Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները. մաս 2-րդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները. մաս 2-րդ

20:06 21.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքացիներին են ներկայանում ամենատարբեր ծրագրերով, որոնք խոստանում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում:

SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է քվեաթերթիկի առաջին վեց համարների ներքո հանդես եկող ուժերի նախընտրական ծրագրերը, այժմ ներկայացնում ենք երկրորդ մասը:

7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջարկում է քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով, կարևորում է փողոցների մաքրման, աղբահանության, ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացի վերանայումն ու երկրորդ օպերատորի ներգրավումը: Դաշինքը մտադիր է հիմնել աղբի վերամշակման գործարան, արդիականացնել տրանսպորտային ցանցը, վերանորոգել վթարային վերելակները, անհրաժեշտության դեպքում փոխարինել նորերով, կառուցել մետրոյի առնվազն մեկ նոր կայարան, վերանորոգել պոլիկլինիկաների և նախադպրոցական հաստատությունների շենքային և բակային տարածքները:

«Իմ քայլը» ուշադրության կենտրոնում է պահում ոռոգման համակարգը և կանաչապատումը, զբոսայգիների բարեկարգումը, չգործող շատրվանների վերագործարկումն ու նորերի կառուցումը, թափառող շների գլխաքանակի կառավարման համար առաջարկվում է կիրառել միայն ստերջացման մեթոդը: Դաշինքի նախընտրական ծրագրում քաղաքի զարգացման ռազմավարությունն է, ապօրինի շինարարության բացառումը, վերգետնյա ու ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների, ենթակառուցվածքների մատչելիությունը: «Իմ քայլը» ցանկանում է ստեղծել Երևանի զբոսաշրջային ինքնություն, զարգացնել «Սմարթ սիթի» գաղափարը, ստեղծել միասնական տվյալների բազա, ուշադրություն դարձնել երթևեկության հոսքերի կառավարմանը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, կարգախոսը` «Քայլ արա, Երևան»:

8. «Լույս» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում կարևորվում է ուղևորափոխադրման նոր ցանցի ստեղծումը, արդիականացված ավտոբուսային պարկի, տոլեյբուսային պարկի առկայությունը, ուղևորափոխադրման ցանցի բաղկացուղիչ մաս է կազմելու նաև նոր ճոպանուղին, որը ծառայելու է թե որպես փոխադրման միջոց, թե ունենալու է զբոսաշրջային գրավչություն, մինչև 2022 թ. գործարկելու են Մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան, մայրաքաղաքի ճանապարհների բեռնաթափումը կկատարվի շրջանցիկ ճանապարհների կառուցման միջոցով։ Դաշինքը մտադիր է կառուցել ստորգետնյա, վերգետնյա, ինչպես նաև վերելակային ավտոկայանատեղիներ, քաղաքային լուսավորության ապահովումն իրականացվելու է այլընտրանքային էներգիայի աղբյուրներից, այդ թվում` արևային մարտկոցների միջոցով, վերանայելու են Երևանի փողոցների այն անվանակոչումները, որոնք հակասում են անկախ պետականություն ունեցող երկրի մայրաքաղաքին։

«Լույս»-ը խոստանում է բարեկարգել բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, կատարել ջերմամեկուսացման աշխատանքներ, հարթ և թեք տանիքների կապիտալ վերանորոգում, բարեկարգվելու են բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները, կատարվելու է Երևան քաղաքի բոլոր գետնանցումների կապիտալ վերանորոգում և պահպանում։ Դաշինքի ծրագրային դրույթներից են թափոնների կառավարումը, նոր աղբավայրի ստեղծումը, սպորտի զարգացման կարևորումը, գերժամանակակից պոլիկլինիկաների ստեղծումը: Այս ուժն ապահովելու է թափառող կենդանիների ստերջացումը և վնասազերծումը։ Քաղաքաշինական միջավայրում ապահովելու են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ և անարգել տեղաշարժվելու հնարավորությունը: Դաշինքը խոստանում է ապահովել «Հին Երևան» ծրագրի իրականացումը, բացառել մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարումը հանրային գերակա շահի ճանաչման գործընթացում։ Ուշադրություն է դարձվելու կրթական ոլորտի խնդիրներին, ստեղծելու են քաղաքային տեխնոպարկ ուսանողների համար, մշակելու են շարժական կրպակների միասնական տեսք, որը կտրամադրվի բացոթյա առևտուր իրականացնողներին՝ կարգավորելով փողոցային առևտուրը։

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, կարգախոսը` «Երևան լույսի քաղաք»:

9. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն առաջարկում է  միասնական տրանսպորտային համակարգ, անվտանգ երթևեկության մեխանիզմներ, երթևեկության բեռնաթափում, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցի վերականգնում, մետրոյի կայարանների թվի ավելացում, ինչպես նաև կարգավորել վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդել սեյսմիկ անվտանգության մեխանիզմները, ներդնել բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, վերազինել վերելակները, կարգավորել վերելակային տնտեսության անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները, ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը և քաղաքային գույքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանություն:

Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորվում է կանաչ գոտիների, ջրավազանների, շատրվանների ավելացումն ու պահպանումը, Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին և նրան հարող տարածքը բնապահպանական գոտի սահմանելը, կանաչ տարածքների կրկնապատկումը, ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանումը, տրանսպորտային էստակադաների, շրջանցող ճանապարհային հանգույցների, կենտրոնացված բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցումը, ապօրինի հողօգտագործման կասեցում:

Աղբահանության խնդրի կարգավորում, բացօթյա տարածքներում առևտրի հարմարավետ պայմանների ստեղծում, կրթական և մշակութային մի շարք խնդիրների լուծում, սոցիալական բնակֆոնդի հայեցակարգի ներդրում, երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով բնակարանների տրամադրում: ՀՅԴ-ն ցանկանում է ստեղծել տարեցների խնամքի և ժամանցի կենտրոններ, տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցողների համար ապահովել լիարժեք միջավայր, վերանորոգել և վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը, ստեղծել անօթևանների գիշերային կենտրոններ։

ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է, կարգախոսը` «Միասին` հանուն Երևանի»:

10. «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը ցանկանում է արգելել կանաչ տարածքներում ցանկացած շինարարություն, ետ վերցնել անօրինական տրամադրված կամ վաճառված տարածքները, արգելել ծառահատումները, օդն աղտոտող շինարարական նյութերի վաճառքը: Կուսակցության նախընտրական ծրագրում ներառված դրույթներից են էլեկտրական ավտոբուսների և տրոլեյբուսների աշխատանքի ներդրումը, բոլոր հնարավոր ուղղություններով ճոպանուղային ցանցի ընդլայնումը, մետրոպոլիտենի նոր կայարանների շինարարությունը, «Մաքուր Երևան» ծրագրի իրականացումը, աղբահանության կազմակերպումն ու աղբավերամշակման գործարանի կառուցումը:

«Հայք»-ն առաջարկում է վերակառուցել և վերազինել Երևանի վերելակային տնտեսությունը, կարգի բերել անփույթ տեղադրված էլեկտրական լարերը, համացանցի, հեռախոսի և այլ մալուխները, իրականացնել պատմամշակութային հուշարձանների պահպանություն, աջակցել համատիրությունների կայացմանը, մշակութային օջախների, պուրակների, հանգստի գոտիների, լողավազանների կառուցում, հայի ինքնությունը խաթարող ցուցանակների, գովազդների, ինքնակոչ քարոզիչների գործունեության արգելում: Կուսակցությունը խոստանում է կենցաղից հեռացնելու են խաղատները, գիշերային ակումբները, մարիհուանան, ԼԳԲՏ-ն Հայաստանից դուրս պիտի շպրտվի, պետք է ոչնչացնել փողից փող սարքող համակարգերը, Երևանը պետք է ոչնչացնի օլիգարխիան:

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է, կարգախոսը` «Երևանը մարդկայնության մայրաքաղաք»:

11. «Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարել է, որ գալիս են Հայաստանի ժողովրդի պատմական, նվիրական իղձերի իրականացմանն ուղղված ծրագրերին աջակցելու, քաղաքացիների բարեկեցության համար պայքարելու։ Կուսակցության ծրագրային առաջնահերթություններից են քաղաքի կանաչապատումը, այգիների, շատրվանների, հանգստի անվճար գոտիների ավելացումը, վերգետնյա նոր ավտոկայանատեղիների կառուցումը, խցանումները բացառող էլեկտրոնային համակարգի ներդրումն ու համաքաղաքային խելացի լուսաֆորների կիրառումը:

«Ռեֆորմիստներ»-ը քաղաքային պոլիկլինիկաները ցանկանում են արդիականացնել, դարձնել մրցունակ բժշկական կենտրոններ, քաղաքային տնտեսությունում նրանք ցանկանում են այլընտրանքային էներգետիկան օգտագործել: Գույքահարկի կրճատում, հուշարձանների թույլտվությամբ զբաղվող նոր մարմնի ստեղծում, հեծանվուղու ընլայնում, աղբահանություն, վերելակային տնտեսություն, ինչպես նաև կենդանիների սիրահարների համար նախատեսված կանաչապատ գոտիների ստեղծում. այս ամենը ևս ներառված է կուսակցության նախընտրական ծրագրում:

«Ռեֆորմիստներ»-ի քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է, կարգախոսը` «Կանաչ Երևան»:

12. «Օրինաց երկիր» կուսակցությունը մտադիր է քաղաքային կառավարմանը քաղաքացիների ակտիվ մասնակցություն ապահովել, առաջարկում է համայնքային և սոցիալական բնակարանաշինության իրականացում, անավարտ շենքերի, վթարային շենքերի գույքագրում, բազմաբնակարանային շենքերի շինարարության խթանում, քաղաքային տնտեսության զարգացում և արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում, կրթության և առողջապահության համակարգերի արդիականացում, որակյալ բժշկություն, ծերապարտեզների ցանցի ընդլայնում, պայմանների բարելավում, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ստեղծում, առաջին դասարանից երկու օտար լեզվի և համակարգչային գիտելիքների ուսուցանում, ուսանողական հանրակացարանների բարելավում:

ՕԵԿ նախընտրական ծրագրում ներառված է ժամանակակից բժշկական մասնագիտական կենտրոնների ստեղծումը, կոմունալ-բնակարանային տնտեսության բարեփոխումը, տանիքների, ջրհորդանների, նկուղների և աստիճանավանդակների, մուտքային դռների, աղբատար խողովակների վերանորոգումը, վերելակների վերանորոգումը կամ փոխարինումը, աղբահանության վիճակի բարելավումը, Երևանում անվճար WiFi համակարգի ապահովումն ու հասարակական տրանսպորտի գործունեության համակարգի բարելավումը` ավտոբուսների և տրոլեյբուսների քանակի ավելացում, Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարություն:

Հեծանվային սպորտի զարգացում, ստորգետնյա ու վերգետնյա ավտոկայանատեղիների և հետիոտնի համար նախատեսված անցուղիների կառուցում, Երևանի համալիր և հավասարաչափ զարգացում, կանաչ ճարտարապետության սկզբունքի ներդրում բոլոր թաղամասերում, երևանցիներին պատկանող բնակելի տներն ու տնամերձ հողատարածքների օրինականացում, շենքերի ու փողոցների գույքագրում, անձնագրավորում, փողոցների ու նրբանցքների բարեկարգում, կանաչապատում, ասֆալտապատում, լուսավորում, քաղաքային այգիների ու զբոսանքի վայրերի բարեկարգում, ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման համար պատասխանատվության խստացում, երիտասարդական քաղաքականություն, ուսանողների համար հանրային տրանսպորտից օգտվելու զեղչերի սահմանում, արտաքին կապերի ընդլայնում և սփյուռքի հետ համագործակցության ամրապնդում. այս ամենը ևս ՕԵԿ նախընտրական ծրագրից է:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մհեր Շահգելդյանն է, կարգախոսը` «Մենք ենք ու Երևանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP