Հայոց բանակի պատմության օրագրային պատառներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Հայոց բանակի պատմության օրագրային պատառներ

08:22 28.01.2022

Մեծ պատմության մեր փոքրիկ պատառը

… 1992-ի գարնանային այդ օրը սովորականի նման առավոտյան դասի գնացինք: Բայց դպրոց մտնելուն պես մեզ՝ մի 10-15 հոգուս, ովքեր դպրոցական փոքրիկ երգչախմբի անդամներն էին, մի տեղ հավաքեցին ու ասացին.«Երեխե՛ք, տեղ ենք գնում»: Դեռ նախորդ օրը եկած անձրևից գետինը ցեխոտ էր, օրը՝ ամպամած: Ոտքով քայլեցինք մի քանի հարյուր մետր. հասկացանք՝ զինկոմիսարիատ էինք գնում: Տեղ հասնելուն պես՝ երգչախմբի մեր ղեկավարն ասաց, որ գնում ենք նորակոչիկներին ճանապարհելու: Հետերկրաշարժյան Սպիտակին բնորոշ տնակներից մեկն էր: Կանաչավուն տնակի մոտ շատ մարդ կար, մի կողմում շարքով կանգնած էին տղաները, մյուս մասում՝ ծնողներն ու էլի շատ մարդիկ:

Մեզ համար նախատեսված վայրում շարք կանգնեցինք ու սկսեցինք երգել: Գրեթե մինչև ծնկները ցեխ էինք եղել, երգելիս նույնիսկ թեթև անձրև սկսեց, բայց դա չէր խանգարում. ոգևորված էինք: Հայրենասիրական երգեր էին, երգեր, որոնք պարզապես արգելված էին խորհրդային տարիներին, և միայն անկախությունն էր հնարավորություն տվել առաջ բերելու դրանք: Հիշում եմ, թե ինչ ոգևորություն եղավ, երբ Նժդեհի մասին հայտնի երգը երգեցինք:

Առաջին զորահանդեսը Հանրապետության հրապարակում 

Այդ ժամանակ առանձնապես չէինք գիտակցում, թե ում և ուր ենք ճանապարհում: Բանակ հասկացությունը շատերիս տանը պահվող նկարազարդ ալբոմներում հայր-ծնողներիս բանակային լուսանկարներով էր սահմանափակվում:

Բայց ստացվել էր այնպես, որ մենք մասնակից էինք Հայոց երրորդ հանրապետության ամենակարևոր ձեռքբերման՝ բանակի առաջին զորակոչիկների ճանապարհմանը: 1992-ի գարնանը Հայաստանում մեկնարկեց առաջին զորակոչը:

Այդ պահին պարզապես ոգևորություն էինք ապրում: Տարիներ հետո հայկական բանակը ոչ միայն որպես մարդ, այլև որպես լրագրող արժևորելու հնարավորություն ունեցա:

 

Ապրիլյան մարտահրավերը 

…2016-ի ապրիլի 2–ը շաբաթ էր: Ինչպես սովորաբար այդ օրերին է լինում, լուրերի թողարկումը ես պիտի վարեի: Պատերազմի ու խաղաղության փխրուն սահմանագծի մասին գրեթե ամեն օր էինք պատմում, սակայն այդ օրը առավոտյան լուրերի թողարկումը բոլորովին այլ ստացվեց: Անգամ ամեն առավոտ սահմանի մասին պատմող լրագրողներիս համար Արցախից ստացված լուրի էությունը իսկապես անհնար էր միանգամից պատկերացնել: Սովորական մարդկային գիտակցության առաջին ռեակցիան զարմանքն էր, անորոշությունը, հետո շուտ տեղ հասնելու ցանկությունը:

Թե ինչ էր կատարվել այդ օրերին, հետադարձ հայացքի հնարավորություն ունեցանք մի քանի օր անց՝ կրակի դադարեցումից հետո:

Առաջնագծում զինվորականներին տեսնելիս ինձ ուղղակի զարմացնում էին հանդարտությունն ու մարդկային ժպիտը: Թվում էր՝ անհավատալի է, որ այդ հանդարտությունն ունեցող տղաները ընդամենը մեկ-երկու օր առաջ կռիվ էին տվել, ինչպես իրենք էին պատմում՝ ժամանակի մեջ չէին տեղավորվում:

