21:43 28.01.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ելույթ է ունեցել ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ․
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Վեհափա՛ռ Տեր,
մեծարգո՛ պարոն Վարչապետ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
պարոնա՛յք զինծառայողնե՛ր,
Հարգելի՛ հյուրեր
Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ:
Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը:
Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի կառուցման յուրօրինակ խորհրդանիշ:
Այսօր ցնծության, հպարտության, բայց միաժամանակ նաև ազգային գիտակցության և սեփական ուժն ու կարողությունն արժևորելու օր է:
Կարծում եմ՝ բոլորս ունենք այդ երկակի զգացումը, մանավանդ, որ ներկաներից շատերի համար հայոց բանակը զավակի պես է, որի հետ քայլել ու քայլեցրել են: Ձեզանից շատերի կյանքը զուգահեռվել է այն հերոսական ու նշանավոր ժամանակաշրջանի հետ, որը կոչվում է Հայոց բանակի պատմություն:
Մեր Բանակն Արցախյան հաղթական հերոսամարտի ծնունդն է: Եվ ծննդյան օրից ի վեր, մինչ այս պահը, մեր երկրի եզերքները զենքով պաշտպանելու ամենօրյա խնդիրները մշտապես ուղեկցել են մեզ ու դեռ ուղեկցելու են առժամանակ: Մեր կռիվը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է ամենուր` աշխատասենյակից մինչև հրամանատարական կետ, կրթօջախից մինչև կրակադաշտ, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:
Այսօր նաև վերհիշելու և վերագնահատելու օր է: Վերհիշելու այն բոլոր նվիրյալ մարդկանց, ովքեր իրենց փորձն ու գիտելիքն են ներդրել Բանակի կայացման գործում: Եվ, իհարկե, վերհիշելու մեր այն բոլոր ծառայակից ընկերներին, ովքեր իրենց կյանքով են կերտել մեր այսօրն ու վաղվա իրավունքը` լինի դա Արցախյան ազատամարտում թե ամենօրյա մարտական ծառայության ընթացքում: Պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի մենք այս օրն սկսում ենք Եռաբլուրից: Փա՛ռք ու պատիվ նրանց և մեր խոնարհումը նրանց ծնողների ու հարազատների առջև:
Հարգելի՛ հյուրեր
2018 թվականի քաղաքական թեժ գարունից հետո ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ հասարակության ուշադրությունը բոլոր ոլորտներում և հատկապես Բանակի հանդեպ չափազանց բարձր է, սպասելիքները՝ նույնպես: Սա պարտավորեցնող, բայց նաև հաճելի զգացում է: Զգացում, որը նաև լրացուցիչ լիցքեր է հաղորդում, որովհետև իրականում չափազանց բարձր է նաև ժողովրդի համախմբվածության աստիճանը, և այս տեսակետից մեր թիկունքը չափազանց ամուր է:
Այս մթնոլորտն է նաև այն տեսանելի ձեռքբերումների հիմքում, որոնք մենք ունեցանք անցած տարվա ընթացքում:
Մասնավորապես.
Քաղաքական հստակ ջանքերի և մեր զինված ուժերի հմուտ մարտավարության ու գործողությունների շնորհիվ ունեցանք բավականին հանգիստ առաջնագիծ:
Մենք այսուհետ ևս վճռական ենք լինելու մեր պատրաստության բարձր մակարդակով և կարգապահությամբ քաղաքական պայմանավորվածությունները պահպանելու, բայց միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում` համապատասխան գործողություններով հակառակորդին մեր կամքը թելադրելու գործում:
Մեր կարգապահության և գիտակցության բարձր մակարդակի շնորհիվ մենք կարողացանք զինված ուժերը զերծ պահել քաղաքական զարգացումների և առաջին հերթին` ընտրական գործընթացների վրա ազդեցությունից, ինչը լավագույնս դրսևորվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Զորակոչային գործընթացում մենք առավել ամրապնդեցինք թափանցիկության և արդարության սկզբունքները` բարձրացնելով բանակի նկատմամբ մարդկանց վստահության աստիճանը: Շատ կարճ ժամանակահատվածում մենք նախադրյալներ ստեղծեցինք ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման, զինված ուժերում կանանց դերի բարձրացման, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտներում որակական առաջընթացի համար:
Մենք շարունակեցինք արդյունավետ հարաբերություններ զարգացնել մեր դաշնակիցների և գործընկերների հետ, հարստացնել մեր սպառազինությունների զինանոցը, կյանքի կոչել ոչ միայն գործող պայմանավորվածությունները, այլև հանդես գալ նախաձեռնություններով և ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, որոնք կոչված են առավել բարձրացնելու մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակը ու որոշակի ոլորտներում հակառակորդի նկատմամբ հասնելու որակական գերազանցության: Մարտունակությունը բարձրացնելու և որակական գերազանցության հասնելու նպատակով մենք վերանայեցինք մոտեցումները մարտական պատրաստության ծրագրերի նկատմամբ` սահմանելով նոր, հավակնոտ պահանջներ:
Այսօր մենք ավարտում ենք բանակի կառավարման համակարգի, ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխությունները, ընթացքում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու:
Մենք վճռական ենք տրամադրված շարունակելու բանակաշինության մեր ընթացքը` սերտորեն համագործակցելով օրենսդիր, դատական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, լրագրողական հանրության և հասարակական կազմակերպությունների հետ, նաև մշտապես հաշվի առնելով այն, որ անվտանգության սպառնալիքների շարունակական բնույթով պայմանավորված՝ ստիպված ենք լինելու պահել մեր բնակչության ու ռեսուրսների նկատմամբ միջազգային բոլոր չափանիշներով անհամաչափ մեծաքանակ բանակ:
Հետևաբար, առաջնային խնդիր ենք դիտարկելու ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը, նյութական և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և բանակաշինության գործում մեր քայլերն ուղղելու ենք համակողմանի ապահովման ու անձնակազմի կառավարման ոլորտներում միայն սկզբունքների և խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը:
Շարունակելու ենք աշխատել զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա: Այս առումով հույժ կարևոր եմ համարում թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պարտաստությունը և թե՛ ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրումը: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնելու ռազմական հետախուզությանը, մարտական հերթապահությանը և անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստությանը` ձևավորելով այնպիսի կարողություններ, միջոցներ և եղանակներ, որոնք կապահովեն մեր հուսալի պաշտպանությունը, իսկ մարտական գործողությունների վերսկսման դեպքում` դրանք հակառակորդի տարածք տեղափոխելը:
Կառավարության իմ գործընկերների հետ մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանում ռազմական նշանակության արտադրանքի բավարար տեսակների ու քանակների արտադրության և արդիականացման կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային դերակատարների ներգրավմամբ:
Սրանք, իհարկե, փոքր մասն են այն ամենի, ինչ մենք անում ենք և պետք է անենք: Բայց բոլորիս համար նշանակալի այս օրը մենք պետք է ևս մեկ անգամ վերագնահատենք մեր Հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված յուրաքանչյուրիս բացառիկ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ` նախարարից մինչև 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայող, և ամրագրենք, որ մեր բանակը պարզապես իրավունք չունի որևէ հարցում ընկրկելու և անպայման հաջողելու է՝ լինի մարտական հրաձգությամբ սահմանը պաշտպանելիս թե ուսումնական զորավարժության ժամանակ, լինի սոցիալական ապահովության թե կադրային քաղաքականության աշխատանքներում, լինի ռազմական արդյունաբերության թե համակողմանի ապահովման ոլորտներում:
Ամրագրենք, որ այսպիսի հաղթական ավանդույթներ, այսպիսի հերոսական ժառանգություն ունեցող և այդքան նվիրյալների արյունից ծնված բանակը անպայման հաջողելու է:
Եվ ամրագրենք, որ այդպիսի համախմբված և միակամ ժողովուրդ, զորահավաքային այսպիսի պատվար ունեցող բանակը անպայման հաջողելու է:
Մեր ապագայի տեսլականի մասին շատ ենք զրուցել, քննարկել շատերիդ հետ: Այսօր, քան երբևէ, առկա են այդ տեսլականը իրականություն դարձնելու բոլոր նախադրյալները: Մենք գիտե՛նք մեր աշխարհագրությունը, գիտե՛նք մեր հարևաններին, մեր բարեկամներին ու հակառակորդներին, գիտե՛նք նաև մեզ և գիտե՛նք, թե ինչ ենք շարադրելու մեր պատմության մատյանում, ու վստահեցնում եմ, որ այդ էջերը գրվելու են այնպես, որ խմբագրման կարիք երբևէ չունենան:
Ավելի քան վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և անպայման հաջողելու ենք, եթե պահպանենք զգոնությունը և ժամանակ չկորցնենք, այլ աշխատենք օրնիբուն:
Հայտնի միտք կա` «Պատերազմում ժամանակը հաշվարկվում է վայրկյաններով», իսկ մեր իրավիճակը ոչ մի կերպ «խաղաղ» չես անվանի:
Շնորհավորելով բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ՝ ուզում եմ հատկապես ողջունել պարգևատրվածներին ու նշել նաև, որ այս օրերին հանձնվող բոլոր՝ թե՛ պետական, թե՛ գերատեսչական պարգևները ՀՀ զինված ուժերի զարգացմանը ավանդ բերած զինծառայողներին ու անհատներին, Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում աչքի ընկած մարտիկներին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գնահատականն են, բայց կարծում եմ, որ այդ պարգևները պիտի ընկալվեն որպես առաջին հերթին ժողովրդի կողմից շնորհված, որովհետև դա է բոլորիս աշխատանքի ամենակարևոր ու բարձր գնահատականը:
Սիրելի՛ հյուրեր
Մեր նշանաբանն է` «Անել առավել, քան».
առավե՛լ, քան պահանջված է,
առավե՛լ, քան ընդունված է,
առավե՛լ, քան պատկերացնում ենք,
առավե՛լ, քան ունենք,
Եվ առավե՛լ, քան կարող ենք:
Եվ այսպիսով՝ ծառայում ենք ժողովրդին և անում ենք ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ…
Շնորհակալ եմ»:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...