Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

17:14 10.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։

Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։

Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18):

Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։

Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։

Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP