19:47 14.03.2025
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:
Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը, վավերագրող, Մելինե Մանուշյանի զարմուհի Կատյա Գիրագոսյանը, Միսաք Մանուշյանի զարմուհիներ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները:
Դանիել Դանիելյանն ընթերցել է հատվածներ Միսաք Մանուշյանի նամակներից
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, հիշեցրել է՝ նախարարությունն այս տարին հռչակել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում Մանուշյանական շաբաթ անցկացնելու հնարավորությունը բացառիկ է:
«Սա հիանալի առիթ է անդրադառնալու Միսաք Մանուշյանի կյանքին, թողած ժառանգությանը, հերոսական կերպարին։ Այս ընթացքում երիտասարդները, հաղորդակից դառնալով նրա գաղափարներին, կարող են նաև ճանաչել Մանուշյանին՝ որպես բանաստեղծ, քաղաքացի, սիրող ամուսին: Խորհրդանշական է, որ նախագիծը մեկնարկում է հենց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում. մեկ այլ մեծանուն հայ, որն իր գաղափարներով և հայրենասիրական մոտեցումներով մեծ ժառանգություն է թողել»,- նշել է նախարարի տեղակալը։
Դանիել Դանիելյանը նաև հատվածներ է ընթերցել Միսաք Մանուշյանի՝ կնոջը՝ Մելինեին ուղղված վերջին նամակից, որը նա գրել է Ֆրանսիայի բանտից՝գնդակահարումից ժամեր առաջ։
«Նամակն ասես բացահայտում է Մանուշյանի էությունը։ Այն կարող է հրաժեշտի նամակ դիտարկվել, բայց ավելի շատ ուղերձ է սերունդներին։ Նա գրել է. «Իմ սիրելի՛ Մելինե, որբուկ, մի քանի ժամից կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր՝ ցերեկը ժամը 15։00-ին»։
«Ես ներում եմ նրանց»․ հատված նամակից
Նամակներից մեկում, ըստ փոխնախարարի, Մանուշյանն արտահայտել է մտքեր, որոնք կարող են գաղափարախոսություն դառնալ. «Երջանկություն նրանց, ովքեր կվերապրեն մեզ ու կհամտեսեն վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը։ Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակ ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա որպես պատիվ և որպես պարգև։ Գերմանացի և մյուս բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որը երկար չի տևի։ Ես ներում եմ նրանց»։ «Մանուշյանը նաև Մելինեին խնդրել է իր հուշերը տանել Հայաստան»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Մանուշյանական շաբաթը հագեցած կլինի
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ «Մանուշյանական շաբաթ» նախագծի միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այսօր երեկոյան էլ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան …» ներկայացման առաջնախաղը, բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան: Դանիել Դանիելյանն ընդգծել է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցության փորձ, որի շրջանակում անցյալ տարի բեմադրվել էր «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:
Դանիել Դանիելյանը խորհրդանշական է համարել նաև «Մանուշյան..» ներկայացման բեմադրումը հենց Արտաշատի դրամատիկական թատրոնում, որն իրավամբ համարվում է հայ թատրոնի օրրանը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ «Մանուշյան…» ներկայացմամբ այսօր կտրվի նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը:
Հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ
Բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայացումն արդեն իսկ դարձել է խաղացանկային մարզային թատրոնի համար:
«Արտաշատի պետական թատրոնի հետ մեր համագործակցությունը երկարաժամկետ է: Հուսով ենք՝ թե՛ մայրաքաղաքային, թե՛ մարզային դպրոցների ավագ դասարանների աշակերտները ևս հնարավորություն կունենան դիտելու այս ներկայացումը, քանի որ այն նաև լեցուն է մանկավարժական ուղերձներով՝ հրաշալիորեն ներկայացնելով Մանուշյանի կյանքը: Սա հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է: Ստեղծագործական կազմում, բացի Արտաշատի թատրոնի անձնակազմից, ընդգրկված են նաև ֆրանսիացի արտիստներ»,- ասել է Սաթէ Խաչատրյանը:
Նա կարևորել է, որ Մանուշյանը ներկայացվի տարբեր տեսանկյուններից՝ գիտական, պատմական, մշակութային և կրթական:
Ժամանակավոր ցուցադրություն ԳԱԹ-ում՝ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով»
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի գնահատմամբ՝ միջոցառումների այս շարքը տրամաբանական շարունակությունն է այն հրաշալի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում, և որոնց առանցքում Փարիզի պանթեոնում Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման արարողությունն էր:
ԳԱԹ-ը «Մանուշյանական շաբաթ» նախագծի շրջանակում ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» խորագրով։ Կցուցադրվեն նյութեր Մելինե Մանուշյանի զարմուհու՝ Կատյա Գիրագոսյանի անձնական արխիվից, ինչպես նաև Ֆրանսիայից բերված բացառիկ վավերագրեր: «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» ցուցադրության մեջ ընդգրկված է Մանուշյանի մեկ այլ նամակ, որը նա գրել է մահից ժամեր առաջ և ուղարկել Մելինեի քրոջը՝ խնդրելով նրան Մելինեի համար ամուսին գտնել։ Բացառիկ նամակը, որը Կատյա Գիրակոսյանի անձնական հավաքածուից է, առաջին անգամ է ներկայացվում հանրությանը:
«Մեկ շաբաթ մեր հանրապետությունը, մեր մայրաքաղաքը ողողված կլինեն մանուշյանական շնչով, և մենք նոր հնարավորություն կունենանք բացահայտելու Մանուշյան պայքարողին, Մանուշյան հային և հերոսին՝ այս ուժեղ կերպարին՝ զուգորդելով նրա նուրբ ու քնարական կերպարը՝ Մանուշյան բանաստեղծին»,- ասել է Սյուզաննա Խոջամիրյանը:
Ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպար
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյի համոզմամբ՝ այս մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կա բացահայտելու Մանուշյանի բազմաշերտ կերպարը՝ դոկումենտալ ֆիլմերի, ստեղծագործական, թատերական ներկայացումների, պատմական փաստերի վերհանման միջոցով:
«Մեզ այսօր միավորում է ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպարը, որը երբևէ չի ունեցել ո՛չ Ֆրանսիայի քաղաքացիություն, ո՛չ Հայաստանի: Այդպիսով նա պատկանում է համայն մարդկությանը: Արագոնի ձևակերպմամբ՝ նախընտրությամբ ֆրանսիացի լինելով՝ նա տվել է իր կյանքը Ֆրանսիայի ազատագրման համար: Միաժամանակ հոգով և սրտով հայ լինելով՝ նա միշտ վառ է պահել հայկական կրակը: Հայ կոմունիստ, դիմադրության շարժման մարտիկ և պոետ. այս մեկ շաբաթվա ընթացքում կբացահայտենք Մանուշյանի բազմաշերտ կերպարը տարբեր կողմերից»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին Մանուշյանի հիշատակը պատվելու, հայ և ֆրանսիացի գործընկերներին՝ մանուշյանական շաբաթն իրականություն դարձնելու, Ժան Պիեռ Սակունին՝ Փարիզի պանթեոնում Մանուշյանի և նրա կնոջ աճյունները վերամփոփելու ջանքերի համար:
«Մանուշյանի հոգին անմահ է բոլորիդ ներկայությամբ»,- խոսքն ամփոփել է դեսպանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի արձանը: Երևանի քաղաքապետարանի՝ կիսանդրու համար հայտարարված մրցույթում հաղթել է երիտասարդ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը: Գոշ Սարգսյանի խոսքով՝ արձանը մինչև տարեվերջ կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում:
Միջոցառման ընթացքում նաև տեղի են ունեցել Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի հայերեն թարգմանության և «Մանուշյան» պիեսի շնորհանդեսներ:
00:03 15.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը00:37 15.03.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստանի ԱԳՆՂազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Ղազախստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Վստահ ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և […] ...
00:29 15.03.2025
Չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այն հանդիսացավ ամենաչորը սկսած 1935 թվականից։ Ձմռան երեք ամիսներն էլ […] ...
00:20 15.03.2025
Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասինՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […] ...
00:11 15.03.2025
Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnրՄարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […] ...
00:03 15.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 14.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...