Աննա Հակոբյանի գրասենյակն ամփոփել է յոթ ամսում իրականացրած աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Աննա Հակոբյանի գրասենյակն ամփոփել է յոթ ամսում իրականացրած աշխատանքները

20:55 04.12.2018

Աննա հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացրել է Աննա Հակոբյանի իրականացրած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը գործունեության յոթ ամսվա ընթացքում իրականացրել է հասարակական, առողջապահական, բարեգործական և մշակութային ուղղվածության մի շարք աշխատանքներ, որոնք ամփոփ կերպով ներկայացնում ենք սույն հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, տիկին Հակոբյանն ուղեկցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտասահմանյան այցերի ժամանակ՝ Վրաստան (30.05.2018 – 31.05.2018թթ.), Ռուսաստանի Դաշնություն (13.06.2018 – 14.06.2018թթ.), Ֆրանսիայի Հանրապետություն՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը (05.10.2018 – 06.10.2018թթ.), Լիբանան (20.10.2018 – 21.10.2018թթ.) և Փարիզ (10.11.2018 – 11.11.2018թթ), տվել մի քանի տասնյակ հարցազրույցներ տեղական և միջազգային լրատվամիջոցներին, հանդիպել հայ մտավորականների, հասարակական ականավոր գործիչների, քաղաքացիների հետ:

Հունիսի 11-ին Աննա Հակոբյանը հանդես եկավ հորդորով՝ դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել անապահով ընտանիքներին: «Սիրելի′ ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ, ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից: Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը»,- իր ելույթում ասել է Աննա Հակոբյանը: Այդ կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ և ներկա դրությամբ 5 ընտանիքներ անվարձահատույց ապահովվել են ժամանակավոր կացարաններով: Ընտանիքներից մեկն էլ այսօր բնակվում է վարչապետի բնակարանում: Բացի այդ, բիզնես ոլորտի գործընկերների շնորհիվ օգնություն է տրամադրվել 10 անապահով ընտանիքների մեկ տարվա բնակվարձի փոխհատուցման չափով: Ապագայում  նախատեսվում է լուծել այս ընտանիքների մասնագիտության ստացման և աշխատանքի տեղավորման հարցերը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ակտիվ գործունեություն է կատարել Երևանում հոկտեմբերի 11-12-ին տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ: Բացի պաշտոնական հանդիպումներին մասնակցությունից, Աննա Հակոբյանը  հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Ֆրանկոֆոնիայի մասնակից պետությունների ղեկավարների կանանց հետ այցելել է Մատենադարան:

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի մյուս կին հյուրերի հետ շրջել է Երևանում:

«City of smile» բարեգործական հիմնադրամ

«Ciy of smile» բարեգործական հիմնադրամի նպատակն է կոորդինացնել աշխատանքներն ու արդյունավետ կերպով, համատեղ ուժերով պայքարել  մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված խնդիրների դեմ: Հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվել է հուլիսի 27-ին,  մինչ օրս հիմնադրամի մուտքերը կազմել են 198 միլիոն դրամ. ցուցաբերվել է օժանդակություն քաղցկեղով հիվանդ 60 երեխայի և երիտասարդի:

Մայիսի 17-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Ներկաները վերահաստատել են պատրաստակամությունը՝ համախմբել բոլոր ուժերը և հնարավորությունները քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար: Այս նպատակով նախատեսվել է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ` City of smile, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:

Հուլիսի 27-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի է ունեցել հիմնադրամի գալա ընթրիք-շնորհանդեսը։ Ներկայացվել է, որ հիմնադրամի հիմնական առաքելությունը քաղցկեղով հիվանդ երեխաներին օժանդակությունն է, ինչպես նաև Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացմանը նպաստելը։

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել են ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքում բուժվող երեխաներին:

Հոկտեմբերի 1-ին «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես է եկել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին (Մալայզիա) և ներկայացրել հիմնադրամի գործունեությունն ու քացկեղի դեմ պայքարին ուղղված իր տեսլականը:

Նոյեմբերի 19-ին Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: «Մեր նպատակն է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում լավագույն կենտրոններից մեկը, որի շնորհիվ մեր համերկրացիները ստիպված չեն լինի արտերկրում բուժում անցնել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ այս հարցում հիմնադրամի և կառավարության ցանկությունն ու նպատակը նույնն են:

Դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Աննա Հակոբյանը մասնակցել է Հայաստանի Պարի պետական անսամբլի և «City of Smile» հիմնադրամի բարեգործական համերգին: Համերգի ողջ հասույթն ուղղվել է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը:

«Կանայք հանուն խաղաղության» արշավ

«Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը տրվել է հուլիսի 24-ին: Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տրետյակովյան պատկերասրահում ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է:

Սեպեմբերի 15-ին Աննա Հակոբյանը հանդիպել է 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված մոտ չորս տասնյակ զինծառայողների մայրերի հետ: Վերջիններս հայտարարել են, որ միանում են Աննա Հակոբյանի՝ աշխարհի բոլոր պատերազմող կողմերին ուղղված խաղաղության կոչին:

Սեպտեմբերի 19-ից 21-ը Սանկտ-Պետերբուրգում Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի ժամանակ «Կանայք հանուն գլոբալ անվտանգության եւ կայուն զարգացման» խորագրով նիստին Աննա Հակոբյանը կրկին ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն ու առաքելությունը և կոչ արել ադրբեջանցի մայրերին միանալ նախաձեռնությանը: «Կանայք հանուն խաղաղության» արշավի իմաստն այն է, որ մենք՝ որպես կին եւ որպես մայր, համախմբվենք եւ միաձայն հորդոր ուղղենք ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը եւ լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, եւ ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- ասել է վարչապետի տիկինը:

Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանը հայ և ռուս հասարակական-քաղաքական գործիչների, գրողների և այլ ականավոր գործիչների հետ միասին այցելել է ղարաբաղա-֊ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գիծ և այնտեղից խաղաղության կոչ արել:

Նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին: Տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից և դա էր պատճառը, որ ցանկացա հանդիպել Ձեզ հետ և տեսակետեր փոխանակել»,- ասաց տիկին Մարմսոլերը: Աննա Հակոբյանը ներկայացրել է  «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակը՝ հավելելով, որ որքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը՝ այնքան ավելի լսելի կլինի խաղաղություն ցանկացող կանանց ձայնը:

«Իմ քայլը» հիմնադրամ

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվել է հուլիսի 12-ին: ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: Հիմնադրամը գործելու է մշակույթի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ երեք ձևաչափով: «Առաջին՝ կամուրջ ենք լինելու հրաշալի գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև: Երկրորդ՝ հովանավորելու ենք արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին: Եվ երրորդ՝ կունենանք մեր սեփական երկու-երեք նախագծերը, որոնք ինքներս կմշակենք ու կիրականացնենք: Եկեք համատեղենք մեր քայլերը եւ նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,- հիմնադրամի շնորհանդեսին ասել է Աննա Հակոբյանը:

2018 թ. նոյեմբեր ամսվա դրությամբ հիմնադրամի մուտքերը կազմել են շուրջ 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Բացի դրանից, 500․000 դոլարից ավելի գումար մոբիլիզացվել է կրթաթոշակի ծրագրի շրջանակներում, երբ հիմնադրամը աջակցության ձեռք մեկնեց արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված 26 երիտասարդների: Այս գումարը գործընկեր կազմակերպությունների կամ անհատների կողմից փոխանցվել է ուղիղ դիմորդներին կամ նրանց համալսարաններին (մանրամասները՝ https://mystep.foundation/2018/08/07/3856/):

Մինչ հիմնադրամի գործունեության մասին պաշտոնապես ազդարարելը, հունիսի 19-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների կանանց եւ կին դեսպանների հետ, պատմել երկրում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում իր ծրագրերի մասին ու ներկայացրել իր կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու առաքելությունը (մանրամասները՝ https://armenpress.am/arm/news/938070.html ):

Օգոստոսի 7-ին կայացել է մամուլի ասուլիս հիմնադրամի առաջին ձեռքբերումների վերաբերյալ, որի ժամանակ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին, ինչպես նաեւ արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված 8 այլ ուսանողի «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել մասնակի կրթաթոշակով (մանրամասները՝ https://mystep.foundation/2018/08/07/3856/ ):

Օգոստոսի 24-ին Աննա Հակոբյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF Armenia) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Կողմերը պայմանավորվել են, որ երկու հիմնադրամները ջանքերը կմեկտեղեն, մասնավորապես, «Ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար» կարգախոսի ներքո։

Նոյեմբերի 8-ին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

Նոյեմբերի 12-13-ը  Աննա Հակոբյանը աշխատանքային այցով գտնվել է Մոսկվայում: Մասնակցել է  «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի կազմակերպիչների եւ մասնակիցների, ռուսաստանահայ մի շարք  գործարարների, Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանների կանանց, ինչպես նաեւ  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի հետ: Այցի արդյունքում հիմնադրամի ծրագրերի իրականացման նպատակով հավաքագրվել է ավելի քան 200 հազար դոլար:

Նոյեմբերի 19-ին Աննա Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները:

Հասարակական գործունեություն

Հուլիսի 24-25-ին Աննա Հակոբյանը այցելել է Մոսկվա՝ ներկա գտնվելու Մեծ Թատրոնում «Գայանե» բալետի բեմադրությանը:

Սեպտեմբերի 7-ին Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Հոկտեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացել մշակութային կառույցում կատարված աշխատանքներին:

Հոկտեմբերի 29-ին Աննա Հակոբյանը այցելել է UWC Դիլիջան դպրոց՝ մասնակցելու «Միացյալ Աշխարհի Քոլեջներ» (UWC) կրթական ցանցի միջազգային կառավարման մարմինների հանդիպմանը:

Նոյեմբերի 1-ին Աննա Հակոբյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:

Նոյեմբերի 7-ին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղ և հանդիպել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին:

Նոյեմբերի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել է մի խումբ զոհված զինվորների մայրերի հետ: Նոյեմբերի 8-ին Աննա Հակոբյանը մասնակցել է «Հայ մայրեր» ՀԿ-ի ամենամյա բարեգործական գալա ընթրիքին, իսկ նոյեմբերի 16-ին այցելել է «Երազի Տուն» մանկական վերականգնողական կենտրոն:

Նոյեմբերի 15-ին Աննա Հակոբյանը Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության հնարավոր ուղղությունները:

Նոյեմբերի 16-ին Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA Armenia ԱՀԱԸ Հայաստան) Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին:

Նոյեմբերի 16-ին Աննա Հակոբյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես՝ նկարների ցուցահանդես։

Նոյեմբերի 20-ին Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» ՀԿ-ի անդամներին:

Նոյեմբերի 21-ին և 22-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «ZGEST», «PETOOR», «Just Black», «Diana Eyvonah» հայկական  ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ պատրաստ  է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական,  թե´ միջազգային հանդիպումների ժամանակ: «Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն է՛լ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նոյեմբերի 28-ին Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP