Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+20.09 oC

Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

15:50 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան

–  Մեծարգո պարոն նախագահ,
լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
տիկնայք և պարոնայք,

Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես մի քանի առիթ եմ ունեցել հանդիպելու պարոն Տուսկին: Մեր բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության և կառուցողական երկխոսության մթնոլորտում:

Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը:

Հանդիպման ընթացքում ես նաև խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար:

Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը:

Երկուստեք նշվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը:

Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաև օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Այս առումով ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները Եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման Ճանապարհային քարտեզը: Այն իմ կողմից հաստատվել է հունիսի 1-ին՝ Պայմանագրի ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ 1 տարի անց: Հունիսի 13-ին Պայմանագիրն արժանացավ նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ հանդիպման հավանությանը:

Մենք անդրադարձանք նաև Հայաստան- Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում, հատկապես, միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից: Ես դիմեցի նախագահ Տուսկին՝ Եվրամիության անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով:

Անդրադարձ եղավ նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումն աներկբայորեն պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում:

Ավարտելով խոսքս, հարգելի գործընկերներ, ցանկանում եմ նախագահ Տուսկին վերստին շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև մեր բոլորի անունից հաջողություն և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան ապագա գործունեության մեջ:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ

 Շնորհակալություն, սիրելի պարոն վարչապետ, Ձեր ջերմ ողջույնի և մեր գերազանց քննարկումների համար:

Սա իմ առաջին այցելությունն է Երևան Հայաստանի խաղաղ հեղափոխությունից ի վեր: Ուրախ եմ հիմա գտնվել այստեղ, և Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար: Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին:

Մեր այսօրվա քննարկումն ընդգծեց մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Այն հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման համար:

Վարչապետը և ես նաև համաձայնեցինք, թե որքան կարևոր է օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու նկատմամբ ուշադրությունը: Կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է ժողովրդավարության հասնելու և տնտեսական ու սոցիալական զարգացման համար: Այստեղ ևս Եվրամիությունը շարունակելու է աջակցել փորձագիտական օժանդակությամբ և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնելով:

Մենք քննարկեցինք նաև մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը:

Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ Եվրամիությունը համարյա կրկնապատկել է 2019 թվականի համար մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել, ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական: Այս համատեքստում ես սպասում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությանը: Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ: Ես առիթ կունենամ նաև այցելել Սևանավանքը՝ մի հուշարձան, որը եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության ապացույց է:

Այսօր մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի չհանգուցալուծված հակամարտությունը: Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ու մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում կատարելու պատրաստակամությամբ: Մենք նաև կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին զոհերի ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու համար այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության, իրական բանակցությունների համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը՝ գտնելու արդար և տևական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից: Եվրամիությունն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միջոցառումներին:

Պարոն վարչապետ, թույլ տվեք ավարտեմ, վերստին ձեզ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Ինձ քաջալերում և խրախուսում է Ձեր ղեկավարությամբ առաջընթացը, և ես ուզում եմ հավաստիացնել, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտորեն աշխատել Հայաստանի հետ և Ձեզ հետ՝ ի օգուտ բոլոր հայերի:

Շնորհակալություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

16:35 07.04.2025

Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

16:27 07.04.2025

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […] ...

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

16:23 07.04.2025

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […] ...

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

16:16 07.04.2025

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […] ...

Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

16:11 07.04.2025

Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։ ...

ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

16:06 07.04.2025

ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներ

Ապրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […] ...

BACK_TO_TOP