Որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից. Աննա Հակոբյանն Արցախում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից. Աննա Հակոբյանն Արցախում է

11:11 08.10.2018

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։ Նրանք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։ Ներկայացնում ենք վարչապետի տիկնոջ ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի, շատ հարգելի հյուրեր,

Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ մենք հիմա գտնվում ենք այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության՝ պատերազմի գոտում, ավելին՝ առաջնագծում։

Բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ ձեզ շնորհակալություն ասել, որովհետև այն, ինչ դուք արեցիք, վեր էր ամեն տեսակի շնորհակալություններից։ Դուք Ռուսաստանի Դաշնությունից եկել հասել եք ղարաբաղյան առաջնագիծ՝ «ոչ» ասելու պատերազմին, և բացի այդ, ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրության տեր է, որ ես ինձ շատ փոքր եմ համարում ձեզ նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար։

Երբ ես մոտ 2 ամիս առաջ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցի «Կանայք հանուն խաղաղության» իմ նախաձեռնության մասին, ներկայացրեցի դրա իմաստն ու նպատակները և ասացի, որ մեր ձայնն ավելի լսելի դարձելու համար լավ կլիներ այն հնչեցնել պատերազմի դաշտից՝ զինվորների կողքին կանգնած։ Բայց ես այն ժամանակ վստահ էլ չէի, որ այդ նպատակը հնարավոր կլինի իրագործել՝ հաշվի առնելով, թե որքան խոչընդոտներ կան դրա ճանապարհին։ Բայց ահա մենք գտնվում ենք այստեղ, ինչը հնարավոր եղավ միմիայն ձեզնից յուրաքանչյուրի մայրական և մարդկային բարձր զգացումի և մեծ խիզախության շնորհիվ։

Ի՞նչ ենք մենք ասում։ Մենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին և միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ և ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին և երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից և հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։

Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց և մայրերին՝ միանալ այս արշավին և նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, և ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլև փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից։

Բայց որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի և ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սևազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ։

Արդեն մոտ 30 տարի հակամարտությունը չի լուծվում, ամեն տարի սահմանի այս ու այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում, իսկ 2016-ի ապրիլին հարյուրներ զոհվեցին։ Եվ ի՞նչ ունենք մենք արդյունքում։Արդյո՞ք հարցի լուծումը թեկուզ մեկ սանտիմետրով մոտեցել է։

Իհարկե՝ ոչ։ Մենք ունենք երկու կողմից էլ ընդհատված երիտասարդ կամ ոչ երիտասարդ կյանքեր, դժբախտացած ընտանիքներ, սևազգեստ մայրեր և հակամարտություն, որը գտնվում է այն նույն կետում, ինչ մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ։ Եվ արդյո՞ք որևէ մեկը կշահի, եթե ևս 30 տարի այսպես շարունակվի, արդյո՞ք ժամանակը չէ փոխել իրերի դրությունը և նոր բան մտածել։

Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է՝ աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը։ Եվ որպեսզի այս հարցում տարընթերցումներ չլինեն, առաջարկում եմ, որ դուք այցելեք նաև շփման գծի հակառակ կողմ և նույն ուղերձը հղեք նաև այնտեղից։

Ես հասկանում եմ, որ սա դժվար է, որ դուք բազմազբաղ կանայք եք, որ դժվար էր հասնել այստեղ, բայց եթե մենք կարողանանք նույնիսկ մեկ տասնութամյա երիտասարդի կյանք փրկել…

Ես տեղեկացված եմ նաև, որ այս ընթացքում ձեր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, և մեծ հարգանքի է արժանի այն, որ դուք հաղթահարել եք և չեք տրվել այդ ճնշումներին։ Եվ ես ուզում եմ հուսալ, որ նույն կերպ կհաղթահարեք սահմանի այն կողմում հայտնվելու այդ արգելքը և կկարողանաք սահմանի այն կողմից հասցնել այն։

Ճնշումների մասին. ես տեղեկացված եմ, եթե ճիշտ չեմ, ներողություն եմ խնդրում, որ այս այցին ցանկացել է միանալ նաև ռուսական РТР ալիքում աշխատող կանանցից մեկը, որին ղեկավարությունը թույլ չի տվել դա անել։ Սա, իհարկե, տարօրինակ է։ Տարօրինակ է նաև, որ, օրինակ, «Միր» հեռուստաընկերությունը, «Սպուտնիկ» լրատվամիջոցը թույլ չտվեցին իրենց ստեղծագործական խմբերին այցելել և այս այցը լուսաբանել։ Առհասարակ, որևէ ռուսաստանյան լրատվամիջոց չարձագանքեց և հիմա ներկա չէ՝ Ռուսաստանի հանրության շրջանում շատ հայտնի կանանց այս այցին հետևելու,  երբ որ այդ կանանց ուղերձը խաղաղությունն է։

Սա տարօրինակ է, որովհետև երբ որ 2016-ի ապրիլին պատերազմ սկսվեց այս նույն դաշտում, այն լայնորեն լուսաբանվեց հայկական, ռուսական, ադրբեջանական, նաև այլ երկրների լրատվամիջոցների կողմից։ Պատերազմի ահասարսուռ կադրերը չէին իջնում հեռուստատեսային էկրաններից, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների էջերից։ Բայց ահա միջոցառումը, որի նպատակը հնարավոր այդ պատերազմները կանխելն է, նման հետաքրքրություն չի առաջացրել։ Հասկանում եմ, իհարկե, որ հնարավոր նոր պատերազմը ևս սենսացիոն նյութեր է բերելու իր հետ՝ զոհեր, գլխատված դիեր, ցիրուցան եղած մարմիններ, և լրատվամիջոցները կատաղի մրցակցության մեջ են մտնելու դեպքի վայրից առաջինն այդ կադրերը ցուցադրելու համար։ Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ այդ սենսացիոն և էքսկլյուզիվ կադրերի հետևում մարդկային կյանքեր են, խեղված ճակատագրեր, դժբախտացած մայրեր և երեխաներ։ Ուզում եմ պարզապես կոչ անել լրատվամիջոցներին՝ վերանայել իրենց առաջնահերթությունները և մասնագիտական պարտքը կատարելիս կատարել հավասարապես, ինչպես մարդկային կյանքերի դաժան կորստի, այնպես էլ այդ կյանքերը փրկելուն ուղղված ջանքերի պարագայում։ Ի վերջո, մարդկային դժբախտության վրա հենված սենսացիաների պակաս աշխարհում, կարծես, չի զգացվում։

Սիրելի հյուրեր, ուզում եմ իմանաք, որ դուք առաջինն եք, որ խաղաղության ուղերձով եղաք Ղարաբաղյան հակամարտության դաշտում։ Եվ դուք ձեր այդ քայլով ինձ ոգեշնչեցիք էլ ավելի մեծ ջանքերով շարունակել արշավը։ Եվ ես վստահ եմ, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունը չունենալ, և ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջև կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։

Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երևանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նման զարդ։

Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը և կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP