«Ընտրությունները շատ հաջողված են Հանրապետական կուսակցության համար: Մենք ավելացրինք Սենատում մեր տեղերը: Պատմության մեջ ընդամենը չորս անգամ է պատահել, երբ իշխող կուսակցությունը կարողացել է նախագահի առաջին ժամկետի ընթացքում միջանկյալ ընտրություններին ավելացնել օրենսդրական մանդատներ»,- ասում է ամերիկահայ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ալիսա Թաբիրյանը՝ անդրադառնալով ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներին:
Թաբիրյանը ղեկավարում է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի՝ ազգային կոմիտեի ելույթների պատրաստման և խմբագրման աշխատանքները: Որպես նվիրյալ հանրապետական՝ կիսում է կուսակցության հիմնական ուղեգիծն ու գաղափարախոսությունը, որը ժառանգել է ծնողներից:
«Ես միշտ մեծացել եմ պահպանողական արժեքների ու գաղափարախոսության ներքո: Ցանկացել եմ աշխատել Հանրապետական ազգային կոմիտեի և ընդհանրապես Հանրապետական կուսակցության համար, քանի որ ցանկացել եմ իմ ներդրումն ունենալ այն արժեքներին, որոնց հավատում եմ»,- ասում է Թաբիրյանը:
Ընտրություններից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, ըստ հանրապետական ներկայացուցչի, հեռու է ճգնաժամային լինելուց: Հանրապետական կուսակցությունը կորցրել է վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում, սակայն, ըստ Թաբիրյանի, կորցրած տեղերի քանակը նվազագույն է:
Նա քաղաքական ամենամեծ խնդիր է համարում դեմոկրատների որդեգրած քաղաքականությունը, որը, ըստ Թաբիրյանի, խնդրահարույց է երկրի համար:
«Նրանց որդեգրած վերջին մի քանի տարիների ռազմավարությունը խոչընդոտներ ստեղծելու ուղղությամբ օգտակար չէ և չի բխում ամերիկյան ժողովրդի շահերից: Այժմ, երբ հայտնի են ընտրությունների արդյունքներն, անհրաժեշտ է, որ երկու քաղաքական ճամբարները համագործակցեն և աշխատեն նախագահի հետ, քանի որ առկա են բազմաթիվ առաջնահերթություններ, բարելավման հնարավորություններ: Անկախ կուսակցական պատկանելիությունից՝ անհրաժեշտ է գործել ի շահ ամերիկյան ժողովրդի: Դա կարևոր է»,- նշում է Թաբիրյանը:
Նա ընդգծում է, որ նախագահ Թրամփը հաջողությամբ առաջնորդում է երկիրը, լավ հարաբերություններ ունի դեմոկրատների ղեկավար կազմի անդամների հետ, որը կարևոր է քաղաքական փոխհամագործակցության հաստատման համար:
Որպես ամերիկահայ՝ նա հույս է հայտնում, որ էլ ավելի շատ ամերիկահայեր կսատարեն գործող նախագահին 2020 թվականի ընտրությունների ժամանակ՝ հաշվի առնելով, ըստ Թաբիրյանի, այն ամենն, ինչ իրականացվում է նրա նախագահության ընթացքում՝ ներառյալ հարկային բարեփոխումներն ու ամերիկյան ազգային շահի պաշտպանությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:
Նա կարևորում է ամերիկահայության ակտիվ ներգրավվածությունը Միացյալ Նահանգների հասարակական և քաղաքական կյանքում, որն օգտակար է, ըստ Թաբիրյանի, ինչպես ամերիկահայ շրջանակների, այնպես էլ՝ ընդհանուր պետության և հասարակության համար: