Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը. Փաշինյան

14:09 09.08.2019

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղըզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ընկերներ,
Նիստի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ ելույթս սկսել շնորհակալական խոսքեր հայտնելով Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Նեղ կազմով հանդիպմանը մենք արդեն կարծիքներ փոխանակեցինք և կողմնորոշվեցինք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում: Այնուամենայնիվ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա:

Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:

Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:

Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարևոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության և վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը:

Մեր միության բոլոր երկրները հաստատում են հետաքրքրվածությունը Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի համաձայնեցման հարցում: Այս փաստաթղթի կյանքի կոչումը դրական ազդեցություն կունենա Միության երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև բիզնես գործընթացների իրականացման վրա:

Մենք բացարձակ տեղին ենք համարում «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրի դրույթների իրականացումը համահունչ է առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններին:

Մենք կարևորում ենք, որպեսզի մեր երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ:

Հարգելի ընկերներ,

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին:

Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:

Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ դիմել ԵԱՏՄ անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո:

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:

Այս կապակցությամբ ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով՝ այս կարևոր իրադարձությանը ապահովել ձեր երկրների պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հնարավորինս լայն մասնակցությունը:

Համաժողովին մասնակցելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները:

Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Շնորհակալություն ուշադրության համար»։

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019 թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։

Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման 5-ամյակին նվիրված նամականիշների մարման արարողություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP