19:09 13.03.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում:
«Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, կարևոր իրադարձություն է»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրել է, որ այդ տեքստում հանրությունից ոչ մի գաղտնիք չունեն: Ինչ վերաբերում է դրա հրապարակման վերաբերյալ հարցին՝ նա նկատել է.
«Հոդված-հոդված, առանձին, այսպես թե այնպես, հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո, հանրությունը տեքստը չի կարդացել, բայց չենք կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: 4 տարի է արդեն, որ բանակցում ենք տեքստի շուրջ, ըստ էության, հայտնի է»:
Նա վերահաստատել է՝ տեքստը պատրաստ է ստորագրման, հայկական կողմը պատրաստ է սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որ պատրաստ են երկկողմ ֆորմատով բանակցություններ սկսելուն՝ Փաշինյանն ասել է.
«Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումներն ունենք: Ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել»:
Նա ընդգծել է, որ համաձայնեցված դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ հիմա պետք է նաև այդ հարցերով որոշ նրբությունների հետ կապված էլ քննարկումներ ունենան:
«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ հարցին: Մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողությունների չիրականացնելուն»,–ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է՝ այդ երկու դրույթների վերաբերյալ բավականին երկար ժամանակ կողմերը առաջարկներ են արել:
«Եվ, ըստ էության, այդ դրույթներն էլ ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Եվ այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և, կարծես թե, չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Եվ այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ-ի համար»,–ասել է Փաշինյանը:
Նա հավելել է՝ եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, և ՀՀ-ն էլ որոշել է, որ այս տեքստը նաև իրեն է ձեռնտու:
«Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք: Մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը: Այլ ժանր, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»,-ընդգծել է վարչապետը:
08:40 14.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:32 14.03.2025
Վարչապետ Էգեդե. գրենլանդացիները չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքըԳրենլանդիայի կառավարության ղեկավար Մութ Էգեդեն կարծում է, որ կղզու բնակիչներն այլևս չպետք է հանդուրժեն անհարգալից վերաբերմունքը։ Նա նաև մտադիր է համախմբել գրենլանդական կուսակցությունների առաջնորդներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Էգեդեի «Ինուիտ Ատակաթիգիիթ» (Ժողովրդական համայնք) կուսակցությունը մարտի 11-ի խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը, ուստի, այն այլևս չի ղեկավարի կառավարության նոր կաբինետը։ […] ...
08:22 14.03.2025
Լեկորնու. զինադադարի մասին Ռուսաստանի հայտարարությունը խորհրդանշում է իրական բանակցությունների սկիզբըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հրադադարի հաստատմանն աջակցելու հայտարարությունը հակամարտությունը կարգավորելու համար իրական բանակցությունների մեկնարկի նշան է։ France 2 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Այն, ինչը տանում է դեպի հրադադար, կարելի է միայն ողջունել, մենք տեսնում ենք, որ իրական բանակցություններ են սկսվում։ Առջևում քննարկում կա, բանակցություններ, որոնք ակնհայտորեն […] ...
08:12 14.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:05 14.03.2025
ՊՍԺ-ն փայլում է կարգապահությամբՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան խաղում փարիզյան թիմը փայլել է կարգապահությամբ, տեղեկացնում է Opta-ն: Ֆրանսիայի չեմպիոնը առաջին խաղակեսում ոչ մի խախտում թույլ չի տվել: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այսպիսի վիճակագրություն նախորդ անգամ գրանցվել էր 2003/2004 մրցաշրջանում: ...
08:00 14.03.2025
Հրդեհի ահազանգ Արշակունյաց պողոտայումՄարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման […] ...