14:22 11.11.2024
2025 թվականին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենալու Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկումը:
Հաշվի առնելով հարցի եւ մեր պատշաճ ներկայացվածության կարեւորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք աշխատանքներ է իրականացրել: Կազմակերպել ենք աշխատաժողովներ, որոնց ընթացքում պետական մարմինների, ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների, միջազգային գործընկերների, իրավասու եւ շահագրգիռ այլ անձանց ակտիվ մասնակցությամբ քննարկվել են Ազգային զեկույցում ներկայացվելիք առանձին հարցեր: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ բացման խոսքով հանդես գալով «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումների ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին:
Ռուստամ Բաքոյանի խոսքով Ազգային զեկույցում առանձնահատուկ տեղ ունի երեխայի իրավունքների վերաբերյալ հարցերի ներկայացումը:
«Երեխաները, հաշվի առնելով նրանց տարիքային եւ զարգացման առանձնահատկությունները, առավել խոցելի են իրենց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, հետեւաբար, երեխաների իրավունքները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններից է, եւ երեխաները մշտապես հանձնաժողովի գործունեության առանցքում են: «Նրանք պետք է լինեն յուրաքանչյուրիս առանձնահատուկ հոգածության եւ ուշադրության ներքո՝ նրանց հոգեբանական առողջ զարգացման, սոցիալական ներգրավման գործընթացը լավագույնս իրականացնելու, նրանց գիտելիքները, տաղանդը, կարողությունները, հմտությունները դրսեւորելու նպատակով հնարավորություններ ստեղծելու, նրանց իրավունքների խախտումները նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասել է նա:
Ելույթ ունենալով՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը նշել է, որ չնայած բազում մարտահրավերներին, որոնք եղել են վերջին հինգ տարիներին, Հայաստանը կարողացել է համապատասխանեցնել եւ ընդունել նոր օրենսդրական ակտեր ու ռազմավարություններ, որպեսզի խթանի երեխաների պաշտպանությունը եւ երաշխավորի կրթության հասանելիություն բոլորի համար, ներառյալ՝ փախստական երեխաները ԼՂ-ից: «Ես տեղյակ եմ, որ երիտասարդության վերաբերյալ նոր օրենքը պետք է կամ ակնկալվում է, որ խորհրդարանի կողմից կընդունվի մոտ ապագայում»,- նշել է նա: Ֆղանսուազ Ժակոբն անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Նա հավելել է, որ ՄԱԿ-ը Հայաստանում շարունակում է հանձնառությունը՝ աջակցել բոլոր համապատասխան պետական մարմիններին եւ ժողովրդի ներկայացուցիչներին՝ հասնելու համար կայուն զարգացման նպատակներին:
«Իրավունքների եւ հավասարության համար պայքարը երբեք չի ավարտվում»,- ընդգծել է Ֆղանսուազ Ժակոբը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նշել է, որ Արտաքին գործերի նախարարությունը՝ որպես ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Հայաստանի ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքները համակարգող գերատեսչություն, կարեւորում է երկրի օրենսդիր մարմնի ներգրավվածությունը եւ մինչ այս ընթացակարգն անցնելը հարցի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելը:
«Համընդհանուր պարբերական դիտարկումը մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի միջազգային հաշվետվողականության ապահովման տեսանկյունից ամենակարեւոր գործընթացներից է, եթե ոչ ամենակարեւորը»,- ընդգծել է փոխնախարարն ու անդրադարձել համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի մանրամասներին: Առաջին զեկույցի քննարկումը եղել է 2010 թվականի մայիսին, երկրորդինը՝ 2015 թվականին, երրորդինը՝ 2020 թվականին, եւ այժմ մեր երկիրը պատրաստվում է 2025 թվականի զեկույցին: Հայաստանի ներկայիս զեկույցը պետք է անդրադառնա դիտարկման երրորդ շրջանի ընթացքում երկրին տրված հանձնարարականներին: Հայաստանը 2020 թվականին տեղի ունեցած դիտարկման երրորդ շրջանի ընթացքում ստացել է 252 հանձնարարական, որոնցից 239-ն ընդունվել է: Դա 54 տոկոսով ավելին է, քան երկրորդ շրջանի ընթացքում է եղել: Մեր 3-րդ միջանկյալ զեկույցն ընդգրկում է մինչեւ 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածը:
«Համընդհանուր պարբերական դիտարկման շահեկան առավելություններից մեկն այն է, որ այս մշտադիտարկումը չի սահմանափակվում միայն Կառավարության ներգրավմամբ, այլեւ ներառում է պետական եւ հասարակական ոլորտների գրեթե բոլոր շահառուներին: Գործընթացում առանցքային դերակատարում ունեն հասարակական կազմակերպությունները եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը»,- փաստել է Վահան Կոստանյանն ու հավելել, որ Հայաստանի Հանրապետությունը զեկույցների ներկայացման հետ կապված չունի ժամկետանց որեւէ պարտավորություն, ակտիվ համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների, անկախ փորձագետների եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների այլ մեխանիզմների հետ:
Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հինգերորդ եւ վեցերորդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Այս ոլորտը բարելավելու եւ երեխաների իրավունքներն արդյունավետ ապահովելու նպատակով Հայաստանին տրվել են մի շարք հանձնարարականներ:
«Կոմիտեն գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը վավերացրել է Լանսարոտեի կոնվենցիան, ինչպես նաեւ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունները»,- տեղեկացրել է ԱԳ փոխնախարարը:
Արտաքին գործերի նախարարությունը մշակել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ու դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմը: ԱԳՆ-ն իրականացնում է նաեւ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները շարունակելու վերաբերյալ հանձնարարականները:
«Ընդհանուր առմամբ համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանին տրված հանձնարարականները կարելի է բաժանել հետեւյալ հիմնական ուղղությունների՝ միջազգային փաստաթղթերի ստորագրում եւ վավերացում, համագործակցություն ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների ու հատուկ ընթացակարգերի հետ, արդարադատության համակարգի բարեփոխումներ, խոցելի խմբերի իրավունքների ապահովում, գենդերային հավասարություն, պայքար կոռուպցիայի դեմ, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ապահովում, այդ թվում՝ անկախ եւ անկողմնակալ ընտրությունների անցկացում, խոսքի եւ հավաքների ազատություն, պայքար խոշտանգումների եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ»,- նշել է Վահան Կոստանյանը:
Որպես զեկույցի կատարման արդյունավետ գործիք՝ փոխնախարարը հիշատակել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների 2020-2022 եւ 2023-2025 թվականների ծրագրերը: Դրանք մշակվում եւ իրականացվում են Արդարադատության նախարարության գործընկերների կողմից: Նշվել է, որ Արտաքին գործերի նախարարությունը կարեւորում է նշված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ դիտարկելով դրանք որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների եւ ազգային առաջնահերթությունների իրականացման կարեւոր գործիք:
15:51 14.11.2024
Ինձ համար առաջնայինն այս ծանր պահին հավաքականի կողքին լինելն է. Սուրեն ՉախալյանՀայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը նախախաղային ասուլիսում խոսել է ազգային թիմը գլխավորելու որոշման ու Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպման մասին։ «Բոլորդ էլ գիտեք, որ այսօր Հայաստանի հավաքականը ծանր վիճակում է, և ես այդ որոշումը կայացրի նրա համար, որպեսզի հավաքականի կողքին լինեմ ծանր իրավիճակում, այլ ոչ […] ...
15:43 14.11.2024
Ադրբեջանի նախագահի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում․ ԲորելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում […] ...
15:33 14.11.2024
Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնումՀայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, […] ...
15:25 14.11.2024
Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանըՆախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […] ...
15:18 14.11.2024
Փորձելու ենք ուրախացնել երկրպագուներին. Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի մասինՀայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է ազգային թիմ վերադարձին ու խոսել խաղից իր սպասելիքների մասին: «Հիմա մտածում ենք առաջիկա 2 խաղերը հաղթանակով ավարտելու մասին: Դրանից հետո ֆեդերացիան կորոշի, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզիչը: Կապ չունի տվյալ մրցաշարում ինչ կարող ենք նվաճել: Միշտ մոտիվացիան մեծ է հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ […] ...
15:12 14.11.2024
Գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆԳրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ...