13:43 14.05.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին, հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մարտիրոսյանի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին սպանության մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, որը Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին, և վերջիններիս ընկերոջը՝ նրանց տեղափոխելով Սևան: Քննությամբ պարզվել է, որ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ՝ արժանանալով Ժ. Մարտիրոսյանի դիտողությանը: Վիճաբանությունից հետո երրորդ ուղևորը Սևանի թերակղզում դուրս է եկել ավտոմեքենայից ու հեռացել:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ամուսինները շահադիտական դրդումներով զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին. ամուսինը, նստելով գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստելով գլխի հետնամասում, քարերով հարվածներ են հասցրել գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որից հետո վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին:
Այդ ընթացքում վրացի ամուսիններին լքած վերջիններիս ընկերը վերադարձել է ավտոմեքենայի մոտ և ականատես եղել երիտասարդի սպանությանը:
Վերադառնալով Երևան` հետքերը թաքցնելու նպատակով լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երևանի առևտրի կենտրոններից մեկում վաճառել երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:
Հիշեցնենք, որ բացի Ժ. Մարտիրոսյանի սպանությունից, նախաքննության ընթացքում բացահայտվել էր վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ սպանություն ևս:
Հունվարի 15-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Պարզվել էր, որ կինը դարձել է սպանության զոհ:
Նախաքննության ընթացքում պարզվել են կնոջ սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Այսպես՝ վրացի ամուսինները ՀՀ-ում իրենց ծանոթների միջոցով ծանոթացել են Ա. Ալեքսանյանի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան իբր առողջական խնդիրների լուծելու համար, մտերմացել նրա հետ, և տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ծրագրել են հափշտակել դրանք:
Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Ա. Ալեքսանյանին, միասին ընթրել են, օգտագործել են ոգելից խմիչք, որի ընթացքում տղամարդը, տարեց կնոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով պահել բերանը, որպեսզի չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել, և որպեսզի կոտրի Ա. Ալեքսանյանի դիմադրությունը, կնոջը հրահանգել է բռնել տարեց կնոջ ոտքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:
Տպավորություն ստեղծելու համար, թե իբր նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, պառկեցրել անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:
Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են 1 891 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև այլ իրեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ամուսիններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջիններիս ընկերոջը՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...