետ կապող մայրուղու վրա է: Այս մայրուղին շատ կարևոր է Հայաստանի համար՝ դրանով են իրականացվում Լեռնային Ղարաբաղի մատակարարումները »,- ավելացրել է նա:
Ուրիշներն էլ նույնն են անում
Սլովակիան միակ երկիրը չէ, որ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Armádní noviny (Ռազմական լուրեր) սերվերը նախորդ շաբաթ հաղորդել է, որ ադրբեջանական բանակն ունի նաև բրիտանական «Land Rover» տրանսպորտային միջոցներ, ամերիկյան «Cougar» զրահապատ մեքենաներ կամ թուրքական «T-122 Sakarya» և «T-300 Kasirgo» հրթիռները:
Հայաստանը Ռուսաստանից է զենք գնում, որն իր հերթին առևտուր է անում նաև Ադրբեջանի հետ: «Ռուսաստանն այդ եղանակով պահպանում է իր ազդեցությունը երկու երկրներում»,- բացատրում է Ցինգելը:
Ադրբեջանի սպառազինության շոշափելի մասը գալիս է Իսրայելից: Օրինակ, իսրայելական զինագործական «Elbit» ընկերությունը, որ սլովակյան հաուբիցներ և հրթիռանետեր է գնել, օգնել է Ադրբեջանին «SU-25» մարտական ինքնաթիռների լայնածավալ արդիականացման հարցում:
Ցինգելը նույնպես կարծում է, որ իսրայելական ընկերությունը հազիվ թե սլովակյան սպառազինություններ ձեռք բերեր իր բանակի համար: «Իսրայելը չի օգտագործի այն մարտական տեխնիկան, որ մենք ենք արտահանել: Միանգամայն միամիտ է մտածել, որ նա զինվելու է սլովակյան «Dana»-ներով», – նշում է Ցինգելը:
«Իսրայելը շատ լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ Իրանի նկատմամբ իր ռազմավարական դիրքի պատճառով: Օրինակ, եթե Իսրայելը որոշում կայացնի իրանական միջուկային օբյեկտների վրա օդային հարվածներ հասցնելու, ապա կարող է Ադրբեջանն օգտագործել որպես ռազմակայան»,- ասում է Ցինգելը:
Որքա՞ն ջերմ են հարաբերությունները
Մի կողմից, Սլովակիան Հայաստանի հետ ավելի է զարգացնում հարաբերությունները, քան Ադրբեջանի հետ: Արդեն 2004 թվականին, Եվրոպայում առաջիններից մեկը` Սլովակիայի խորհրդարանը, բանաձև ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
Երկու երկրների քաղաքական գործիչները պարբերաբար այցելում և աջակցում են միմյանց: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սլովակիայում էր՝ Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես բացելու նպատակով:
Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ժամանեց Սլովակիա: Նրան ընդունել են նախագահ Անդրեյ Կիսկան և խորհրդարանի խոսնակ Անդրեյ Դանկոն:
«Աշխատանքային շփումները շարունակվելու են, որպեսզի միմյանց հետ ավելի սերտ գործակցենք, չնայած մենք սրտերով արդեն չափազանց մոտ ենք»,- ասել է Դանկոն հանդիպումից հետո:
Զավեշտալին այն է, որ նույն պահին Բրատիսլավայի օդանավակայանից արտահանվել են հրթիռանետեր ու հաուբիցներ, որոնցով այսօր այդքան հպարտանում է ադրբեջանական բանակը։
Հայաստանում գարնան ընթացքում հիմնարար կերպով իրավիճակ փոխվեց։ Զանգվածային ցույցերն ստիպեցին կառավարությանը հրաժարական տալ, իսկ վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ցինգելի, նրա կառավարությունն անմիջապես սկսեց հակակոռուպցիոն և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:
«Այս ժամանակաշրջանում, երբ երկրում խոշոր սոցիալ-քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, Հայաստանը շատ խոցելի է: Այն աջակցության կարիք ունի Եվրամիությունից, ներառյալ Սլովակիայից»,- ասում է Ցինգելը:
Պաշտոնական պատասխան չկա
Հաշվի առնելով սլովակա-հայկական բարեկամական հարաբերությունները, դեսպան Սեյրանյանն ի սկզբանե ցանկացել էր խնդիրը լուծել առանց ավելորդ աղմուկի: Դեռ նախորդ աշնանը նա բազմիցս դիմել է սլովակյան դիվանագետներին նամակներով, հեռախոսազանգերով, անձնական հանդիպումներ ունեցել նրանց հետ: «Մենք մտահոգություն ենք հայտնել սլովակյան կողմին բազմիցս և տարբեր մակարդակներում»,- ասում է նա:
Նա նաև պաշտոնական հայտագիր է ուղարկել Բրատիսլավա, որին դեռ չեն պատասխանել: Վերջապես, նա դիմել է հաջորդ քայլին և բաց խոսել Չեխիայի հեռուստատեսության և այժմ՝ Denník N թերթի համար: Բնական է, որ իր հայտարարությունները նա համաձայնեցրել է Երևանում՝ արտաքին գործերի նախարարության հետ:
Սլովակիայի դիվանագիտության պատասխանատուներից մեկը Denník N-ին արձագանքել է, թե Սեյրանյանի հարցումներին «միշտ էլ բարեկամաբար և դրական ենք արձագանքել»: Նա նշել է, թե դեսպանի հետ մեր դիվանագետները բազմիցս քննարկել են այս խնդիրն, ինչն, ըստ խոսնակ Սուսկայի, հաստատում է, որ իրենք անհրաժեշտ ուշադրություն են դարձրել այդ խնդրին:
«Դեսպանին միշտ հավաստիացրել ենք, որ Սլովակիայի Հանրապետությունը երբեք թույլ չի տվել այդ զինտեխնիկայի արտահանումն Ադրբեջան և խստորեն հարգել է իր միջազգային պարտավորությունները: Նրան տրամադրվել է հասանելի տեղեկատվություն և բացատրվել ու իրազեկվել գործընթացների մասին»,- ասում է Սուսկոն:
Հայտագրին պաշտոնապես չեն արձագանքել, քանի որ, ըստ Սուսկայի, դա կանեն գործի ամբողջական հետաքննության ավարտից հետո: «Մենք պատրաստ ենք շարունակել դիվանագիտական երկխոսությունը դեսպանի և հայաստանյան այլ ներկայացուցիչների հետ»,- ավելացնում է Սուսկոն:
«Մենք լուրջ հետաքննում ենք»
Սակայն հետաքննությունն ուշացավ: Էկոնոմիկայի նախարար Զիգան որոշեց դա սկսել ապրիլին՝ չեխական ԶԼՄ-ներում արտահայտած առաջին կասկածներից կես տարի անց:
«Մենք, որպես վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրա: Մենք պետք է ստուգենք բոլոր փաստերը և հավաքենք դատական առումով ընդունելի բավականաչափ ապացույցներ, որպեսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել»,- պնդում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը:
Այդ հետաքննությունը չէր կարող վտանգ ներկայացնել Իսրայելի հետ Ստրնադի առևտրին։ Նրա ընկերությունները մինչև 2018թ. հունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունեին և, ամենայն հավանականությամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծավալով:
Դեպի Իսրայել հետագա արտահանման լիցենզիա չեն պահանջել: «Եթե «MSM» ընկերությունը նման լիցենզիա խնդրի, ապա մենք, արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դա չենք տրամադրի՝ մինչև Ադրբեջանին զենքի հնարավոր վերարտահանման մասին տեղեկատվության ստուգման ավարտը»,- այժմ նշում է Էկոնոմիկայի նախարարությունը:
Արտահանման հանգամանքների հետաքննությունն արդեն ավելի քան երկու ամիս է շարունակվում: Պաշտոնյաներն, ըստ Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Մարոշ Ստանի, «MSM» ընկերությունից պահանջել են ապացուցել, որ հրթիռանետերը և հաուբիցներն իրականում հանձնվել են Իսրայելին: «Նման «վկայության» հավաստիությունը հետագայում կստուգվի դիվանագիտական խողովակներով: Եթե լիցենզավորված ընկերությունը նման փաստաթուղթ չներկայացնի, վարչական վարույթ կհարուցվի վարչական իրավախախտման կասկածանքով»:
Ի՞նչ է դա նշանակում գործնականում: Ստրնադի ընկերությունը կարող է տեսականորեն տուգանվել, և, ծայրահեղ դեպքում, նաև կորցնել ռազմական տեխնիկայի առևտրի թույլտվությունը: Դա արդեն իր համար մեծ խնդիր կլինի:
«Նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ «MSM»-ը վնասել է Սլովակիայի արտաքին քաղաքական կամ անվտանգության շահերը»,- նշում է Ստանոն:
Միջազգային խայտառակությո՞ւն
Մինչ այժմ, սակայն, քիչ հավանական է, որ ընկերությանը նման ծայրահեղ իրավիճակ սպառնա: «MSM»-ը Սլովակիայի ամենակարևոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունն է: SMER-ի (սոցիալ-դեմոկրատներ) երկրորդ կառավարության օրոք այն պետությունից վարձակալել է մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Պովաժի և Նովակի իր արտադրամասերում աշխատում են հարյուրավոր մարդիկ:
Եթե պետությունը խոստովանի, որ զենքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կհաստատի, որ մեր անվտանգության ծառայությունները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դեպքում, երբ ստանա մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Սլովակիայի տեղեկատվական ծառայության կամ Ազգային անվտանգության գրասենյակի համաձայնությունը:
Այս հաստատությունները պատասխանատու են ռիսկերը գնահատելու համար, օրինակ, կարո՞ղ է սպառազինությունը հայտնվել արգելված երկրում, թե՞ ոչ:
«Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման արտոնագիր է տրամադրում միայն այն դեպքում, եթե դրա հետ համաձայն լինեն Արտաքին գերատեսչությունը, Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, հետախուզական ծառայությունները, Ազգային անվտանգության գրասենյակը և Հարկային ծառայության քրեական բաժինը: Դրանք իրավասու են արտաքին քաղաքական, անվտանգության կամ այլ խնդիրներ քննարկելու հարցում»,- բացատրում է Ստանոն:
Բացի այդ, Սլովակիային կարող են միջազգային մեղադրանքներ ներկայացվել: Հաջորդ տարի Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունն, այն կազմակերպության, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները: Պարադոքսն այն է, որ վերջերս Սլովակիայի դիվանագիտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հատուկ դեսպանի հաստիք է կորզել:
«Ինչ կլինի Սլովակիայի արժանահավատությունը, երբ բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, թե որտե՞ղ և ո՞ւր ենք մենք արտահանել զենքը: Հակամարտության կողմերի համար դժվար է ընկալել մեզ որպես չեզոք և անկողմնակալ դերակատար»,- նշում է Ցինգելը:
Սլովակյան դիվանագիտությունը, սակայն, հուսով է, որ այլ պետություններն ըմբռնումով կմոտենան Սլովակիայի հանդեպ: «Եթե հետաքննության ավարտից հետո պարզվի, որ սպառազինությունն արտահանվել է հայտարարված երկրի սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետության իմացության: Այդ դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ»,- հավաստիացնում է ԱԳՆ-ն:
12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները13:16 23.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...
13:07 23.11.2024
Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակըՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...
13:00 23.11.2024
Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումըԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Խալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը: «Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես նույնպես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհն այս ակումբում շարունակվելու է: Նրա նվիրվածությունը, կիրքը և նորարարական մտածողությունը շարունակելու են ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Պեպը ձգտում է կատարելության, իսկ դա միայն օգուտ […] ...
12:52 23.11.2024
Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...
12:47 23.11.2024
AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանիցՈւկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...
12:45 23.11.2024
Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներիցԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...