Քաղաքական գործիչներն արձագանքում են Փաշինյանի կոչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Քաղաքական գործիչներն արձագանքում են Փաշինյանի կոչին

21:55 19.05.2019

Քաղաքական գործիչները, փաստաբանները արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Նրանցից ոմանք նաև դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Հայտարարություններն ու գրառումները ներկայացնում ենք ստորև։

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյան

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների բաժանումը և իշխանության թևերի անկախությունը, զսպումների և հակակշիռների համակարգը։

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն իր այսօրվա կոչով առերևույթ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը, կոպտագույն ձևով միջամտելով դատական իշխանության գործունեությանը։

ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում ապահովել հասարակական կարգի պահպանությունը և պետական ու ազգային ինստիտուտների անվտանգությունը և նրանց բնականոն գործունեությունը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

«Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է՝ չկա

Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելն ու հայհոյելն է՝ չկա: Ի՞նչ են հիշելու այդ փոքրիկները. որ իրենց պապիկին հրում և հայհոյում էին ադեկվատությունը կորցրած մարդի՞կ, որոնք բոլորովին ուրիշ թեմայով էին ցույցի դուրս եկել ու ճանապարհին պատահաբար հանդիպել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի՞ն: Ավելի վտանգավոր բան, քաղաքացուց ամբոխ սարքելն է, որի միակ բնազդը ատելությունն ու թշնամանքն է` չկա:
Կանգ առնել է պետք: Հանուն ոչ մի նպատակի չի կարելի, ուղղակի չի կարելի հասարակությանը բաժանել ներքին թշնամիների: Ատելության այս շղթան ջարդել է պետք, այլապես` ուշ կլինի, եթե արդեն ուշ չէ: Տեղի ունեցավ այն, ինչից զգուշանում էինք, բայց հասկանում էինք, որ այլևս անխուսափելի է: Ատելության լավան սոցցանցերից հորդաց իրական կյանք ու ես վախենում եմ սահմռկեցուցիչ հաշվեհարդարներից: Ճանապարհը մեկն է` իշխանությունը, որպես քաղաքացի, չպիտի սնվի սոցցանցերում սեփական՝ իրական ու ֆեյք նվիրյալների ագրեսիվ ադրենալինով:
Սա շատ վտանգավոր ճանապարհ է, որը կասեցնելու համար իմաստնություն, լրջություն և խոհեմություն է պետք»:

Արփինե Հովհաննիսյան

«Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

«Ես հարգանքով եմ վերաբերում մեր երկրի նախագահին, բայց Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո չեմ հասկանում նրա այժմյան անգործությունը:
Չէ՞ որ Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը կրում է ՀՀ նախագահը…»։

«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ վաղը դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ:

Հիշեք, հակառակ դեպքում կանգնելու ենք քաղաքացիական պատերազմի իրական առջև, ինչին հաջորդելու է պետականության սասանումը…

Խնդրում եմ լինել ողջամիտ…»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

«Հայաստանի բոլոր դատավորները եթե վաղը հրաժարական տան, դա կլինի Հայոց երրորդ Հանրապետության վախճանի սկիզբը։

Ո՞վ կարող է այս ամենի դեմն առնել»:

«Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյան

«Հարգելի ուսանողներ, վաղը ոչ միայն չեմ լինելու ՀՊՏՀ-ում դասի, այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը։

ՀԳ։ Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո»:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյան

«Վաղը առավոտյան 8:30-ից փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան)։

Հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական ավարտին։

Սիրում եմ բոլորիդ, մինչ հանդիպում»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունց

«Այն, որ Ռ.Քոչարյանի աջակիցների դաշինքը ստեղծվել էր մայիսի 13-ին դատական նիստի ժամանակ հավաքվելու դատարանի մոտ և ճնշում գործադրել դատարանի վրա, չեմ կասկածում:

Առաջին օրը միայն Վարդգես Գասպարին էր փաստորեն հակացույց անողը, որի նկատմամբ բռնություն գործադրվեց, որից հետո հաջորդ օրը արդեն ավելի մեծ թվով հակացույցի մասնակիցներ հավաքվեցին:

Այս ամենը վկայում է իրապես դատական իշխանության և դատարանի նկատմամբ բացառիկ անվստահության մասին:

Բայց արդյոք այդ անվստահության հարցը կարելի՞ է լուծել նույն ճնշման մեթոդներով, միանշանակ ՈՉ:

Այդ պատճառով, կոչ եմ անում, հրաժարվել նույն մեթոդներից, որը կիրառեցին Ռ.Քոչարյանի կողմնակիցները:

Խնդիրը լուծելու համար կա Ազգային Ժողովը՝ որպես մարմին, քննարկման տեղը ԱԺ-ում է:

Իսկ դատական իշխանության կտրուկ փոփոխությունների մեխանիզմները կարող են միմիայն լինել իրավական:

Առանց իրավական մեթոդների, մնացած ցանկացած մեթոդները ոչ միայն անթույլատրելի են լեգիտիմ օրենսդիր մարմնի առկայության պայմաններում, այլ նաև խիստ վտանգավոր:

Հրաժարվեք պարոն վարչապետ այդ քայլից:

Նախ և առաջ, թե ինչու չեն արվել համարժեք քայլերը իրավական լուծումներ տալու դատական կտրուկ, արմատական բարեփոխումների համար, դա պետք է քննության առնել և լուծել այդ պատճառի խնդիրը»:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր, Արցախի նախկին ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյան

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ քաղաքացիներին արգելափակել ՀՀ բոլոր դատարանները: Դրանով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է:

Կոչ ենք անում՝

1) Հանրապետության նախագահին՝ ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթի շրջանակներում, միջոցներ ձեռնարկել Դատական իշխանության գործառնության խափանում թույլ չտալու, ինչպես նաև առկա իրավիճակի մասին ՀՀ գործընկեր պետությունների դեսպաններին, ՀՀ մասնակցությամբ միջազգային կազմակերպություններին իրազեկելու ուղղությամբ և այդ մասին հանդես գալ ուղերձով:

2) ՀՀ քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին՝ հանդես գալ իրավիճակին համարժեք գնահատականով:

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խստորեն դատապարտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը փաստացի դադարեցնելու՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի փորձը»:

Փաստաբան Գևորգ Գյոզալյան

«Ինքս միշտ գտել եմ, որ դատական իշխանության 80%-ին պետք է տուն ուղարկել, համապատասխանաբար գնահատականներս էլ են եղել սուր, բայց այն ինչ հայտարարել է վարչապետը վաղվա համար, ինձ մտահոգում է, անկեղծ մտահոգում է։ Տղերք, ախր այդպես չեն անում, ախր դա նիհիլիզմի անմիջական հաստատումն է։ Կրկին հիշեցի Անատոլ Ֆրանցի՝ «Աստվածները ծարավի են» վեպը։ Ախր, եթե դուք ունեք իշխանություն խնդիրները լուծելու իրավունքի սահմաններում, չշտապելով, համբերատար, ի վերջո ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ինչո՞ւ այսպես․․․»:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Հայաստանը մտնում է չափազանց վտանգավոր փուլ: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել դատարանների շենքերը:

Իրավիճակը էքստրաօրդինար է: Այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքեն նախագահ Արմեն Սարգսյանը (օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ապահովումը նախագահի Սահմանադրական պարտականությունն է) ԲԴԽ ղեկավարը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը, Ոստիկանապետը:

Այս իրավիճակում լռելը ծանր հետևանքների կարող է հանգեցնել: Վարչապետը, հենվելով լյումպեն զանգվածի վրա, որը չի կարող գիտակցել իր գործողությունների հետևանքները, ըստ էության փորձում է երկրում տապալել Սահմանադրական կարգը:

Վաղը արդեն կարող է ուշ լինել: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքել շատ արագ և ամենաբարձր մակարդակներով: Պետք է արձագանքեն քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքի պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները, մտավորականները բոլոր նրանք, ովքեր գիտակցում են պահի լրջությունը»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

«Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. Հրազդանի նստավայր»։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»։

Ուղիղ կես ժամ առաջ արած այս գրառումը 7200 արձագանք, լայք ու դիսլայք ունի, 3200 տարածում և 1300 մեկնաբանություն, հիմնականում՝ դրվատական, հատուկենտ քննադատական: Եվս կես ժամ անց այս թվերը կկրկնապատկվեն, դժվարանում եմ ասել առավոտ ժամը 8-ին այդ թվերն ինչպիսին կլինեն: Այս արձագանքը խոսում է դատական համակարգի ապականության դեմ հանրային մեծ զայրույթի մասին անշուշտ, բայց նաև՝ այդ ոլորտի բարեփոխման ուշացման մասին:

Կարծիքս հետևյալն է. դատարանների արգելափակման կարիքը չկար, այդ կոչի կարիքը չկար բոլորովին, ժամը 12-ի ելույթից հետո դատավորների մի մասը հրաժարական կտար, կգնար տուն, մյուսները, մի շարք քննիչներ և բազմաթիվ ուրիշներ կսպասեին զարգացումներին: Արդարադատության արմատական բարեփոխման մեքենան գործի կգցվեր: Դրանք էլի կլինեն, բայց կլինեն նաև մեղադրանքներ առ այն, թե գործադիրը ճնշեց դատարաններին:

Խնդրում եմ ցածը ինձ չբացատրել, թե դատարանները ապականված են, բա ինչ աներ: Ես երևի դատարաններից ու իրավապահներից տուժածների առաջին հինգհարյուրյակում եմ, շատ լավ գիտեմ հայաստանյան «արդարադատության» վիճակը տարբեր կողմերից:

Իրավաբան Արսեն Բաբայան

«Ըստ պաշտոնյաների՝

1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ պետք է անմիջապես զրուցեր օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավարների հետ և Սահմանադրության ու իր հեղինակության ուժով փորձեր խափանել այս խելահեղությունը:

2. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ պետք է հանձնարարեր Հատուկ քննչական ծառայությանը նյութեր նախապատրաստել Սահմանադրական կարգի տապալման փաստի առթիվ:

3. ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ պետք է նախաձեռներ Սահմանադրական կարգի տապալման փաստի առթիվ նյութերի նախապատրաստումը:

4. ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ պետք է հանձնարարեր ապահովել բոլոր դատարանների բնականոն գործունեությունը և խափանել դատարանների արգելափակումը՝ արձանագրելով բոլոր նրանց, ովքեր տապալում են Սահմանադրական կարգ:

5. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ պետք է անմիջապես հանդես գար Վարչապետի հանձնարարությունը քննադատող հայտարարությամբ և դատական կարգադրիչների ծառայությանը հանձնարարեր ապահովել բոլոր դատարանների բնականոն գործունեությունը և խափանել դատարանների արգելափակումը:

Հիշեցում: Սահմանադրական կարգի տապալման հանցակազմի վաղեմության ժամկետը սահմանված է 15 տարի: Բոլորի համար»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

  1. Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:
  2. Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
  3. Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից:
  4. Այս պահանջները պատահական չեն: Դատարանները կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովել մարդու անձնական ազատության, արդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը:
  5. Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։
  1. Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքների վրա։
  2. Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
  3. Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:
  4. Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:
  5. Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով:
  1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում»:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյան

«Գեղարքունիքի մարզի հպարտ քաղաքացիներ, վաղը 8։30-ից սկսած պաշարում ենք մարզի բոլոր դատարանները։

Կամավորներին խնդրում եմ դատարանի մոտ հավաքված մեր քաղաքացիներին ապահովել ջրով և սննդով»:

Փաստաբան Կարեն Թումանյան

«Ես՝ որպես փաստաբան, վաղը գնալու եմ դատարան, և եթե հանկարծ որևէ մեկի մտքով կանցնի խոչընդոտ հանդիսանալ դատարանի շենք մտնելիս, ապա ես հաղորդում կտամ քրեական գործ հարուցելու համար և զուգահեռ ուղիղ կդիմեմ Եվորպական դատարան, առանց ներպետական ատյանները սպառելու, այն հիմքով, որ Հայաստանում դատարան չկա։

Վարչապետի հայարարությունն էլ կկցեմ որպես ապացույց»։

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գեղարքունիքի մարզի հպարտ քաղաքացիներ, վաղը 8։30-ից սկսած պաշարում ենք մարզի բոլոր դատարանները։

Կամավորներին խնդրում եմ դատարանի մոտ հավաքված մեր քաղաքացիներին ապահովել ջրով և սննդով»:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

«Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների լուծմանը։

Այն համոզումն ունեինք, որ երկրի քաղաքական իշխանությունը և հատկապես վարչապետ Ն․Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ երաշխավորելու պետական իշխանության առանձին մարմինների և հատկապես իրավապահ համակարգի անխափան գործունեությունը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։

Ավաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետ Փաշինյանի՝ «վաղն առավոտյան հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղված կոչն անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը։

ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունն արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։

Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։

Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝  իրացնելու  ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա, երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյան 

«Սիրելի լոռեցիներ, գնում եմ Ալավերդի։ Ժամը 08:00-ին կլինեմ Ալավերդու դատարանի դիմաց։ Եկեք հանդիպենք»։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդգծում է, որ՝

• Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

• Սահմանադրության 162-րդ հոդվածը սահմանում է, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

• Սահամանդրության 164-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

• ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, այդ թվում` պաշտոնեական դիրքն օգտագործելով, քրեական հանցագործություն է:

• ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի համաձայն`Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` քրեական հանցագործություն է:

• ​ՀՀ քրեական օրենսգրքի 301-ին հոդվածի համաձայն`իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` քրեական հանցագործություն է:

Ելնելով վերոնշյալից` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝

• Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը եւ մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ եւ իրավունքներ։
• Խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վրա։
• Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին։
• Այն խորացնում է հասարակության պառակտումը, խաթարում հանրային համերաշխիւթյան մթնոլորտի ձեւավորումը եւ նոր զարկ տալիս անհանդուրժողականությանն ու ատելության քարոզչությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում.
1. Հայ ժողովրդին՝ զերծ մնալ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող, վտանգավոր եւ արկածախնդիր գործընթացներին մասնակցելուց։
2. Կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, հասարակական գործիչներին միանալ պետականակործան այս գործընթացների դատապարտման եւ կանխման աշխատանքներին։
3. Իրավապահ համակարգին ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակում, միջոցներ ձեռնարկել երկրում սահմանադրականության համար սպառնալիքներ ստեղծող անձանց նկատմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։
4. Միջազգային հանրությանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանի գործող իշխանությունների կողմից կազմակերպված գրոհին Սահմանադրության և դատական համակարգի հանդեպ»։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան

«Լուրջ քաղաքական գործընթացից առաջ յուրաքանչյուրը դիրքավորվում է: Բայց 2018 թվականի մարտի 31-ից էլ, ապրիլ-մայիսից էլ 99 տոկոսիդ կոորդինատները գիտենք:

Անկեղծ մտահոգություն հայտնողներին էլ ասեմ, որ ինչպես նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, այս անգամ էլ ժողովուրդը մնալու է օրենքի սահմաններում: Ժողովուրդը սովորել է պաշտպանել և իրացնել իր սահմանադրական իրավունքները»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյան

«Գեղարքունիքի մարզի հպարտ քաղաքացիներ, վաղը 8։30-ից սկսած պաշարում ենք մարզի բոլոր դատարանները։
Կամավորներին խնդրում եմ դատարանի մոտ հավաքված մեր քաղաքացիներին ապահովել ջրով և սննդով»։

 

 

 

 

 

 
 
 
 
 
 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP