Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կծառայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների կատարումից: Նրանք քննարկել են նաև թուրքական ընկերությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցը:
«Ինչպես նաև կողմերը զրույցի ընթացքում նշել են համավարակի դեմ պայքարում երկուստեք աջակցության կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում: