16:24 05.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides):
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ` Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի վարչապետ Ֆիլիպ Էդուարդը, Ֆրանսիայի հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ նախ՝ հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը, որից հետո վարչապետ Փաշինյանը և Էմանուլ Մակրոնը մոտեցել են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին ու իրենց ցավակցությունները հայտնել նրանց:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Պարոն վարչապետ,
Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք և պարոնայք կառավարությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,
Սիրելի Ուլլա Ազնավուր,
Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ:
Եվ այս անունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը` մի անամոքելի թախիծ վրձնելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին, իր վերջին և ամենազանգվածային աֆիշը թողարկելով աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերին. «94 տարեկան հասակում մահացել է Շառլ Ազնավուրը»:
Բայց ինչի՞ մասին են պատմում այդ վերնագրերը, ինչի՞ մասին են պատմում այդ ազդագրերը: Մի՞թե ունայնության կամ հուսահատության: Ոչ, ամենևին, այդ ազդագրերը պատմում են սեփական ճակատագրի նկատմամբ այս մեծ մարդու և նրա գերդաստանի տարած փառահեղ հաղթանակի մասին:
Շառլ Ազնավուրի նախնիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` դեգերեցին աշխարհում և, ի վերջո, հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթևան ու հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր:
Կրելով անասելի դժվարություններ, Վաղինակ-Շառլը, ի վերջո, գտավ իր կոչումը, բայց այդ կոչումին, բացի իրենից, չէր հավատում ոչ ոք: Բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմն իր գործը չէ, երգելն իր կոչումը չէ, որ ճակատագիրն առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից:
Բայց Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն, և նա գիտեր իր առաքելությունը, և այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու աներևակայելի ճանապարհն էր: Եվ նա երգեց ու գրեց, և նա գրեց ու երգեց դատարկ և կիսադատարկ դահլիճներում, և նա երգեց անհոգնել ու աննահանջ և մարդկությանը տվեց ժամանակ` հասկանալու և գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարիներ պետք է «պայթեցնի» աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները:
Եվ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում, հասավ ամենահեռավոր երկրներ և ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը:
Ցավոք, ես չհասցրեցի անձամբ ծանոթանալ Մեծ Վարպետի, Շառլ Ազնավուրի հետ: Բայց հավատացեք` նրան ընկալում եմ որպես մերձավոր հարազատի: Նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետև Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել ու մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի և իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներով:
Նաև այս է պատճառը, որ Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն շանսոնյեի իր հանճարով, այլև Հայաստանի Հանրապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար:
Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ, իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա մեծաշուք արձանը, և նա թերևս միակ մարդն է, որին Հայաստանում արձան է կանգնեցվել կենդանության օրոք:
Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, և այս ամենն արտահայտումն է այն հսկայական սիրո, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ` առանց բացառության, տածում է այս մեծ մարդու, այս մեծ ֆրանսիացու, աշխարհի այս մեծ քաղաքացու նկատմամբ
Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն,
Շառլ Ազնավուրի հրաժեշտի այս վեհաշուք արարողության ընթացքում չեմ կարող չարտահայտել այն առանձնակի հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր ժողովուրդը տածում է Ձեր երկրի նկատմամբ: Եվ ցանկանում եմ հայ ժողովրդի երախտագիտությունն արտահայտել Ֆրանսիայի պետությանը և բոլոր ֆրանսիացիներին՝ ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդին օթեւան տալու և հայկական տաղանդի զարգացման բարենպաստ միջավայր ձեւավորելու համար: Ֆրանսիայի հայությունը տվել է այնպիսի անուններ, ինչպես Շառլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը, Ժորժ Գարվարենցը, Գառզուն, Ժանսեմը, և Ֆրանսիան մեր ժողովրդի վերածննդի մի սիրելի օազիս է դարձել:
Շառլ Ազնավուրն, անշուշտ, Ֆրանսիայի մեծ նվիրյալ էր, Ֆրանսիայի մեծ քաղաքացի, ֆրանսերենի տարածման մի անկրկնելի մունետիկ, բայց նաև Հայաստանի մեծ պաշտպան էր, Հայաստանի քաղաքացի և Հայաստանի Հանրապետության դեսպան:
Նա ապրում էր Հայաստանի հոգսերով, և մեր ժողովուրդը նրա հոգատարությունը տեսել ու զգացել է երեսուն տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ, Հայաստանի անկախության բոլոր դժվարին օրերին:
Շառլ Ազնավուրն անտարբեր չմնաց նաեւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության նկատմամբ և ինձ ուղղված վերջին նամակում, մասնավորապես, գրել էր. «Հենց որ առողջությունս թույլ տա, ջերմորեն փափագում եմ այցելել այս նոր Հայաստանը և ծանոթանալ այն առողջ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը»։
Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով, և նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին:
Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, սփոփանքս այն է, որ Ազնավուրն, այնուամենայնիվ, հասցրեց իր վերջին ուղերձը հղել նոր Հայաստանին՝ ինձ գրած նամակում ասելով. «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»։
Սիրելի Վարպետ, Մեծարգո Շառլ Ազնավուր.
Ձեր նամակում դուք ճշգրտորեն ձևակերպել եք այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը, ինչ ուզում է Հայաստանի երիտասարդությունը: Եվ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը, կյանքի կկոչենք Ձեր ցանկությունը: Ուզում եմ հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ և Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի:
Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ:
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...