18:40 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.):
Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են:
«Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական, փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ ու որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև զեկույցներով հանդես են եկել տնտեսագետ, փորձագետ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., փորձագետ Ատոմ Մարգարյանը, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ. Հայկ Մարկոսյանը, ՀՊՄՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ պաշտպանության նախարարության ՊԱՀՀ հետազոտող-վերլուծաբան, տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը, տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Սվետլանա Դալլաքյանը, ԵՊՀ դասախոս, որակավորված աուդիտոր, տ.գ.դ., դոցենտ Տիգրան Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Մերի Մանուչարյանը:
Նրանք կառավարությանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք բխում են 2019թ. փետրվարի 8-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ելակետային դրույթներից:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է և ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական և փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք և, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձևավորել, որտեղ աշխատում ենք: Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում են և ձեզնից նաև հավաքագրած տեղեկատվությունը բերում են և դարձնում կառավարության օրակարգ:
Շատ խոսվեց և խոսվել է փոքր հողակտորների խնդրի մասին: Այժմ կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք փոքր և չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել: Եվ այստեղ ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծենք, զուտ իրավական է, որպեսզի քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներ տեղի չունենան և նրանց իրավունքները լիարժեքորեն պաշտպանվեն:
Այստեղ շատ կարևոր նշանակություն տրվեց հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանը: Երևի տեղյակ եք, որ մենք ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հայտնաբերման հետ կապված օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել, որը սույն թվականի հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ: Իհարկե, դա մասնագիտական շատ նուրբ ոլորտ է, բայց փորձագետները հավաստիացնում են, որ այս օրենսդրական փաթեթն անխուսափելի է դարձնելու, որ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին կարողանանք բացահայտել, հակառակ դեպքում, այդ հանքերը չեն կարող շահագործվել:
Հանքարդյունաբերության հաջորդ շատ կարևոր խնդիրը ոլորտի կառուցվածքն էր, երբ նշվեց, որ մեր հանքարդյունաբերության արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Եվ սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունը, ըստ էության, այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքներով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ, իհարկե, կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, մի քանի ներդրումային առաջարկներ կան և մենք հույս ունենք, որ այդ ներդրումային առաջարկներից գոնե մեկն իրականություն կդառնա և մենք դրա համար կանենք ամեն ինչ: Այստեղ, իհարկե, շատ բան որոշում է ընթացիկ կոնյուկտուրան և երկարաժամկետ կանխատեսումները՝ կապված մետաղների գների հետ, բայց այս առումով, կարծես թե, կան որոշակի լավատեսական ազդակներ:
Կառավարությունում շատ կարևոր թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը: Այստեղ ելույթներից մեկում նշվեց, որ պետք է քննարկել կենսաթոշակային ֆոնդերը ցածր ռիսկային տեխնոլոգիական ոլորտներում ներդնելու հարցը: Ես տեղյակ եմ, որ հենց այս կապակցությամբ նաև մեր կենսաթոշակային ֆոնդերն են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել, որպեսզի այս բաժնետոմսերից գնեն և ներդրումներ անեն այդ ոլորտում: Իհարկե, սա առաջին ծիծեռնակն է, մենք հիմա նույնիսկ մտածում ենք, որ գտնենք որևէ պետական ընկերություն, զբաղվենք նրա առողջացման և թափանցիկության հարցերով ու փորձենք նաև արժեթղթերը բորսա հանել, ինչը կքաջալերի այլ ընկերություններին: Սա կարևոր է և՛ ընկերությունների համար, և՛ քաղաքացիների, որովհետև ընկերություններն այս ճանապարհով ներդրումներ ներգրավելու այլընտրանքային աղբյուր են ստանում, բացի բանկերից նաև քաղաքացիներն են ներդրումներ անելու: Այսօր, երբ բավարարվածությամբ գոնե ցույց ենք տալիս, որ օրինակ ավանդների մակարդակը բանկերում աճում է, շատ արագ հակադարձ քննադատություն է հնչում, թե քաղաքացիները ներդնելու ուրիշ տեղ չունեն, ուստի պարզ է, որ պետք է բանկերում ներդնեն: Իսկապես, սա մեծ խնդիր է: Ամբողջ աշխարհում ներդրումների լավագույն ձևերից մեկը համարվում է հենց ընկերությունների IP-ով կոչված համակարգի գործունեությունը: Իհարկե, այստեղ նաև վենչուրային ֆոնդի մասին հիշատակում եղավ: Դա նույնպես մեր ընթացիկ քննարկումների փուլում է:
Ես ուզում եմ առանձին անդրադառնալ ռազմարդյունաբերության թեմային: Շատ ճիշտ նշվեց, որ ընդհանրապես ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար, ընդ որում, նաև ձեր նշած մեխանիկայի և այլ ոլորտներում: Այս նկատառումով է, որ մենք ՀՀ-ում ստեղծում ենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի հենց այսպիսին. մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաև մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է:
Բայց նաև ինչպես ընդհանուր տնտեսության համար, մեր նպատակակետը պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է: Ընդհանուր առմամբ, լավ լուրն այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: Ինչո՞ւ է սա մեզ համար լավ լուր, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր տրանսպորտային և այլ բազմաթիվ սահմանափակումներ:
Համացանցում վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի տնտեսության առաջատար 20 ընկերությունների մասին հոլովակ է պտտվում և դրան հետևելով տեսնում ենք, որ եթե, օրինակ, 25 տարի առաջ աշխարհի ամենաառաջատար, թանկարժեք 20 ընկերություններն այն ընկերություններն էին, որոնք տիրապետում էին նավթի, գազի կամ որևէ նյութական միջոցի, ապա այժմ դա փոխվել է և փոխվել է այնպես, որ հիմա աշխարհի առաջատար ամենահարուստ 20 ընկերությունները նրանք են, որոնք հիմնված են նախկինում բնության մեջ գոյություն չունեցող երևույթների վրա: Սա, կարծում եմ, նոր տնտեսակարգի կարևոր առանձնահատկությունն է, որը մեզ համար լավ լուր է, որովհետև հիմա ամենաթանկ ընկերությունների շարքում առնվազն կեսը նրանք են, որոնք հիմնվում են մի մատերիայի վրա, որը նախկինում ուղղակի գոյություն չի ունեցել և դա ընդամենը մարդկային մտքի արտադրություն է:
Հետևաբար, սա նշանակում է, որ կարելի է ստեղծել նոր և կանխատեսելի երևույթներ, որոնք կարող են առաջ մղել տնտեսությունը: Այս առումով, կարծում եմ, որ սրա համար հիմք է դարձել այն, երբ արդյունավետությունը դարձել է մտածողության կարևոր հենասյուն, որ այն, ինչ անում ենք, ծախսում ենք, օգտագործում, սպառում՝ պետք է անենք արդյունավետ:
Կարծում եմ՝ արդյունավետությունը և տեխնոլոգիական մտածողությունը մենք պետք է փորձենք մեզ համար դարձնել մենթալիտետ, մտածողության կետ: Այստեղ, իհարկե, համաձայն եմ այն ձևակերպման հետ, որ առանցքային նշանակություն ունի մեր կրթական համակարգը: Այստեղ էլ մենք այսօր դնում ենք արդյունավետության խնդիր, որովհետև եթե մենք օրը 5-6-7 ժամ երեխային զբաղեցնում ենք՝ պետք է շատ հստակ հաշվարկենք, թե այդ երեխային ինչ ենք տալիս, ինչի համար ենք տալիս և ինչ ենք ստանալու դրա արդյունքում: Սա շատ կարևոր բան է, որովհետև եթե ուսումնասիրենք մեր ծրագրերը` կարող է պարզվել, որ մենք տալիս ենք շատ կամ քիչ ինչ-որ բան, որ երեխային պետք չէ և ոչ միայն երեխային պետք չէ, այլ մեզ բոլորիս պետք չէ, որ մենք երեխային այդ գիտելիքը կամ առարկան փորձենք մատուցել:
Հետևաբար, արդյունավետությունը և տաղանդի, աշխատանքի խթանումը, սեփական ուժերի հավատալու գործում մեր քաղաքացիներին աջակցելը բոլոր դեպքերում դառնում է մեր կառավարության ամենակարևոր առաջնահերթությունը:
Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն այնպիսի երևույթներ` սկսած քաղաքական, վերջացրած կրթական համակարգով, որոնք մարդուն անընդհատ ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի, որ ինքն անկարող է, որ միևնույն է ոչինչ չի փոխվի և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետությունում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է, որ մենք չենք կարող, որ մենք հնարավորություն չունենք, որ մենք ավելի լավ է հարմարվենք, որ մենք ավելի լավ է ամբիցիաներ չունենանք: Սա առաջին խնդիրն է, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Սա այն ֆենոմենն է, որն իր հետևից բերում է աղքատության, հուսահատության, իր հետևից բերում է այն, որ մեր երկրում ընդհանրապես այդ փախեփախի մթնոլորտն է ձևավորվում, որ լավ, մեկ է՝ այստեղ հեռանկար չկա, բայց մի բան եկեք փախցնենք, գնանք մի տեղ յոլա գնանք:
Այս մտածողությունը փոխելը մեր մեծագույն խնդիրն է և դա արդեն ֆանտաստիկայի ոլորտից չէ, որովհետև քաղաքական մակարդակում մենք սա կարողացել ենք անել, մեզ մնում է այդ գործընթացը շարունակել: Որպես փաստ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական վարքի փոփոխությունը, քաղաքական գործելակերպի փոփոխությունը բերեց քաղաքական փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությունը պետք է բերի տնտեսական փոփոխությունների:
Այսօր աշխարհի առաջատար բոլոր ընկերությունները փնտրում են տաղանդներ, տաղանդներով համակված միջավայր: Երեկ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ էի հանդիպում և ասացի, որ մեր ամենառազմավարական տեսլականը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտ տաղանդների համար, դարձնել երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու, իրացնելու, անսահմանափակ հնարավորություններ կան: Ես հավատում եմ, գիտեմ, համոզված եմ և տեսնում եմ, որ մենք հասնելու ենք այդ նպատակին, մեզ պետք է հետևողականություն, աշխատասիրություն, համբերություն և, իհարկե, ինտելեկտուալ աշխատանք, որը մենք իրար հետ անպայման կանենք»:
Գիտաժողովի նպատակն է՝ մշակել հիմնավոր երաշխավորություններ երկրի տնտեսության ժամանակակից տեխնոլոգիական հիմքով արագ առաջընթացի, դրա կառուցվածքի արդիականացման, թողարկվող արտադրանքի միջազգային մրցունակության բարձրացման, դրա հիման վրա հումքի փոխարեն մշակող արդյունաբերության գիտատար արտադրանքի արտահանման, երկրի վճարային հաշվեկշռի բարելավման համար:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...