23:33 19.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հարգելի՛ նախարար Վիեյրա,
Նախևառաջ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հրավերի և այս այցի ընթացքում իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Մենք բարձր ենք գնահատում թե՛ Բրազիլի, թե՛ Ձեր անձնական հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ կապերի խորացման գործում, և մենք նույնպես ձգտում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները՝ հիմնվելով մեր երկարատև բարեկամության ամուր հիմքի վրա:
Հարգելի՛ գործընկերներ,
Բրազիլը լատինաամերիկյան առաջին պետություններից էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը, և 2006 թվականին դարձավ առաջին հարավամերիկյան երկիրը, որը Երևանում հիմնեց ռեզիդենտ դեսպանություն: Հայաստանն ու Բրազիլը կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են մեր քաղաքական երկխոսության և համագործակցության հիմքը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր դիվանագիտական հարաբերությունները վերածվել են բովանդակալից և բազմաշերտ համագործակցության։
Այս այցը հնարավորություն է ընձեռում նախանշելու առավել հավակնոտ հեռանկարներ, այդ թվում՝ համագործակցություն ավանդական ոլորտներից անդին։
Մինչ մենք ուսումնասիրում ենք իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և շարունակում ենք աշխատել տարբեր համաձայնագրերի նախագծերի վրա, այսօր այսօր ես ուրախ եմ ստորագրել Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Մենք ձգտում ենք խորացնել երկկողմ համագործակցությունը կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի և թվային բանկինգի ուղղություններով. այս բնագավառներում/ոլորտներում մենք երկուստեք կարող ենք և՛ կիսվել փորձով, և՛ ուսումնասիրել Բրազիլի փորձը։
Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ։ Անցյալ տարի նկատվել է երկկողմ առևտրաշրջանառության որոշակի աճ, բայց, անշուշտ, շատ ավելի մեծ ներուժ կա:
Ավելի ամուր տնտեսական հարաբերություններ զարգացնելու նպատակով՝ նախարար Վիեյրայի հետ ընդգծեցինք բիզնեսից-բիզնես (B2B) անմիջական կապերի խթանման հանձնառությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ գոհունակութամբ նշել բրազիլական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) հատուկ միջոցառմանը։
Այսօր, նախարար Վիեյրայի հետ, գոհունակությամբ արձանագրեցինք մեր երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում և նրա մասնագիտացված գործակալություններում, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունում։ Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Բրազիլի հետ գլոբալ մարտահրավերների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանման հարցերում։ Ես վստահեցրեցի նախարար Վիեյրային, որ մեր պատվիրակությունը կմասնակցի այս տարվա նոյեմբերին Բելենում կայանալիք COP30-ին, և մենք սպասում ենք բրազիլացի գործընկերներին 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ին։ Մենք երկուստեք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության այս համատեքստում։
Բացի այդ, մենք աջակցել ենք և դարձել ենք Բրազիլի կողմից նախաձեռնված Սովի և աղքատության դեմ դաշինքի հիմնադիր անդամ։
Տիկնայք և պարոնայք,
Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային զարգացումների և միտումների շուրջ։ Նախարար Վիեյրային ներկայացրել եմ Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը՝ լինի դա Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը, թե Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը։
Իհարկե, մենք խոսեցինք նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների և անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ, իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը: Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին. համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Մենք գնահատում ենք Բրազիլի անհապաղ արձագանքն այս իրադարձությանը։ Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։
Մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։
Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։
Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ
Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:
Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։
Տիկնայք և պարոնայք
Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Բրազիլի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա:
Մեր ճանապարհին մենք հավատարիմ ենք մնում Բրազիլի և այլ գլոբալ գործընկերների հետ մեր երկկողմ կապերի խորացմանը, մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ավելի արդար և անկողմանակալ միջազգային կարգի հաստատմանը:
Ես ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Վիեյրային և Բրազիլի կառավարությանն աջակցության և ներգրավվածության համար։ Մենք անհամբեր սպասում ենք բեղմնավոր համագործակցության և բարեկամության բազմաթիվ տարիների»,- ասել է նախարարը:
11:43 20.03.2025
Շատ ոլորտներում մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենք մեր թշնամիների, քան մեր ընկերների հետ․ ԹրամփԱՄՆ-ն ապրիլի 2-ից հայելային մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի վրա, եթե վերջինը չնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրն այն է, որ Հնդկաստանը աշխարհի ամենաբարձր մաքսատուրքերից մեկն է սահմանել: Կարծում եմ, որ նրանք, հավանաբար, էապես կիջեցնեն այդ մաքսատուրքերը, բայց ապրիլի 2-ից մենք […] ...
11:39 20.03.2025
Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, հայտնում է BelTA-ն ՝ հղում անելով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երկրի գործող ղեկավարը ստացել է ձայների 86,82%-ը ՝ 85,6% մասնակցությամբ։ ...
11:33 20.03.2025
Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Այն կկայանա այսօր՝ մարտի 20-ին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։ Նիստում կքննարկվեն Սիրիայում, Գազայի հատվածում, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները։ ...
11:27 20.03.2025
Թուրքիայում 37 մարդ է ձերբակալվել սոցցանցերում գրառումների համարԹուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ հանձնվել»։ Ստամբուլի մի […] ...
11:18 20.03.2025
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԱրթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Արթուր Նահապետյանը վստահեցրեց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ ...
11:15 20.03.2025
Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիրՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում: ...