Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

13:16 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին:

– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական դատարանի որոշումները: Եվ Դուք առաջարկում եք մարդու իրավունքները խախտող պաշտոնյաներին զրկել Շենգենյան երկրներ մուտքի իրավունքից: Կարծում եք՝ դա բավարա՞ր է այդ հարցը լուծելու համար:

– Ես կարծում եմ, որ ինչ-որ բանից պետք է սկսել: Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդ է մտել 2000-2001թթ. և այդ ժամանակ 21 պարտավորություն ստանձնել, որոնցից 7-ը վերաբերում էին ժողովրդավարական ազատությունների նորմերին և մարդու իրավունքներին: Ընդ որում, պաշտոնապես նրանք իբր իրականացրել են դրանք, սակայն մեր ինստիտուտը դեռ 2006թ. հետազոտություն էր կատարել Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհուրդ մտնելուց առաջ ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ և մենք պրակտիկայում, գրավոր կերպով ցույց տվեցինք, որ պարտավորությունները չեն իրագործվել, մասնավորապես ոչ մի պարտավորություն՝ կապված մարդու իրավունքների պահպանման հետ:

Իսկ այժմ՝ այսքան տարիներ անց և այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին հրապարակվեց հատուկ հանձնաժողովի զեկույցը՝ կապված մեր բռնապետներին, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին կաշառելու հետ, լիովին ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ են կոշտ միջոցներ: ԵԽԽՎ-ն շարունակում է անտեսել Ադրբեջանի կողմից  մարդու իրավունքների հետ կապված իր պարտավորությունների խախտումները և տվյալ դեպքում 2017թ. վերջից ի վեր Ադրբեջանը դադարել է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բոլոր որոշումները, նույնիսկ չի վճարում այն փոխհատուցումները, որոնք սահմանել է ՄԻԵԴ-ը: Այդ պատճառով պատժամիջոցներն անհրաժեշտ են: Հարկավոր է կիրառել զանազան պատժամիջոցներ:

Ադրբեջանի բռնապետը, մեղմ ասած, լիովին անհարգալից վերաբերմունք է դրսևորում օրենքի նորմերի և օրենսդրական իրավունքի հանդեպ՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ միջազգային, այդ պատճառով պետք է սկսել պատժամիջոցներից: Եթե պատժամիջոցներ սահմանվեն կոնկրետ պաշտոնյաների, օրինակ՝ ոստիկանության սպաների նկատմամբ, որոնք մահ պատճառելու աստիճան ծեծում էին քաղաքացիներին, ապա վաղը մինչև ձեռք բարձրացնելը նրանք ավելի զգույշ կլինեն: Ավելին, ասեմ, որ 2003թ., երբ Իլհամ Ալիևն առաջին անգամ, այսպես ասած, ընտրվեց նախագահ, ոստիկանությունը շատ կոպիտ միջոցներ կիրառեց խաղաղ ցուցարարներին ցրելու համար: Այդ ժամանակ եղան մարդիկ, ովքեր ծեծից մահացան, մի կին կորցրեց տեսողությունը մահակի հարվածներից և ԵԱՀԿ-ի դիտորդները պահանջեցին պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր մարդկանց հաշմանդամ էին դարձրել և սպանել: Դրանից հետո նախագահը՝ մեր բռնապետ Իլհամ Ալիևը, ելույթ ունեցավ և հայտարարեց. «Ոստիկաննե՛ր, դուք չպետք է վախենաք, ձեր հանդեպ ոչ մի միջոց չի կիրառվի, դուք պաշտպանում էիք օրենքը, կարգը, որքան էլ որ պահանջներ լինեն, որ ձեզ պատասխանատվության ենթարկեմ, ես նման բան չեմ անի»: Նա այդպիսի ելույթ ունեցավ 2003թ. աշնանը: Հիմա 2018թ. է, ոստիկանները լսեցին Իլհամ Ալիևին և դրանից հետո ամեն տարի մեզ մոտ կտտանքներից մահանում է 10-12 մարդ: Դա միջինը, լինում է և ավելի շատ, ինչպես օրինակ՝ անցյալ տարի:

– Դուք նաև նշել եք, որ եվրոպական կառույցների՝ Արևմուտքի համար իրենց անգործությունը կարող է վատ հետևանքներ ունենալ: Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը:

– Ես խոսում էի միգրացիոն ալիքի մասին: Գիտեք, մենք հիմա Եվրոպայում ենք: Մենք երբեք այստեղ չէինք գա, 60 տարեկանից հետո չէինք լքի հայրենիքը, եթե հնարավոր լինել մնալ հայրենիքում, ապրել և բուժվել այնտեղ: Եվ հիմա, երբ այստեղ ենք, տեսնում ենք, որ եվրոպական համայնքի գլխավոր խնդիրներից մեկը ներգաղթյալների հսկայական հոսքն է, առաջին հերթին արաբական աշխարհից, Սիրիայից: Շատ դժվար է այդ հարցը լուծել:

Հարավային Կովկասի տարածքում ևս մեկ այդպիսի արյունալի հակամարտություն ոչ միայն մեր՝ Հարավային Կովկասի բնակիչների շահերից չի բխում, այլև եվրոպական քաղաքական գործիչներին բոլորովին պետք չէ ներգաղթյալների նոր հոսք Ադրբեջանից, որտեղ կարող է սոցիալական հակամարտություն տեղի ունենալ:

– Դուք որոշ առումով տուժել եք նաև ձեր հայաստանյան իրավապաշտպան գործընկերների հետ համագործակցության պատճառով: Երկու երկրների քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցությունն իմաստ ունի՞, թե՞ կարող է միայն վնասել ադրբեջանցի իրավապաշտպաններին:

– Իմ և ամուսնուս՝ Արիֆի ձերբակալության գործում ոչ մի դեր չի խաղացել մեր համագործակցությունը Հայաստանի մեր գործընկերների հետ: Մեր լավ, միակ համատեղ հայ-ադրբեջանական կայքը՝ publicdialogue-ը, որը մենք ստեղծել ենք իմ գործընկերուհի Լաուրա Բաղդասարյանի հետ, օգտագործվել է միայն որպես պատրվակ: Ես ավելի քան 30 տարի է՝ զբաղվում եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ, և մեր բռնապետին զայրացնում էր հենց իմ ակտիվությունը այդ առումով:

Ի դեպ, մենք բոլորս ձերբակալվել ենք մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը նախագահում էր Եվրոպայի խորհուրդը և որպես մի պետության ղեկավար, որը նախագահում է Եվրոպայի խորհուրդը, Իլհամ Ալիևը 2014թ. սկզբին ելույթ ունեցավ ՀԽԽՎ-ի նստաշրջանում և հայտարարեց, որ Ադրբեջանում չկա ոչ մի քաղբանտարկյալ: Հենց հաջորդ օրը ես հրապարակեցի քաղբանտարկյալների մեր ցուցակը, ելույթ ունեցա, ուղարկեցի դա ամեն տեղ անգլերենով և ասացի որ ԵԽԽՎ-ի ելույթում Իլհամ Ալիևը ստում է: Եվ շարունակեցի իմ գործունեությունը: Մեր ձերբակալության պատճառը եղել է հենց այս իրավապաշտպան գործունեությունը՝ կապված Ադրբեջանում քաղաքական խիստ բռնաճնշումների հետ: Իսկ ինչպես պատմությունից էլ հայտնի է, յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ:

– Այսինքն՝ համագործակցությունն ամեն դեպքում պետք է շարունակվի:

– Անպայման: Ավելին, ես և Լաուրան վերսկսեցինք մեր աշխատանքը, 6 ամսով մի ծրագիր իրականացրեցինք, որն ավարտվեց վերջերս՝ սեպտեմբերին: Կարող եք մտնել publicdialogue կայք և այնտեղ տեսնել ինտերնետային համաժողովները, որոնք մենք անցկացրել ենք հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին: Այնտեղ տեղադրված են համապատասխան թեմաներով հոդվածները, որոնք գրվել են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի հետազոտողների կողմից: Եվ մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը: Խնդրեմ, աջակցեք մեր publicdialogue-ին: Դա շատ կարևոր է, հատկապես երիտասարդության համար, որը մեծացել է պատերազմական պայմաններում:

Շատ կարևոր է, որ երիտասարդությունը տեսնի փոխազդեցություն, համագործակցություն, կարծիքների փոխանակում երկու ժողովուրդների, երկու երկրների տարբեր ներկայացուցիչների միջև:

Շարունակելի 

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ: Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես էին եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:

Լեյլա և Արիֆ Յունուսների միակ դուստրը՝ Դինարան, Հոլանդիայում ապաստան էր ստացել 2009 թվականին: Ներկայումս ընտանիքը բնակվում է Ամստերդամում:

Լեյլա ու Արիֆ Յունուսներն ավելի վաղ դիմում էին ներկայացրել դատարան՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվության ստացման համար: Հայտարարության մեջ նշվել է, որ համաձայն բժշկական փորձաքննության, իրավապաշտպան Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկ հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով ու շաքարախտով, ունի մեծ քար լեղապարկում ու սուր ցավեր ստամոքսում: Արիֆ Յունուսը տառապում է 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով, երկու անգամ կաթված է ստացել:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

BACK_TO_TOP