17:26 25.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ:
– Սկսենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Երկրում արտահերթ ընտրություններ են: Ապրիլին Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ են սկսվում, սակայն մենք ականատես եղանք քաղաքական ցնցումների ու փոփոխությունների: Դուք հավատացա՞ծ եք, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է:
– Ես իսկապես հավատացած եմ, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով: Փոփոխություններն սկսվեցին ապրիլից, զարմանալիորեն դրանք սկսվեցին իմ երդմնակալությունից հետո: Պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես հեղափոխություն չէր, որը ստացավ «թավշյա» անվանումը: Այն մեծ նվաճում էր մեր ժողովրդի համար: Եվ ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա նվաճում էր ժողովրդի, ոչ միայն անհատների համար, թեպետ անհատները, ինչպես ընդդիմության առաջնորդ պարոն Փաշինյանը, իրենց անձնական ներդրումն են ունեցել այս հեղափոխության խաղաղ իրականացման գործում: Ցանկանում եմ նաև հավելել, որ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ևս մեծ դերակատարում ունեցավ, քանի որ նախընտրեց հեռանալ պաշտոնից, այլ ոչ թե հակադրվել, ինչը խնդրահարույց իրավիճակ կառաջացներ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունեցանք այդ իրական, հայկական ոճի հեղափոխությունը, որի մասին խոսեցին ողջ աշխարհում՝ ընդգծելով, որ մենք հեղափոխություն իրականացրինք առանց արյունահեղության:
Մենք այժմ մեկ այլ «հեղափոխության» առաջ ենք կանգնած: Հայաստանը 27 տարի շարունակ եղել է նախագահական հանրապետություն: Նախկինում, երբ մենք Խորհրդային միության մաս էինք, այն բացարձակ նախագահական էր, քանի որ կառավարումն ուղղահայաց էր՝ վերևից ներքև: Այժմ մենք փոխում ենք համակարգը՝ անցնելով խորհրդարանական հանրապետության: Իհարկե, այդ փոփոխությունները հեշտ չեն տրվում:
Պետք է ասեմ, որ սա նաև սերնդային հեղափոխություն է: Երիտասարդ ասելով ես նկատի ունեմ ոչ թե տարիքով երիտասարդ, այլ ոգով, նոր մտածելակերպով, նոր աշխարհայացքով ու կառավարման մեթոդներով: Կարող ես լինել 60-70 տարեկան, սակայն միևնույն ժամանակ լինել երիտասարդ: Ուստի ինձ համար երիտասարդ լինելը պայմանավորված է ոչ թե տարիների քանակով, այլ կյանքի նկատմամբ մոտեցմամբ:
– Դուք ասացիք, որ սա հեղափոխություն էր առանց արյունահեղության: Ոմանք ասացին, որ սա ինչ-որ առումով ներշնչված էր Գանդիի սատյագրահայից, որը ևս քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի շարժում էր: Զուգահեռներ տեսնո՞ւմ եք:
– Չգիտեմ՝ որքանով են Մահաթմա Գանդիի գաղափարներն ու հնդկական փորձն ազդեցություն ունեցել փողոցում գտնվող անհատների, երիտասարդների վրա, սակայն դրանք, անկասկած, մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա: Երբ ինձ առաջարկեցին դառնալ նախագահ, ինձ համար դա կյանքի արմատական փոփոխություն էր նշանակում: Դա կենսակերպի լիակատար փոփոխություն էր: Սակայն, մյուս կողմից էլ գիտակցում ես, որ արժե այս ամենը զոհաբերել, քանի որ ծառայում ես քո երկրին:
Շարժումը շատ արագ հասավ առճակատման բարձր մակարդակի, անհրաժեշտ դարձավ հանրապետության նախագահի միջամտությունը: Եվ հենց այստեղ էր, որ Գանդիի կերպարը ոգեշնչեց ինձ: Ես գնացի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ընդդիմության ղեկավարների, ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ առաջին հանդիպումը՝ շրջապատված հազարավոր մարդկանցով: Անգամ այն դեպքում, երբ շարժումն ուղղված էր իշխանությունների դեմ, ինձ՝ որպես նախագահի շատ լավ դիմավորեցին: Մարդիկ սատարում էին, նրանք սկզբում ապշեցին՝ տեսնելով, որ նախագահը քայլում է փողոցով ու գալիս է նրանց ընդառաջ: Ես հանեցի փողկապս՝ դառնալու նրանցից մեկը, քանի որ ես միակն էի այդ հազարավոր մարդկանց մեջ, ով փողկապ էր կրում: Պետք էր լինել նրանցից մեկը, պետք էր չտարբերվել նրանցից, անգամ եթե դու նախագահն էիր: Եվ այժմ, կարծում եմ, մենք կարող ենք հպարտորեն հայտարարել ողջ աշխարհին, որ հայերը կարող են հեղափոխություն իրականացնել առանց արյունահեղության:
Ուստի պատասխանը հետևյալն է՝ այո, Մահաթմա Գանդին հստակ ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի ու զգացմունքների վրա:
– Ի՞նչ տեղի ունեցավ հեղափոխությունից հետո:
– Շատ մեծ ակնկալիքներ կան, ինչպես միշտ է լինում հեղափոխություններից հետո: Կա մեծ դրական էներգիա: Ամենամեծ մարտահրավերն է՝ չդավաճանել հեղափոխությանը՝ այն առումով, որ չի կարելի հուսախաբ անել այդ ակնկալիքները:
21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, մարդիկ ակնկալում են, որ տեղի կունենան փոփոխություններ: Սակայն նրանք ակնկալում են ոչ թե մեկ, այլ՝ բազմաթիվ փոփոխություններ, ուզում են, որ հասարակությունը դառնա ավելի ազատ, որ լինի ազատություն, չլինի կաշառակերություն, ինստիտուտները գործեն այնպես, որ երկիրը զերծ լինի կաշառակերությունից, զարգանա ժողովրդավարությունը: Ամենակարևորը, տնտեսությունն ավելի լավ գործի՝ բարելավելու մարդկանց կենսամակարդակը: Կարճ ժամանակահատվածում այս ամենին հասնելն իսկապես մեծ մարտահրավեր է լինելու: Եվ ճանապարհներից մեկը կրկին նույնն է՝ ժողովուրդը: Մարդիկ պետք է հավատան, որ իրենք լուծման մաս են կազմում կամ որ հենց իրենք են այդ լուծումը: Ի վերջո, մարդիկ ունեն պատրանք, մեծ ակնկալիքներ ղեկավարից կամ կառավարությունից՝ մտածելով, որ եթե իրենք իրականացրել են հեղափոխությունը, ապա այժմ նրանց հերթն է: Պատահական չէ, որ 6 ամիս անց նրանք սկսում են հարց տալ, թե ինչու ավելի լավ չեն ապրում: Այսինքն, կրկին վերադառնում ենք նույն պատմությանը: Հնդկական փորձը ցույց է տալիս, որ Հնդկաստանում չես կարող փոփոխություններ անել առանց հասարակությանը ներգրավելու՝ լուծումները թողնելով միայն կառավարությանը կամ առաջնորդներին: Այստեղ առանցքային է այդ գործընթացներում ներգրավվումն ու մասնակցությունը:
– Ձեր երկրում ընտրություններ են: Որպես մեկը, ով գալիս է Հնդկաստանից, ես զարմացա, քանի որ իմ երկրում, երբ երկիրը կամ քաղաքն ընտրական շրջանում է, ամենուրեք նախընտրական եռուզեռ է, պաստառներ են, հանրահավաքներ: Ես կարդում էի, որ քարոզարշավի մեծ մասն իրականացվել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերների միջոցով: Ես չտեսա առաջնորդների շատ պաստառներ: Եվ եթե շատ թերթեր կարդացած չլինեի, չէի ասի, որ նախընտրական շրջան է, 24 ժամ անց մարդիկ գնալու են քվեարկության: Երբ ողջ աշխարհը խոսում է մարդկանց վրա կեղծ լուրերի, սոցիալական ցանցերի ազդեցության մասին, կա՞ մտահոգություն, որ գուցե կան արտաքին ուժեր, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են:
– Ես կփորձեմ պատասխանել երեք կետով: Նախ, հարգանքներս Հնդկաստանին, քանի որ այդ երկրում աշխարհի ամենամեծ ժողովրդավարություններից մեկն է: Այդ երկրում ավելի քան մեկ միլիարդ մարդ հավատում է ժողովրդավարությանը, և կարևոր չէ՝ նրանք հարուստ են, թե աղքատ: Այնտեղ բոլորը հավատացած են, որ իրենց քվեն կարևոր է: Ողջ հասարակությունը, մարդիկ իսկապես հավատում են, թե որքան կարևոր է իրենց մասնակցությունը: Սա հենց այն է, ինչ ես քիչ առաջ ասում էի՝ մեր հասարակությունը պետք է մասնակցի գործընթացներին:
Երկրորդ՝ այսօր Հայաստանում լռության օր է (խմբ- հարցազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ), ոչ ոք չպետք է զբաղվի քարոզչությամբ: Սա է պատճառներից մեկը, որ քաղաքը լուռ է ու հանգիստ: Այդ օրենքները կարող են առնչվել նյութական աշխարհին, սակայն վիրտուալ աշխարհն ավելի բարդ է:
Երրորդը՝ այդ հեղափոխությունը, որը կարող եք անվանել թավշյա կամ հայկական ոճի հեղափոխություն, ֆենոմենալ բնույթ ուներ, քանի որ շատ բաներ տեղի էին ունենում վիրտուալ տարածության մեջ: Մարդիկ իրենց կարծիքն էին հայտնում «Ֆեյսբուք»-ում կամ այլ հարթակներում: Հեղափոխության կազմակերպումը ևս արվեց «Ֆեյսբուք»-ի, նոր տեխնոլոգիաների միջոցով: Հայաստանը բնական պաշարներով հարուստ երկիր չէ, այստեղ մշտապես տքնաջան աշխատանքն ու սեփական ուղեղն օգտագործելը եղել են այն հիմնական գործիքներն ու առավելությունը, որ մենք ունեցել ենք: Հայերը մշտապես եղել են շատ ավելի միջազգային: Հայերն ապրել են Մումբայում, Կալկաթայում, նրանք ամենուր են եղել:
– Հայկական Սփյուռքը չորս անգամ ավելի մեծ է, քան Ձեր երկրի բնակչությունը:
– Այո, և այսօր էլ ամեն բան նույնն է, մենք շարունակում ենք լինել Հնդկաստանում, Մանիլայում, Սինգապուրում, Չինաստանում, Սամարղանդում և Բուխարայում, Մանչեսթերում և Լիոնում: Սա մարդկանց բնույթն է: Ես փորձում եմ ասել, որ մենք այն տեսակն ենք, որի համար ջանասեր աշխատանքն ու մտավոր կապիտալը շատ ավելի կարևոր են, քան ֆիզիկականը: Ուստի, զարմանալի չէ, որ «Ֆեյսբուք»-ը և 21-րդ դարի գործիքները Հայաստանում շատ տարածված են: Այդ տեսանկյունից մարդկանց ներգրավումն ավելի հեշտացավ, սակայն քանի որ վիրտուալ աշխարհում շատ օրենքներ չեն գործում, ուստի առաջանում են շատ մարտահրավերներ, ինչպիսիք են կեղծ կամ վերահսկվող, կառավարվող լուրերը, բայց կյանքն այդպիսին է: Սա 21-րդ դարն է:
– Ինչպե՞ս են ձեր հարևանները տեսնում այս հաստատակամությունը: Կարծո՞ւմ եք, որ Հայաստանը պետք է վերաձևակերպի իր հարաբերությունները հարևանների հետ:
– Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, ինչը բնական է: Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է: Այս համագործակցությունը չի սկսվել 10 կամ 100 տարի առաջ: Մենք դարեր շարունակ լավ դաշնակիցներ ենք: Կարծում եմ՝ մենք կանք, եղել ենք ու ապագայում կլինենք կայուն ու լավ դաշնակիցներ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե իրենք առաջարկում են ամերիկյան զենքեր վաճառել Հայաստանին:
– Դա պարզապես առաջարկ էր: Վաղը կարող են լինել այլ առաջարկներ ևս: Կարծում եմ, որ պետք է կառավարությունը որոշի, թե ինչ տեսակի զենքեր է ուզում գնել: Իրականությունն այն է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է լինել և արդեն իսկ կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ: Մեզ համար դա շատ կարևոր քայլ առաջ էր, քանի որ երբ նայում ենք տեղական՝ հայկական շուկային, 3.5 մլն բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը շատ գրավիչ չի կարող լինել:
– Անգելա Մերկելը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանն Արևելյան Եվրոպայում անկայունություն է ստեղծում: 2016 թվականին կային զեկույցներ այն մասին, որ շատ հայեր դժգոհ են, ինչին ի պատասխան՝ Մոսկվան պատասխանեց, որ իրենք զենք են վաճառում ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին: Սա ինչպե՞ս է տեղի ունենում:
– Բարդ է այս կամ այն երկրին արգելել տարբեր տնտեսական հետաքրքրություններ ունենալ: Եվ սա միայն մեր տարածաշրջանին չէ, որ առնչվում է: Ես հավատացած եմ, որ կա լուծում, և այդ լուծումը երկխոսությունն է, հանդուրժողականությունն ու հարգանքն այլ մարդկանց կարծիքի նկատմամբ: Կարծում եմ՝ ներկայում մենք աշխարհում կորցնում ենք մեկս մյուսի հետ խոսելու, իրար հարգելու մշակույթը: Դժբախտաբար, ողջ աշխարհով մեկ ականատես ենք լինում, որ շատ միջազգային ինստիտուտներ, համաձայնություններ կամ վարքագծի կանոններ խախտվում են: Այս տեսանկյունից, ամեն բան, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ լինի դա Սիրիայում, որը Հայաստանից շատ հեռու չէ, Պարսից ծոցում, Ռուսաստանում կամ Ուկրաինայում, մեզ համար մտահոգիչ է:
– Հիշատակեցիք Ուկրաինան ու Ռուսաստանը: Ինչ եք կարծում, նրանք պատերազմի շեմի՞ն են, թե՞ պարզապես դիրքավորում է տեղի ունենում:
– Անձամբ ես հուսով եմ, որ ընդհանրապես պատերազմ չի լինի: Հուսով եմ, որ ի վերջո կհաղթեն առողջ դատողությունն ու տրամաբանությունը: Տարբեր առաջնորդների հետ իմ քաղաքական հանդիպումների ժամանակ հենց սրա մասին եմ փորձում խոսել, բացատրել առողջ դատողության օգտագործման կարևորությունը: Կա մի սահման, որից այն կողմ առողջ դատողությունն ու տրամաբանությունն այլևս չեն աշխատում, իսկ դրանից հետո միայն Աստված կարող է օգնական լինել ձեզ և մեզ:
– Անցյալ տարի մենք նշում էինք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Ինչպե՞ս կնկարագրեք այդ հարաբերությունները և դրանց ներուժը:
– Մեր երկու երկրների հարաբերությունները պատմականորեն հիասքանչ են: Կարծում եմ՝ մարդիկ չեն գիտակցում, որ մեր պատմությունը ոչ թե մի քանի դարի, այլ մի քանի հազար տարվա վաղեմություն ունի: Հնդկաստան ճանապարհորդելու ընթացքում ես հանդիպեցի մեր առևտրային, մշակութային, նույնիսկ լեզվական հարաբերությունների բազմաթիվ վկայությունների, որոնք իսկապես շատ խորն են: Հայերենը յուրահատուկ լեզու է, այն առանձին ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում: Եվ եթե ուսումնասիրենք ազգերի պատմությունը՝ հիմնված լեզուների վրա, զարմանալի բացահայտումներ կարող ենք անել: Իմ որդու անունը Վարդան է, որը ձեր լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև»: Ես ճի՞շտ եմ: Ստացվում է, որ այդ բառը գալիս է հին հնդկերենից, և Վարդանը միայն իմ որդու անունը չէ: Այն նաև ազգային հերոսի և սրբի անուն է, ով ավելի քան 1700 տարի առաջ առաջնորդում էր հայկական զորքերը պարսիկների դեմ պայքարում:
Սարգսյանների ընտանիքը, որից ես սերում եմ, գալիս է Կալկաթայից, այնուհետև նրանք տեղափոխվել են Հոնկոնգ, իսկ հետո՝ Սինգապուր: Սինգապուրի հայտնի հյուրանոցը հիմնադրվել է Սարգսյանների ընտանիքի կողմից: Այս ամենը փաստում է, որ մեր հարաբերությունները շատ ավելի երկար պատմություն ունեն:
Ձեզ խորհուրդ կտայի այցելել Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ, որտեղ դուք կգտնեք հնդկական մշակույթի հիասքանչ օրինակներ:
Այսօր Հնդկաստանն ու Հայաստանը մի կարևոր արժեք են կիսում: Երկուսն էլ կարևորում են մարդու ուժը: Հնդկաստանը մեծ երկիր է, ունի հսկայական բնական ռեսուրսներ, բայց ձեր ամենամեծ հարստությունը մարդիկ են: Նույնն էլ այստեղ է: Սա 21-րդ դարն է, և բնական ռեսուրսներն այսօր իրենց տեղը զիջում են մարդկանց, նորարարություններին ու ստեղծարարությանը:
Մենք շատ բան ենք կիսում, և ես կարծում եմ, որ մենք Հնդկաստանի հետ կարող ենք անել շատ ավելին: Սրանք պարզապես քաղաքական գործչի բառեր չեն: Ես շատ հնդիկ գործարարների եմ ճանաչում, որոնց հետ քննարկել եմ բոլոր հնարավորությունները, որոնցով մենք կարող ենք համագործակցել՝ հատկապես ՏՏ ոլորտում: Դա մի պարզ պատճառ ունի՝ Հնդկաստանում ՏՏ ոլորտը հսկայական է:
– Ձեր կարծիքը մեր ներկայիս վարչապետ Մոդիի քաղաքականության վերաբերյալ, ինչպե՞ս է նա հարաբերվում աշխարհի հետ:
– Մեծագույն հարգանք եմ տածում, քանի որ կարծում եմ՝ Հնդկաստանը վերջին տարիներին աշխարհին այլ կերպ է ներկայանում: Հնդկաստանի հեղինակությունն աշխարհում շատ ավելի դրական է, ավելի դինամիկ ու նորարար: Եվ այդ ամենը՝ նաև շնորհիվ վարչապետի գործունեության:
Հուսով եմ՝ մենք առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը: Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում նրան:
-Կպատմե՞ք գլոբալ ռիսկերի քվանտային վարքագծի վերաբերյալ Ձեր գրքի մասին:
Դա 21-րդ դարի իրականության մասին է, որը շատ տարբեր է լինելու: Տարբեր են լինելու ոչ միայն ռիսկերը:
Քվանտային վարքագիծը դասական չէ, ինչպես և 21-րդ դարը, որը արմատապես տարբերվելու է այն ամենից, ինչ մենք տեսել ենք 20-րդ դարում: Քվանտային վարքագիծը նշանակում է նաև, որ մենք շատ փոխկապակցված ենք, իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես: Գլոբալիզացիան հատելու է կարմիր գիծը, և հնարավոր չի լինելու այն կանգնեցնել: Մակրո գլոբալիզացիան վերածվելու է միկրո գլոբալիզացիայի:
Մենք թևակոխում ենք սրընթաց էվոլյուցիայի դարաշրջան: Գաղափարները, ոգեշնչումը, հասանելիությունը նախապատվելի են կուսակցություններից, կազմակերպություններից, համակարգերից և այլն: Մենք ապրելու ենք բացարձակապես այլ աշխարհում: Ֆրանսիայում նախագահ Մակրոնը կարճ ժամանակ անց ունեցավ հազարավոր հետևորդներ: Սա էլ մի քվանտային վարքագծի օրինակ է, երբ մարդիկ փոխկապակցված են և նրանց սպասումները պետք է արդարացվեն այսօր, ոչ թե հինգ տարի հետո, այլ՝ այսօր, վաղը:
Հնդկաստանը մեկն է այն երկրներից, որտեղ մարդիկ օր-օրի ավելի մեծ հնարավորություն են ունենում հաղորդակցվելու: Այն պլանները, որ վարչապետը, կառավարությունն ու արդյունաբերողներն ունեն Հնդկաստանի հետ կապված և որոնց մասին ես լսել եմ ու կարդացել, ֆենոմենալ են և նախորդ դարաշրջաններից տարբեր: Այսպիսով, բարի գալուստ 21-րդ դար:
-Դուք գիտնական եք, դեսպան, Դուք հայտնի «Տետրիս» խաղի համահեղինակն եք, դուք առաջնորդել եք երկիրը հեղափոխության ժամանակ: Ի՞նչ է լինելու հաջորդիվ:
Ես չեմ առաջնորդել հեղափոխությունը: Ես պարզապես փորձել եմ այն դարձնել ապահով, որպեսզի հեղափոխությունն իրականանա խաղաղ ճանապարհով:
Ես նախագահ եմ ընտրվել 7 տարի ժամկետով և դեռ ունեմ պաշտոնավարելու 6 տարի՝ մի աշխարհում, որն ավելի ու ավելի քվանտային վարքագիծ է դրսևորում: Քանի որ շատ եմ մտածում այս աշխարհի մասին, հուսով եմ, որ իսկապես կհասկանամ, թե ուր է շարժվում այս աշխարհը, և թե որն է լինելու իմ երկրի ու ժողովրդի տեղն այս աշխարհում:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...