Երևանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Երևանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը

10:37 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 11-ին Երեւանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Քննարկումներին հեռավար ձեւաչափով մասնակցել են նաեւ Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը, Թուրքիայի, Ալբանիայի եւ Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթը՝ այստեղ:

Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: 2024 թվականի մայիսի 14-15-ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության հաստատումից հետո քննարկվել են ֆինանսական հարցեր՝ կապված կառույցի՝ 2025 թվականի բյուջեի հետ:

Այնուհետեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, իսկ Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի գործունեության մասին խոսել է բանկի նախագահ Սերհաթ Քոքզալը:

Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը փաստել է, որ քննարկվող հարցը չափազանց կարեւոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ մեր երկիրն ավելի քան 30 տարի շրջափակման մեջ է:

«Սահմանների բացումը կնպաստի Հայաստանի տնտեսական գործունեության զարգացմանը՝ արտահանումների եւ ներմուծումների, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման միջոցով: Սահմանների բացումն ուղղակիորեն տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Մենք այս նախաձեռնությունը ներկայացրել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին եւ կարող ենք վստահությամբ ասել, որ նախաձեռնության վերաբերյալ բոլորի վերաբերմունքը դրական է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ սահմանների բացումը կնպաստի նաեւ տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների եւ ներմուծման ծախսերի կրճատմանը: Վերջինս իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների համար՝ Հայաստանը դարձնելով գրավիչ տարանցիկ երկիր:

Զեկուցողն անդրադարձել է եւս մեկ ուղղության. զբոսաշրջության ոլորտը կարող է դրական ազդեցություն ունենալ սահմանների բացման վրա:

«Մենք չենք ուզում ունենալ փակ տնտեսություն եւ փակ սահմաններ մեր հարեւանների հետ»,- խոսելով սահմանների բացման հարցում ռիսկերի մասին՝ փաստել է զեկուցողը:

Բաբկեն Թունյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ ամրապնդելու տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը՝ որպես մեր հավաքական անվտանգության ռազմավարության անկյունաքար: «Վստահ եմ, որ խաղաղությունը, ինչպես նաեւ համագործակցությունը, չափազանց կարեւոր են տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը չափազանց կարեւոր են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար»,- վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա մարտահրավերները:

Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Հունաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Քննարկվել են աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին ու հումանիտար աղետներին վերաբերող հարցեր: Արտագաղթի տեմպերի համատեքստում անդրադարձ է եղել փախստականների խնդրին: Մասնակիցները կարեւորել են սեւծովյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, սահմանների ապաշրջափակումը: Սահմանների բացումն արժեւորվել է առեւտրաշրջանառության, գործարար կապերի ակտիվացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խթանման առումով:

Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ֆատիհ Դոնմեզը, ով նիստին մասնակցում էր առցանց ձեւաչափով, անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարեւորել սահմանների բացումը, վերահաստատել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:

Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւս կարեւորել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի՝ նպաստելով տարածաշրջանի զարգացմանը:

Այնուհետեւ օրակարգային հարցերի շրջանակում է եղել ՍԾՏՀ տարածաշրջանում փախստականների եւ միգրացիոն հոսքերի իրավական մարտահրավերների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաեւ «ՍԾՏՀ անդամ երկրներում խորհրդարանների դերը մշակութային ժառանգության պաշտպանության ամրապնդման գործում» հարցը: Քննարկվել են նաեւ ՍԾՏՀ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:

Նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների եւ խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ՍԾՏՀ տարածաշրջանի բազմաթիվ մարտահրավերների, իրավական-քաղաքական գործընթացների, գլոբալ տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Անդրադարձ է եղել կլիմայական փոփոխությունների ու էկոհամակարգի վերափոխման հետեւանքով ի հայտ եկած մի շարք բացասական երեւույթներին եւ դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարեւորությանը: Ընդգծվել է համընդհանուր հետաքրքրության հարցերի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ ՍԾՏՀ ԽՎ-ի համագործակցված աշխատանքի արդյունավետությունը: Այս համատեքստում նշվել է համատեղ նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին որոշվել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 65-րդ լիագումար նիստն անցկացնել Ադրբեջանում՝ 2025 թվականին: Նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին

15:34 12.12.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է  Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։ Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին։ Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման […] ...

Օրբանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպել

15:24 12.12.2024

Օրբանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպել և Սուրբ Ծննդյան զինադադար հայտարարել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Կիևը, դատելով Վլադիմիր Զելենսկու հայտարարություններից, մերժել է Օրբանի բոլոր առաջարկները։ ...

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

15:12 12.12.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու […] ...

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

15:02 12.12.2024

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում […] ...

Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում

14:53 12.12.2024

Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում

ՆԳ նախարարությունը «Աղետների դիմակայության օր» հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին Շիրակի մարզպետարանում անցկացրել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետների ժամանակ բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն […] ...

Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

14:40 12.12.2024

Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

Այժմ Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին. Սկսելու համար երկիրը պետք է ուժեղ լինի, որպեսզի հակառակորդի հետ հավասար պայմաններում խոսի։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի, և այն ժամանակ կկարողանա հավասար պայմաններով խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ այն ամենը, ինչ հիմա […] ...

BACK_TO_TOP