13:31 22.06.2019
Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը:
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները:
«Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով: Ի՞նչ ենք նկատի ունենում` անհատական ջանք ասելով. նկատի ենք ունենում օրինակ` «Ապագա ռեզոթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից պետք է գա Հայաստան և Ենոքավանի լքված տարածքում ստեղծի մի կառույց, որը պետք է փոխի համայնքի կյանքը, Հայաստանի Հանրապետության իմիջը: Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով: Նկատի ենք ունենում «Քարահունջ» գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են Սփյուռքից և Հայաստանում ստեղծում նոր իրականություն»,– նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ անհատական ջանք ասելով նկատի են ունենում նաև «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որոնք երկար տարիներ ղեկավարում են Պարզ լիճը` ստեղծելով բնության և բիզնեսի ներդաշնակության մի նոր երևույթ:
«Անհատական ջանք ասելով՝ սա նկատի ունենք, որովհետև փոփոխությունների շարժիչ ուժն, իհարկե, պետք է լինի կառավարությունը, բայց դրանց ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են և կառավարության ամենամեծ անելիքն ահա այսպիսի մարդկանց օրինակներ ի ցույց դնելով` քաջալերելն է ուրիշներին և հնարավորություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ տաղանդը բացահայտելու և իրացնելու հնարավորություն ունենան: Այն մարդիկ, որոնց մասին խոսեցի, այդ ամենը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, հակառակը՝ այդ ամենն արվել է դժվարություններ հաղթահարելով»,– ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն առկա խնդիրները հաղթահարելու համար իրականացնում է համապատասխան քայլեր:
«Այսօր խոսում ենք վարկային տոկոսադրույքների նվազեցման մասին, հարյուր հազարավոր մարդկանց վարկային պատմությունը «սպիտակեցրել» ենք, մենաշնորհները վերացրել: Հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ինչ-որ բան արել են` աղքատությունը հաղթահարելով: Մենք հիմնադրել ենք «Մեր ժամանակների հերոսը» խորագրով հեռուստատեսային նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ բան ունենալու՝ հասել են կոնկրետ արդյունքների: Նրանք չեն համաձայնվել համակերպվել հուսահատության հետ: Կարծում եմ` մենք պետք է նոր մշակույթ բերենք և անուններով ու հասցեներով խոսենք այդ մարդկանց մասին: Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են և նրանց օրինակները պետք է ոգևորեն մյուսներին»,– ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել «Թեյան» անունով հայկական թեյերի արտադրություն հիմնած Աստղիկ Գալստյանի և Վարդան Հարությունյանի, երևանցի կավագործ Ռուբեն Գևորգյանի օրինակները:
«Վերջինս ընդամենը փողոցում մանրավաճառությամբ է զբաղված եղել, պարզապես չի համաձայնվել համակերպվել հուսահատության հետ և հիմա ստեղծում է գլուխգործոցներ: Այնպես չէ, որ նա միլիոնատեր է, բայց այնպես էլ չէ, որ ամենակարևորը փողն է: Մարդն օրվա վերջում բավարարված է լինում, որովհետև հասկանում է, որ ինչ-որ բան ստեղծեց, խնդիրներ ունի իր առաջ դրած, հաղթել է հուսահատությանը, հաղթել է «փողոցին», որտեղ մարդիկ 30 տարի սպասում են, թե ով պետք է գա` իրենց առաջարկի ներգրավվել ընտրական ընտրակեղծարարություններում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև Ռիտա Մարտիրոսյանի օրինակին, ով եղել է ուսուցչուհի և տեղափոխվել է Գեղարդ գյուղ` հիմնել դեղաբույսերի արտադրություն, Սամվել Գասպարյանին, ով սայլակին գամված որոշել է, որ ինքը կարող է իր մտքով հաղթահարել իր հաշմանդամությունն ու փայտից տարբեր իրեր է պատրաստում:
«Մարդն առավոտից երեկո աշխատում է: Այդ աշխատանքի իմաստն միայն այն չէ, թե ինչքան եկամուտ ստացավ, այլ մարդու ինքնագնահատականը, արժանապատվությունը, հավատը` սեփական ուժերի նկատմամբ, որ մարդը ոչ թե ձեռքը պարզած ինչ-որ մեկից ինչ-որ բան է աղերսում, այլ հավատում իր ուժին, մարդն ինքն իրեն է հարգում և արժանանում ուրիշների հարգանքին: Այս տրամաբանությունը Հայաստանում ունի հաջողություն և համոզված եմ, որ այս բոլոր մարդիկ հաջողություններ են ունենալու: Այն աշխատանքը, որի մեջ դրված է գաղափար, միտք, հայեցակարգ, կոնցեպցիա` հաջողություններ է ունենալու»,– ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի:
«Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ տնտեսության արյունատար օղակները բացվել են, և մեզ պետք են անհատական ջանքի օրինակներ: Այստեղ կարևորն աշխատանքը, ստեղծագործությունը, ինքներս մեզ, մեր երկրին, մեր ապագային, մեր տաղանդին հավատալն է: Յուրաքանրյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ, աշխարհում և Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ հավատան իրենց տաղանդին»,– ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, կապիտալը: Վարչապետը նշել է, որ դժվար է գերագնահատել դրա դերը տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանում այսպես թե այնպես խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի:
«Կառավարությունը նույնպես շահագրգռված է, որ խոշոր բիզնեսը հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ: Միաժամանակ, բիզնես միջավայրի, արտերկրից ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը տաղանդավոր մարդկանց երկիր է: Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում, աջակցել խոսքով, գաղափարով, որովհետև Հայաստանում մեզ հաջողվել է հսկայական անհավատալի քաղաքական փոփոխություններ անել, որոնք արել ենք խոսքով և գաղափարով: Ոչ ոք թող չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը: Մենք հավատում ենք խոսքին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը դրել են քարի վրա:
«Նրանք նույնպես մեր ժամանակների հերոսներ են: Մեր ժամանակները հերոսանալու ժամանակներ են: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ասպարեզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովը նպատակ ունի տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները:
Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքի, վերամշակող և այլ ոլորտների ցուցահանդեսային նմուշներ, որոնց կծանոթանա նաև վարչապետ Փաշինյանը:
Համաժողովին ներկա են և ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան: Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և հյուպատոսներ, հայ և օտարազգի գործարարներ, ներդրողներ:
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...