Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+10.09 oC

Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում

00:13 21.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում:

«ՀՀ Ազգային ժողովի

Վեհաժողովի հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլեւ որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկը: Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին:

Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր:

Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի:

Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է:

Ժողովրդավարությունը վտանգված է:

Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ: Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը: Արարելու հաստատակամությունը պետք է հակազդի կործանման մոլուցքին: Միայն միասնական եւ անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը:

Հայաստանը, իր հերթին, շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն: Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլեւ մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ: Այն Հայաստանին ուղղեց դեպի թափանցիկ ընտրությունների, անկախ ինստիտուտների եւ կոռուպցիայից զերծ կառավարության ճանապարհը: Մեր նպատակը հստակ է՝ կառուցել բաց եւ հաշվետու համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հզոր եւ ապահով կզգա:

Այս նպատակին հասնելու համար մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար կարեւոր գործիք է՝ ամրապնդելու հասարակության վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ եւ համապատասխանեցնելու դրանք եվրոպական չափանիշներին: Դատական անկախությունը, մամուլի ազատությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում:

Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարեւորում ենք Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները՝ կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ:

Կցանկանայի նաեւ անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Անկասկած, տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու բարօրության լավագույն երաշխիքներն են: «Խաղաղության խաչմերուկ» մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության վրա:

Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանում հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատեւ կալանքի, անմարդկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների:

Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է:

Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի՝ իբրեւ ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարեւորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով:

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թեւակոխելու նոր դարաշրջան:

Հարգելի՛ գործընկերներ,

Մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը: Այս առթիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել: Մենք անշեղ ենք այս ճանապարհից:

Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

18:37 23.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Ստամբուլի քաղաքապետին բանտ են տեղափոխել․ ԶԼՄ

18:18 23.03.2025

Ստամբուլի քաղաքապետին բանտ են տեղափոխել․ ԶԼՄ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ձերբակալվել էր կոռուպցիոն գործով, տեղափոխվել է Ստամբուլի բանտ, որտեղ նրան կպահեն մինչ նրա դատավարությունը շարունակվի։ Քաղաքապետի և մյուս մեղադրյալների բանտ տեղափոխման կադրերը ցուցադրվել են A haber հեռուստաալիքի ուղիղ եթերում: Բանտի մուտքերի մոտ ոստիկանական շղթաներ են ստեղծվել։ Բանտի մոտ հերթապահում են ոստիկանության հատուկ ջոկատայիններն ու ջրցան մեքենաները։ Այսօր առավոտյան Ստամբուլի քրեական […] ...

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թ․ առաջնությունը համատեղ անցկացնելու համար

17:51 23.03.2025

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թ․ առաջնությունը համատեղ անցկացնելու համար

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: «Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,-հայտնում են ՀՖՖ-ից: ...

Չեխիայի նախագահը նշել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանը

17:35 23.03.2025

Չեխիայի նախագահը նշել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանը

Չեխիայի նախագահ Պետր Պավելը «European Pravda» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է իր զորք ուղարկել Ուկրաինա խաղաղապահ կոնտինգենտի կազմում։ «Կարծում եմ, որ հենց որ լինի այդ կոնտինգենտը ուղարկելու համատեղ պատրաստակամություն, Չեխիան կկազմի դրա մի մասը։ Եթե կա եվրոպական պետությունների ուժեղ խումբ, որը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, ապա ես խորապես համոզված եմ, […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Հովհաննես Չեքիջյանին

17:17 23.03.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Հովհաննես Չեքիջյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա են գտնվել ազգային ակադեմիական երգչախմբի փորձին, հետևել ստեղծագործական գործընթացին, շփվել անվանի երաժշտի և երգչախմբի անդամների հետ։ […] ...

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար

16:45 23.03.2025

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Թոմաշ Սիմոնյակը։ «52 միլիոն եվրո կուղղվի լեհ-բելառուսական և լեհ-ռուսական սահմանների ամրապնդմանը: Այդ գումարը կուղղվի սահմանի երկայնքով ասֆալտապատ ճանապարհի կառուցմանը, անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիական սարքերի ձեռքբերմանը»,- ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը, մեջբերելով լեհական […] ...

BACK_TO_TOP