Կարեն Կարապետյանի հարցազրույցը մանկության, գործարար աշխատանքի ու վարչապետի պաշտոնի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Կարեն Կարապետյանի հարցազրույցը մանկության, գործարար աշխատանքի ու վարչապետի պաշտոնի մասին

12:20 27.11.2017

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքս գործակալությանը:

Խոսելով իր կենսագրության մասին՝ վարչապետը նշել է. «Պետպլանի հաշվողական կենտրոնում աշխատել եմ չորս տարի։ Չափազանց լավ ու հետաքրքիր հիմնարկ էր, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր մարդիկ, և ձևավորված էր իսկական գիտական միջավայր։ Մենք զբաղվում էինք Հայաստանի ժողտնտեսության համար կանխատեսումներով՝ կիրառելով հետաքրքիր մաթեմատիկական մեթոդներ և մոդելներ: Կենտրոնում աշխատելու ընթացքում պաշտպանել եմ թեկնածուական թեզս:

Ցանկացած գիտելիք և փորձ երբևէ պետք է գալիս: Սովորելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ես չէի պատկերացնում, որ տարիներ անց հնարավորություն կունենամ որոշակի գիտելիքներ կիրառել էներգետիկայի ոլորտում: Օրինակ, պահեստի հայտնի խնդիրը կիրառել եմ «Հայէներգոյում»` դիսպետչերիզացիայի խնդիրների կարգավորման ժամանակ:
Մեր դիսպետչերները համարվում էին ԽՍՀՄ լավագույն մասնագետները, ինչը իրականում այդպես էլ կար, և սկզբնական շրջանում որոշակի վերապահմամբ էին նայում մաթեմատիկոսին, որը եկել է էներգետիկայի ոլորտ: «Պահեստի» աշխատանքի կազմակերպման մոդելը, մասնավորապես, օգտագործել ենք ջրամբարներում ջրի օպտիմալ քանակ պահելու խնդիրը լուծելու համար»:

Լրագրողի հարցին, թե կառավարչի համար ցանկալի կամ, նույնիսկ, պարտադիր է որոշակի մաթեմատիկական գիտելիքներ ունենալ, Կարեն Կարապետյանը պատասխանել է.

«Պարտադիր չէ: Ես մաթեմատիկոսներին, իհարկե, շատ եմ հարգում և գնահատում ու կողմնակալ վերաբերմունք ունեմ իրենց հանդեպ, բայց կարծում եմ, որ կառավարիչ լինելու համար պետք է զուգորդվեն տարբեր որակներ և հմտություններ: Երբեմն մաթեմատիկոսները խնդիրներին չափազանց նեղ են նայում: Բայց եթե մաթեմատիկոսը օժտված է տեսլականով, ապա, իհարկե, դա հետաքրքիր կարող է լինել:

– Դուք սիրում եք թուղթ ու գրիչով հարցերը քննարկել, տեղում հաշվարկներ անել:

– Դա միայն մաթեմատիկոսներին բնորոշ սովորություն չէ:

– Այսինքն, Ձեզ հոգու խորքում մաթեմատիկոս չե՞ք համարում:

– Ոչ, համարում եմ: Ինձ համար շատ կարևոր է տեսնել պատճառա-հետևանքային կապը՝ եթե ինչ-որ բան ենք անում՝ ինչո՞ւ ենք դա անում, ի՞նչ արդյունք է տալու, ինչպե՞ս է անդրադառնալու այլ խնդիրների վրա:

Խորհրդային տարիների մաթեմատիկայի դպրոցի մասին խոսելիս, Կարեն Կարապետյանն ասել է. «Այսօր էլ լավ դպրոց ունենք, մտադիր ենք մի շարք միջոցառումներ իրականացնել, որպեսզի եղած ավանդույթները ամրացնենք և առաջ տանենք: Մտածում ենք դպրոցներում հատուկ ուշադրություն դարձնել բնագիտական առարկաներին: Բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններին ուշադրություն չենք դարձնելու: Շատ եմ կարևորում նաև օտար լեզուների, ֆիզկուլտուրայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների ու բիզնես հմտությունների դասավանդումը մեր դպրոցներում»:


 
– Պարոն վարչապետ, մարդիկ հաճախ մանկության հետ կապված հուշեր են ունենում, որոնք կարծես «տպվում են» հիշողության մեջ: Դուք այդպիսիք ունե՞ք:

– Հիշողությունը դիսկրետային երևույթ է՝ կարող եք ամենայն մանրամասնությամբ հիշել որևէ իրադարձություն՝ առանց հասկանալու՝ ինչո՞ւ հատկապես այդ մեկը: Ես էլ, բոլոր մարդկանց նման, հիշողությանս մեջ նման դրվագներ ունեմ:

– Պարոն վարչապետ, Դուք կարծես մի «սահման» եք գծել, որը չեք հատում, երբ խոսքը գնում է Ձեր անձնական կյանքի, ընտանիքի մասին: Կարծո՞ւմ եք, որ այդ հարցերի մասին խոսելուց կարող եք ավելի խոցելի դառնալ:

– Ոչ, պարզապես կան բաներ, որոնք համարում եմ խիստ անձնական: Կարծում եմ, իրավունք ունեմ չխոսել այն թեմաների մասին, որոնք վերաբերում են բացառապես իմ ընտանիքին:

– Իսկ որո՞նք են նման պաշտոնում աշխատելու ամենամեծ դրական ու բացասական կողմերը Ձեր համար:

– Այսպես ձևակերպեմ՝ երբեմն դիսկոմֆորտի պատճառը ազատ ժամանակի բացակայությունն է: Դրա հետևանքով հիմա շատ քիչ եմ կարդում, չնայած միշտ փորձել եմ շատ կարդալ, համերգների չեմ գնում, սպորտով քիչ եմ զբաղվում, թոռնիկիս կարող է օրերով չտեսնեմ՝ գործի գնալուց նա դեռ չի հասցնում արթնանալ, իսկ երբ վերադառնում եմ աշխատանքից՝ հիմնականում արդեն քնած է լինում: Իհարկե, սա ոչ միայն ինձ է բնորոշ, այլև բոլոր նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում կառավարման համակարգում:

Սա չափազանց հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է: Ասել եմ և կարող եմ կրկնել՝ ցանկացած կառավարչի համար գերագույն հաճույք է ծառայել սեփական ժողովրդին ու երկրին:

– Դուք հաջողակ մարդու համբավ ունեք: Մի մարդու, ում մոտ միշտ ամեն ինչ ստացվել է: Դժվարություններ երբևէ ունեցե՞լ եք:

– Իհարկե, բազմաթիվ նման պահեր են եղել իմ կյանքում: Ես ապրել եմ այնպես, ինչպես Խորհրդային Հայաստանում ապրում էին բոլորը: Ամեն ինչ սահուն ու հարթ չի կարող լինել, անգամ եթե կողքից նման տպավորություն կա:

– Իսկ հիմա փողը ի՞նչ դեր է խաղում ձեր կյանքում:

– Փողն ընկալում եմ որպես ֆինանսական անկախություն ապահովելու միջոց, որը բերում է մարդու անկախությանը: Երբ այն ապահովված է, նյութական բարիքների չափը ինձ համար նշանակություն չունի:

– Ոմանք պնդում են, որ Դուք այդ ֆինանսական անկախությունը ձեռք եք բերել տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:

– Իրականությունն այն է, որ ես ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ: Առհասարակ, նման պաշտոններ զբաղեցրել եմ երեք անգամ՝ 2001թ. կես տարի եղել եմ էներգետիկայի փոխնախարար, 2010-ից 11 ամիս աշխատել եմ որպես Երևանի քաղաքապետ, և մեկ տարուց ավելի է, ինչ զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը:

Երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, մենք մի քանի մաթեմատիկոսներով ընկերություն հիմնեցինք, որն առաջիններից էր Հայաստանում: Իսկ 1988 թվականին չինացի գործընկերների հետ մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը թվով 14-րդ էր ԽՍՀՄ-ում:

Սկսել էինք մաթեմատիկական խնդիրներ լուծելուց` հավաքել էինք մեր լավագույն ծրագրավորողներին: Երբ հաճախորդներին առաջարկում էինք մեր լուծումները, շատերը ասում էին, որ ավելի լավ է իրենց համակարգիչ վաճառենք: Մենք էլ հպարտ կեցվածք էինք ընդունում և ասում, որ առևտրական չենք: Բայց հետո այնպես ստացվեց, որ համակարգիչ վաճառելը շատ ավելի շահութաբեր էր, քան ծրագրեր գրելը:

Ժամանակի ընթացքում ընկերությունը մեծացավ և ծավալվեց: Գրասենյակներ ունեինք Մոսկվայում, Եկատերինբուրգում, Մինսկում, Աշխաբադում, Բեյրութում: Շատ դիվերսիֆիկացված բիզնես էր, ստեղծել էինք բանկ, ավիաընկերություն, զբաղվում էինք գունավոր մետաղներով, ավիափոխադրումներով, տուրիզմով, սեփական արտադրություններ ունեինք և այլն:

Այնպես որ, իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել: Այդ առումով, ինքս ինձ հետ միշտ շատ ներդաշնակ եմ եղել:

– Հարվածային գործիքներ նվագելիս Ձեզ տեսել ենք երկու անգամ: Մեկ անգամ, երբ տարածվեց մի ձայնագրություն, որտեղ նվագում եք Արցախում, երեխաների խմբի հետ: Այս տարի էլ Ձեզ հարվածային գործիքներ նվագելիս տեսանք ՀՀԿ նախընտրական հոլովակներից մեկում: Հաճա՞խ եք նվագում:

– Պրոֆեսիոնալ երբեք չեմ զբաղվել: Ուսանողական տարիներին նվագել եմ մի խմբում՝ ոչ շատ երկար ժամանակ: Հիմա շատ հազվադեպ եմ նվագում: Ավելի ճիշտ կլինի ասել` եզակի դեպքերում:

Բայց ես միայն ռոք չեմ լսում, սիրում եմ նաև ֆանք, ջազ-ռոք, ֆոլք: Հաճույքով լսում եմ հայկական ժողովրդական երաժշտություն:


– Երբ վարչապետ չէիք, Արցախ շատ էիք այցելում: Ամռանը արձակուրդը ևս Արցախում անցկացրեցիք: Կարելի՞ է պնդել, որ Արցախը հատուկ նշանակություն ունի Ձեր կյանքում:

– Կարծում եմ, որ Արցախը յուրաքանչյուր հայ մարդու համար շատ հատուկ նշանակություն ունի: Այնտեղ է անցնում այն սահմանագիծը, որտեղ որոշվում է մեր ազգային արժանապատվությունը, ինքնասիրությունն ու ինքնությունը: Իրականում այսօր էլ առիթը բաց չեմ թողնում Արցախում լինել, որտեղ ինձ չափազանց լավ եմ զգում: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ծագումով արցախցի եմ: Ես, իհարկե, հպարտ եմ իմ արցախյան արմատներով, սակայն իմ էությամբ ես երևանցի եմ, քանի որ մեծացել և ապրել եմ Երևանում:

– Ո՞րն է Ձեր ամենամեծ բացահայտումը վարչապետի պաշտոնում:

– Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք: Որոշ հարցերում այդպես է, սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում:

Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:

– Բայց ճիշտը չասելը սուտ խոսելուն հավասարազո՞ր չէ:

– Ոչ: Սուտ խոսելը վատ բան է, բայց, ցավոք, դրա հետ մեր առօրյա կյանքում մշտապես առնչվում ենք:

– Ի՞նչ եք ասում սուտ խոսող մարդկանց, երբ հանդիպում եք նրանց:

– Իրենց որևէ բան չեմ ասում, ինքս ինձ համար համապատասխան եզրակացություններ եմ անում:

– Այդ դեպքում մեր զրույցն ավարտենք այս հարցով՝ աշխարհում ավելի շատ են բարի՞, թե՞ չար մարդիկ:

– Իհարկե, բարի մարդիկ ավելի շատ են, ինձ համար դա միանշանակ է: Չար մարդիկ պարզապես ավելի շատ ուշադրություն են գրավում ու ավելի բարձր են խոսում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

BACK_TO_TOP