 Առաջնագծի զինվորը 

Հիմա առանձնահատուկ ջերմությամբ լցնում էին սրճեփը, համոզում, որ ամենահամեղ սուրճը հենց իրենք են պատրաստում, պահարանից հանում կոնֆետների տոպրակը ու սեղանին շարում զինվորական մետաղե բաժակները՝ սուրճը լցնելու համար:

Սուրճի համից բացի, ամենից շատ ոգևորողը հպարտության, խարիզմայի ու ուժի զգացողությունն էր, որ յուրաքանչյուրից էր գալիս: Ոչ մի տեղ պատերազմն ու խաղաղությունն այնքան մոտ չեն, որքան սահմանին, բայց այդ րոպեներին թվում էր՝ ոչ մի տեղ այնքան ապահով ու անվտանգ չէ, որքան այնտեղ:

 

Հրամանատարը

Վիտալի Բալասանյանին հանդիպեցինք զորամասերից մեկում: Արդեն մեզ էր սպասում՝ զինվորական հագուստով ու գլխարկով: Հանգիստ, յուրաքանչյուրիս ձեռքով բարևեց, ու երբ ուզում էին ներկայացնել, ասաց՝ ես գիտեմ: Բոլորին էր ճանաչում: Պիտի միասին դիրքեր գնայինք: Լրագրողներիցս երկուսը գնացինք այն մեքենայով, որով Արցախի հերոսն էր գնում: Թեև դեմքից հոգնածություն էր թափվում, բայց խոսքում ու պահվածքում նման ոչինչ չկար, ընդհակառակը, շատ վճռական էր: Դեռ ավելին՝ նույնիսկ շրջվեց, հարցրեց՝ երգել գիտե՞ք ու սկսեց քթի տակ երգել. «.. Ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ …»:

Վիտալի Բալասանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս

Երբ հասանք դիրքեր, այնտեղ գտնվողներն առանձնահատուկ հարգանքով էին դիմավորում: Ճիշտ այն պաշտպանական շրջանում էինք, որի հրամանատարը Արցախյան պատերազմի տարիներին ինքն էր եղել, ու հիմա՝ ապրիլյան այդ օրերին, այստեղ գրանցված հաջողությունների մեջ նրա դերը, մեղմ ասած, քիչ չէր:

 

Մարտադաշտի կակաչները

Դիրքեր գնում էինք Ծովինարի հետ: Նա իմ գործընկերուհին է՝ Արցախի հանրային հեռուստաընկերությունից: Նրանց ընտանիքում հետաքրքիր համադրություն է՝ կինը լրագրող է, ամուսինը՝ զինվորական: Եվ այն օրերին, երբ Ծովինարն աշխատում էր եթերում, ամուսինը դիրքերում իր մարտական խնդիրն էր կատարում: Ծովինարը հաշվել էր՝ ուղիղ 15 օր չէին տեսնվել: Ու հանդիպումը շատ ջերմ ու նույնիսկ արցունք քամելու չափ հուզիչ ստացվեց: Մի քիչ կատակով, բայց զինվորական ամուսինը հանդիպումը մի քիչ գունազարդեց՝ դիրքերի մոտակա տարածքից հավաքած կակաչների փունջը կնոջը նվիրելով:

Իմ գործընկերուհի Ծովինարը, նրա ամուսինն ու կակաչների փունջը

Ով այդ օրերին Արցախի առաջնագիծ է այցելել, պարզապես չէր կարող նկատած չլինել դաշտերը կարմիրով ներկած կակաչների առատությունը:

 

Մեկ շղթայի տարբեր օղակներն ենք 

Ապրիլյան ռազմական թեԺ գործողությունների օրերին մի դեպք ուշադրությունս գրավեց: Առավոտյան տաքսու վարորդը ոգևորությամբ պատմեց, թե ինչպես էր տեղ հասցրել Մուրացանի հոսպիտալ շտապող բժշկին՝ կարևոր պարտականությունը կատարելու: Արել էր, ինչ հնարավոր է ու ուրախ էր դրա համար: Տաքսու վարորդի գործը, միայն առաջին հայացքից էր թվում, թե մեծ բան չէր, բայց անգամ մեկ րոպեն այս դեպքում նշանակություն ունի ինչ–որ բան անելու համար: Այդ տրամադրությունը շրջապատումս բոլորի մոտ էր`անել մի բան՝ հանուն ինչ–որ լավ բանի`կյանք փրկելու, խուճապ ցրելու, մարդկանց ոգևորելու, սատարելու …

Յուրաքանչյուրիս ցավն էր ամեն մի զինվորականի կորուստը և հպարտությունը՝ յուրաքանչյուրի ձեռքբերումն ու հաջողությունը: Բայց երևի ամենից շատ արժևորման արժանի են այն մարդիկ, ովքեր ի սկզբանե են ընտրել հանուն հայրենիքի ծառայելու ուղին:

 

Դրվագ ՀՀ անկախության օրվա զորահանդեսից

Թերևս միշտ չէ, որ մտածում ենք՝ մարդիկ ինչո՞ւ և ինչպե՞ս են ի սկզբանե ընտրում մի մասնագիտություն ու ճակատագիր, որոնց պատճառով կարող է ցանկացած պահի ընդհատվել իրենց կյանքը և դա անում են հստակ գիտակցումով ու նվիրումով: Թերևս միայն զինվորականի մասնագիտությունն է, որ այն ընտրողին ստիպում է ամենասկզբից գիտակցել, որ պատերազմի մեջ եղած երկրում կարող է ցանկացած պահի չվերադառնալ՝ պատերազմել հանուն խաղաղության ու հայրենիքի և զոհվել:

 

Հանուն զինվորի

Մի քանի տարի առաջ խոսում էի «Շանթի» պարային նախագծերից մեկի մասնակից Արմինա Խաչատրյանի հետ: Արմինան միանգամից հայտնի էր դարձել նրանով, որ ապրել էր Իսրայելում և ծառայել իսրայելական բանակում: Պատմում էր այն մասին, թե ինչպես են կանայք ծառայում բանակում: Նրա պատմածներից մի հատված հիշեցի, որի մասին դեռ այն ժամանակ էի շատ մտածել: Նա պատմում էր, թե ինչպես էր որոշել զինվորական դառնալ, ինչպես էին զինվորականի հագուստով ցանկացած մեկին տեսնելիս Իսրայելում հատուկ ուշադրություն դարձնում, ինչպիսի պատվի արժանացնում, ինչպես հարգում այդ համազգեստը կրողին:

Արմինան իսրայելական բանակում 

Նրա այդ խոսքերը լսելիս մի տեսակ նախանձում էի. այն ժամանակ մտածում էի՝ արդյո՞ք մենք նման պատվի արժանացնում ենք, մենք սիրո՞ւմ ու հարգո՞ւմ ենք մեր զինվորին՝ այդ հագուստը կրողին, ով գիտակցաբար է ընտրել այն ու դրանից բխող բոլոր պարտականություններն ու նվիրման ճանապարհը: Հետո՝ հատկապես ապրիլյան օրերին, աշխատանքի բերումով շատերին տեսնելու ու շատերի խոսքերը լսելու, ոգևորությունը, վստահությունը գնահատելու հնարավորություն եմ ունեցել: Անկեղծ գնահատականներ, որոնք հիմա արդեն Արմինայի պատմածին շատ նախանձելու տեղ չեն թողնում:

 

Դրվագ Արցախում իրականացված զորավարժությունների ամփոփումից 

Հիմա ավելի լավ ենք հասկանում անկախության տարիների ընթացքում հայկական իրականության մեջ ձևավորված թերևս ամենակայացած ու ամենահզոր կառույցի նշանակությունը:

Այս օրերին սովորաբար ոգևորությունն ու էմոցիաներն էլ շատ են, երբեմն նույնիսկ ենթագիտակցական մակարդակի, բայց փաստն այն է, որ այս վերաբերմունքը գուցե նաև ոչ ամբողջությամբ գիտակցված, բայց հիմնավորվող դրական տեսակետի ու բարձր վստահության, հարգանքի դրսևորում է:

Բայց սա նաև պարտականություն է՝ ամեն մի խանդավառություն ու պոտենցիալ էներգիա կինետիկ, գործող դարձնելու, որպեսզի իսկապես շատերը կարողանան ասել աշխարհի ամենապատվաբեր արտահայտությունը՝ «Ծառայում եմ հայրենիքիս»:

 

Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP