14:52 09.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը հատուկ տեղ է գրավում: Նրա խոսքերով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
«Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել նաև մեր երկրում Թուրքմենստանի դեսպանության կարևոր դերը և շնորհակալություն հայտնել մեր համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- շեշտել է նախարարի պաշտոնակատարը:
Միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանը կարևորել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Թուրքմենստանի 30 քաղաքացիներ: Նախարարի պաշտոնակատարը նաև գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով: Այդպիսի համագործակցությունը, ըստ Վահրամ Դումանյանի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությունը՝ երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումներին թատերական արվեստի վարպետների, անհատ կատարողների, ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ: Վահրամ Դումանյանն առաջարկել է քննարկել Հայաստանում և Թուրքմենստանում արհեստների և կերպարվեստի ցուցահանդեսներ կազմակերպելու, ինչպես նաև 2020 թվականին համատեղ մշակված մշակույթի և արվեստի բնագավառում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ծրագիրը ստորագրելու հնարավորությունը:
Նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել է դիտարկել այդ ժառանգության պահպանության նպատակով մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ մոնիթորինգային խմբի գործառույթներից կլինեն նաև զինված հակամարտության ընթացքում թույլ տրված խախտումների արձանագրումը և հումանիտար ճգնաժամի ծավալների գնահատումը՝ հույս հայտնելով, որ խմբի ստեղծման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:
Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ կարևորելով երիտասարդ սերունդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծումը: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև զարգացնել համագործակցությունը սպորտի ոլորտում՝ համատեղ հավաքների և փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով: Նախարարի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանում մեր հայրենակիցների հանդեպ դրսևորված ջերմ վերաբերմունքի համար:
ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին նշել է, որ կարևորում և մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը և շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին արագ արձագանքելու և աջակցելու համար: Նա անդրադարձել է երկու երկրների համատեղ միջոցառումներին, մասնավորապես նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում այն կյանքի կկոչվի:
Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային և Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտների, ինչպես նաև երկու երկրների մայր բուհերի միջև համագործակցության ընդլայնման հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 28.04.2025
Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:41 28.04.2025
Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկիցԱպրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...
23:34 28.04.2025
Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...