Այս տարի նախորդ տարվա համար հայտարարագիր լրացնողների դեպքում (թե՛ անցած տարի լրացրած քաղաքացիները, թե՛ առաջին անգամ լրացնողները) հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում նոյեմբերի 1-ը: Հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար լրացնողների դեպքում (անկախ այն հանգամանքից երկու տարի է լրացնում են, թե նոր են լրացնում) վերջնաժամկետը կրկին նոյեմբերի 1-ն է: Մնացած դեպքերում վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 1-ը: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխությանը վերաբերող օրենքի նախագիծը ներկայացնելիս:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Բաբկեն Թունյանի հեղինակած օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներից առաջարկներ չեն եղել, իսկ Կառավարությունը խմբագրական բնույթի առաջարկներ է ներկայացրել: Դրանցից մեկը վերաբերում է 2025-2026 թվականներին հայտարարագիր լրացնողներին առնչվող կարգավորմանը, որը, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների, առաջարկվում է տեղափոխել անցումային դրույթներ: «Նույնականացման քարտերի մասին» օրենքի համաձայն՝ նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ քաղաքացուն նույնականացման քարտ տրամադրվում է 21-րդ օրը: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգավորումը կարող է լինել ինքնանպատակ այն դեպքերում, երբ քաղաքացին դիտավորությամբ սահմանված ժամկետից ավելի ուշ ներկայանա նույնականացման քարտ ստանալու համար կամ ընդհանրապես չցանկանա ստանալ նույնականացման քարտը: Այս առումով, առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «նույնականացման քարտը ստանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ» բառերով:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վստահեցրել է ՀՀ քաղաքացիներին, որ Կառավարությունը զգուշորեն եւ հոգատարությամբ է մոտենում այս վարչարարությանը եւ պարզաբանել, որ հայտարարագիր չներկայացնելու համար առաջին անգամ նախազգուշացում է նախատեսված, 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ 5000 դրամ տուգանք, կրկին չներկայացնելու պարագայում այդ թիվը կրկնապատկվելու է: Փոխնախարարի պնդմամբ այդ ընթացքում ՊԵԿ-ը փորձելու է օգնել քաղաքացիներին, ճշտել, թե ինչպիսի խնդիրներ կան: «Մենք չենք խոսում կոշտ վարչարարության մասին, մենք խոսում ենք Կառավարություն-քաղաքացի գործընկերային հարաբերությունների մասին»,- ընդգծել է Արման Պողոսյանն ու հավելել՝ իրենց նպատակը մարդկանց պատժելն ու հետապնդելը չէ:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: