Քոչարյանն անդրադարձել է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու շուրջ բանակցությունների մասին ԱՄՆ պետդեպի փաստաթղթերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--2.91 oC

Քոչարյանն անդրադարձել է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու շուրջ բանակցությունների մասին ԱՄՆ պետդեպի փաստաթղթերին

13:24 17.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնցում առկա են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1990-ականների վերջերին բանակցություններ են վարել Մեղրին ու Լեռնային Ղարաբաղը փոխանակելու շուրջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսի ընթացքում։

ՀՀ երկրորդ նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ բանակցություններից։

«Մինչև 1999 թվականը բանակցային գործընթացը հետևյալ բովանդակությունն ուներ։ Համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից, ինչ առաջարկ բերում էին, հետևյալ տրամաբանության մեջ էր՝ փորձում էին ինքնորոշման իրավունքը «ամուսնացնել» տարածքային ամբողջականության հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է այդպիսի առաջարկ եղել: «Ընդհանուր պետության» առաջարկն ինչ էր՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց փորձը միշտ եղել է այս երկու սկզբունքներն «ամուսնացնելը»։ Եվ հանկարծ Վաշինգտոնում Ալիևը (խմբ. նկատի ունի Հեյդար Ալիևին) ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, իրարից անջատվենք։ Եվ այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել համանախագահողների կարծրատիպը։ Ես մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրաձայնի համանախագահողների առջև, ուրեմն մենք այս կաղապարված վիճակից դուրս ենք գալու։ Եվ, այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի, որ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Պրոցեսը շահավետ էր մեզ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ հնարավորություն է լինելու այս քննարկումները բերել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ եմ համոզված եղել, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր 6 շրջան, այդ մոտիվացիան կար, որովհետև ինքը ստանալու բան ուներ։ Սա էր ամբողջ մեր տրամաբանությունը»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը։

Խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Երևանում ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ հանդիպման մասին՝ Քոչարյանն ասաց, որ այդ հանդիպման ժամանակ Թալբոթը որևէ առաջարկ չի ներկայացրել։

«Թալբոթը չի եկել որևէ առաջարկով այդ հանդիպմանը, որևէ առաջարկ ԱՄՆ-ի կողմից չի եղել։ Ընդհանրապես ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր՝ առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից, և երբ բերում էին առաջարկ, սովորաբար գալիս էին համանախագահողները։ Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել էր Հայաստան՝ հասկանալու համար, թե իսկապես դա այդպե՞ս է, թե՞ չէ և Ալիևի ու մեր ընկալումները այդ բանակցություններից նո՞ւյնն են, թե՞ նույնը չեն։ Մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք, այո, սա ընդունում ենք կամ չենք ընդունում կամ ընդունում ենք վերապահումներով»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ երկու տարի տևած գործընթացում միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ գրավոր առաջարկ Մինսկի խմբի համանախագահողների կողմից չի եղել։

Քոչարյանը հավելեց, որ Ալիևն առաջարկում էր Մեղրին ու ԼՂ-ն փոխանակելու տարբերակը, իսկ ինքն առաջարկում էր այլ տարբերակներ, բայց իր համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմի իր այդ մոտեցման մասին համանախագահողներին։ «Ես չէի հավատում նույնիսկ, որ նա դա քննարկում էր, ասում էի՝ վաղը հրաժարվելու է, հետ է քաշվելու»,- նշեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ ինքը բանակցությունների ժամանակ ոչ այո էր ասում, ոչ մերժում էր, փորձում էր զգուշավոր լինել և այնպես անել, որ թեման շարունակվի, բայց առանց պարտավորությունների։

Անդրադառնալով այդ գործընթացին Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ վկայություններին, որոնք առկա են ԱՄՆ պետդեպի փաստաթղթերում՝ Քոչարյանն ասաց, որ Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ ինքն այդ ընթացքում երկու անգամ հանդիպել է, և այդ թեմայի շուրջ որևէ բանակցություն չի եղել։

«Ես այդ փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, երկու անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես այդ թեման չի քննարկվել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Խոսելով շրջանառվող խոսակցությունների մասին, թե այդ հարցը համաձայնեցված է եղել Մոսկվայի հետ՝ Քոչարյանը մանրամասնեց. «Թալբոթի պատվիրակության գալուց երկու շաբաթ առաջ ես եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է այլ հարցեր քննարկեի։ Հանդիպումը պետք է տևեր 1-1.5 ժամ, տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր, լավ չէր վիճակը։ Այս հարցի վերաբերյալ նա ինձ ասաց՝ Ալիևի հետ խոսակցություն  եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից։  Ես հարցրել եմ՝ Դուք մանրամասներին տեղյա՞կ եք, թե՞ ոչ, նա ասաց՝ ոչ, ընդհանուր գծերով։ Եվ մենք պայմանավորվել ենք ինչ-որ մի պահի հանդիպել և ավելի մանրամասն խոսել այդ թեմայով։ Եղել է դրական ազդակ, բայց որևէ քննարկում չի եղել Ելցինի հետ»։

Խոսելով պետդեպի փաստաթղթերում առկա հիշատակման մասին, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղյակ չի եղել բանակցությունների որոշ մանրամասներից՝ Քոչարյանը վստահեցրեց, որ Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ է եղել։

«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, Վազգեն Սարգսյանը վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում, այն ժամանակ որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»,- ասաց Քոչարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղար Թալբոթն այդպիսի տպավորություն ստացել, որ Վազգեն Սարգսյանը որոշ մանրամասների տեղյակ չէ, ինչի մասին պատմել է Թուրքիայի նախագահին, Քոչարյանը պատասխանեց. «Ինքը դա պատմել է Դեմիրելին, ես ձեզ ասում եմ, որ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից՝ բոլոր մանրամասներով»։

Քոչարյանը նաև հավելեց, որ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սկզբից մինչև վերջ ներկա է եղել իր և ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ հանդիպմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ

18:34 21.02.2025

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելայի հետ: Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և […] ...

Քրեակատարողական ծառայության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրները

18:26 21.02.2025

Քրեակատարողական ծառայության և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրները

Փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» […] ...

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

18:20 21.02.2025

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […] ...

Համայնքային ոստիկաններն ու պարեկները բացահայտել են դանակահարության դեպքը

18:14 21.02.2025

Համայնքային ոստիկաններն ու պարեկները բացահայտել են դանակահարության դեպքը

Փետրվարի 20-ին՝ ժամը 23:17-ին, ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու […] ...

Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

18:06 21.02.2025

Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ հատկապես միջազգային-իրավական փոխգործակցության առումով: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Կարևորելով երկու երկրների միջև […] ...

SHANTNEWS

18:00 21.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP