Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+8.09 oC

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

09:13 04.03.2025

Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ասվում է Փաշինյանի՝ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում։

«Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են:

Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ:

Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է:

Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել:

Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ:

Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել:

Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ Արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում:

Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել:

Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել և շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել:

Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել:

Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար:

Ադրբեջանը նաև հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք Արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է:

Բայց նաև հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում:

Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը:

Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչու՞ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները:

Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,- ասված է վարչապետի հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը

15:32 04.03.2025

ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը

Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։ Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու […] ...

Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել մոտ 22 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա

15:20 04.03.2025

Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել մոտ 22 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա

Պեկինը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից 22 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Հայտնում է РИА Новости-ին՝ հիմնվելով չինական մաքսային տվյալների վրա։ 2024 թվականի տվյալների համաձայն՝ չինական մաքսատուրքերն ազդել են ԱՄՆ մատակարարումների վրա՝ ընդհանուր առմամբ 21,9 միլիարդ դոլար, որից 3,4 միլիարդ դոլարի արտադրանքը կենթարկվի 15 տոկոս տուրքի, իսկ 18,5 միլիարդ դոլարը՝ 10 տոկոս մաքսատուրքի։ ...

Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց

15:15 04.03.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց: Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: ...

Երևանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարության դեպքը․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ

15:12 04.03.2025

Երևանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարության դեպքը․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ

Փետրվարի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրից» ստացվել էր հաղորդում, որ Մաշտոցի պողոտային կից «Մալիբու» կոչվող այգում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ստացած կտրած-ծակած վերքով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա երիտասարդի, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

15:05 04.03.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի նախագծեր: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ: Հիմնական կարգավորումները` այստեղ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում […] ...

SHANTNEWS

15:00 04.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP